Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՋՈՐԴԻՎ

Հուլիս 24,2002 00:00

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՋՈՐԴԻՎ Հենց որ բազմաթիվ քաղաքական ուժեր միաձայն պաշտպանեցին Վաղարշակ Հարությունյանին նախագահի կողմից նրա հասցեին արված անվայել արտահայտությունների համար, Ռոբերտ Քոչարյանը կատարեց հաջորդ քայլը՝ զրկեց մարդուն իր զինվորական կոչումից։ Սակայն պարզվում է, դրա համար հիմքերը նախապատրաստվել էին վաղուց։ Այս տարվա հուլիսի 3-ի շնչակտուր արտահերթերից մեկի ժամանակ ԱԺ-ն չհասցրեց նկատել, որ սեփական ձեռքով ընդունեց հակասահմանադրական հերթական օրենքը «Զինվորական ծառայության անցնելու մասին»։ Այդ օրենքի որոշ հոդվածները չէին կարող պատահաբար սպրդած լինել, քանզի նկատելի է, որ նախագահական թեւը շատ լավ նախապատրաստել էր իր քայլերը՝ կընդունվի օրենքը, հետո կսկսվի «կարգազանց» գեներալ-լեյտենանտների հետ հաշվեհարդարը։ Բոլորովին զարմանալի չէ, որ նախագահը նույնքան հեշտությամբ է մարդկանց զրկում իրենց տարիների վաստակից, որքան հեշտությամբ չարած բաների համար պարգեւատրում է նրանց։ Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետը միայն պարգեւատրումների, բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին է եւ ոչ թե հակառակի։ Ըստ այսօր գործող Սահմանադրության, եթե մեկը որեւէ նախագահի կողմից ստացել է զինվորական բարձրագույն կոչում, ապա ցմահ պահպանում է այդ կոչումը։ Սա ենթադրում է երկրի Գլխավոր օրենքը։ Իսկ եթե ամռան շոգից եւ Կանոնակարգ-օրենքի փոփոխությունների հոգսի տակ կքած մի անողնաշար խորհրդարան ընդունում է օրենք, որը հակասում է երկրի Գլխավոր օրենքին, ապա, դա արվել է հօգուտ նախագահի եւ նա էլ օգտվել է լիուլի։ Ըստ այդմ. «Զինվորական կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու եւ դրանից զրկելու կարգը» հոդված 29-ի 7-րդ կետը փաստում է. «…Պայմանագրային զինծառայողները զինվորական կոչումից զրկվում են դատարանի դատավճռով, բարձրագույն սպաները զինվորական կոչումից կարող են զրկվել նաեւ ՀՀ նախագահի հրամանագրով, իսկ մյուս զինծառայողները համապատասխան պետական լիազոր մարմնի սահմանած կարգով»։ Դե ի՞նչ, գնացքն արդեն գնացել է։ Նախագահ Քոչարյանի հրամանագրի շուրջ երեկ զրուցեցինք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանի եւ Արամ Սարգսյանի հետ։ Մեր զրուցակիցներն առայժմ միայն քաղաքական գնահատականներ տվեցին։ Արամ Սարգսյանն ասաց, որ նախագահ Քոչարյանը եւս մեկ անգամ անլրջացրեց երկիրն ու պետությունը, անլրջացրեց կայացած ինստիտուտները։ Արամ Սարգսյանն ասաց նաեւ, որ երկիրն ու պետականությունը փրկելու եւ ավելի լուրջ իմաստ տալու համար. «պիտի շահախնդիր եւ մեծամիտ մարդկանցից ազատվել։ Պետություն ղեկավարելն ավելի լուրջ գործ է, քան այսօր ունակ է Ռոբերտ Քոչարյանը»։ Նախկին վարչապետը փաստեց, որ մեծ են Վաղարշակ Հարությունյանի ծառայությունները երկրին եւ հայրենիքին. «իսկ ինչ վերաբերում է Վ. Հարությունյանի քաղաքական գործունեությանը, նաեւ՝ նրան, որ իբր բանակում գործերը վատ էին, պիտի ասեմ, որ եթե իրոք բանակում գործերը վատ էին՝ զգուշացումներ են տալիս, ոչ թե կոչումներ։ Եվ եթե նախագահը տվյալ իրավիճակում կոչումներ էր տալիս, ուրեմն բանակում գործերը լավ էին։ Եվ եթե Վ. Հարությունյանը զբաղվել է քաղաքականությամբ միայնակ, ուրեմն նրան, ընդհակառակը, պետք էր կոչում տալ, որովհետեւ ինքը բանակը զերծ է պահել քաղաքականությամբ զբաղվելուց»։ Ալբերտ Բազեյանը նշեց. «Ես չգիտեմ՝ ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվել Ռ. Քոչարյանն այս հրամանագիրը ստորագրելով։ Հավանաբար, մինչ այդ, նա հույս ուներ, որ Վաղարշակ Հարությունյանը շատերի նման կլռի, վարչախմբի ապօրինությունների դեմ սկզբունքային պայքար չի մղի մինչեւ վերջ։ Ռ. Քոչարյանը, հավանաբար, իրեն շատ խոցված զգաց, երբ Վ. Հարությունյանը սկսեց քաղաքական գնահատականներ տալ նրա գործելակերպին, նախ՝ Ղարաբաղի բանակցային գործընթացում Քոչարյանի մոտեցումների վերաբերյալ եւ հետո՝ «Հոկտեմբերի 27»-ից հետո Ռ. Քոչարյանի վարքագծի վերաբերյալ, ահաբեկիչներին պարբերաբար երաշխիքներ տալու առումով եւ այլն։ Չունենալով հակափաստարկներ Վաղարշակի հրապարակային քաղաքական գնահատականներին, Քոչարյանը գնաց այդ քայլին։ Դրանով նա ուզում է երկու խնդիր լուծել։ Նախ՝ փորձում է բանակի սպայական կազմին ցույց տալ՝ նրանց կոչումներն էլ են իրենից կախված։ Հաջորդը՝ քաղաքական դաշտը պառակտելու եւ փոշիացնելու փորձերից հետո Քոչարյանը փորձում է նաեւ բանակը, զինվորականությանը ներքաշել առճակատման, հակամարտության՝ չգիտակցելով, որ այդպիսով թուլացնում է բանակի հիմքերը»։ Ըստ Բազեյանի, իրենց խնդիրը մեկն է՝ Քոչարյանի իշխանությունը համարում են ապօրինի եւ ամեն ինչ անելու են, որ օր առաջ Հայաստանի ժողովուրդը ազատվի Քոչարյանի ապօրինի ռեժիմից։ Արդյո՞ք Վաղարշակ Հարությունյանի դեմ սկսված քոչարյանական քարոզարշավը չի հասնի նաեւ «Հանրապետություն» կուսակցություն եւ հաշվեհարդարներ չեն լինի ամբողջ կուսակցության դեմ։ Ա. Բազեյանը հիշեցրեց, որ նման բաները վաղուց են սկսված, հիշեցնելով «Արարատցեմենտի» ճակատագիրը, իր քաղաքապետության շրջանին վերաբերող ակնարկները եւ այլն։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել