Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալական պահածոների անհավանական արկածները Հայաստանում

Հուլիս 23,2002 00:00

Իտալական պահածոների անհավանական արկածները Հայաստանում Սպիտակ կովը՝ կարմիր «կաշվում» «Առավոտում» պարբերաբար անդրադարձել ենք Վանաձորի առեւտրի կետերում 2000թ. դեկտեմբերից վաճառվող (որպես մարդասիրական օգնություն ուղարկվող) իտալական արտադրության տավարի մսի պահածոների վաճառքին: Այդ հարցին անդրադարձել է նաեւ «Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» տեղեկագիրը: Թերեւս հրապարակումների արդյունքում Վանաձորի առեւտրի կետերում մթերքի այդ տեսակը զգալիորեն պակասեց, սակայն դրա փոխարեն այն սկսեց տարածվել նաեւ մայրաքաղաքում /«Բարեկամություն» մետրոյի գետնուղում, «Այրարատ» կինոթատրոնի մոտ գտնվող մթերային տոնավաճառում, ԳՈՒՄ-ի մոտակայքում/: Հուսանք, որ սա այն օգնությունը չէ, որի վերաբերյալ մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նիստերի առթիվ պաշտոնական տեղեկատվություններում ամփոփվում է. «Քննարկվեցին նաեւ առանձին բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաեւ այլ հարցեր»: Հետաքրքիր է, այդ բարեգործական բեռները օգնության այդ տեսակից «խաբրիկ մը» չունե՞ն: Առավել եւս հետաքրքիր է, թե այս ամենից տեղյա՞կ է արդյոք Հայաստանում Իտալիայի դեսպանատունը: Միգուցե այնտե՞ղ իմանան, թե կոնկրետ ինչ հասցեներով են առաքվում «Իտալիայի կառավարության եւ ժողովրդի նվերը» անգլերեն եւ հայերեն մակագրությամբ (կարմիր տուփ՝ սպիտակ կովի նկարով) պահածոները: Ի դեպ, այս պահածոների վաճառքի մասին շրջանառվող վարկածներից մեկն այն է, թե իբր դրանք օգնություն ստացող հիմնարկներն այդ կերպ փակում են իրենց բյուջեի ճեղքերը: Նշենք, որ սոցիալական համապատասխան մարմիններն օգնության այդ տեսակից երբեւէ չեն ստացել, այլ միայն՝ բուսական յուղ եւ ալյուր, երբեմն էլ՝ շաքարավազ: Հետեւաբար, օգնության հիշյալ տեսակը ներկրվում է այլ ճանապարհով: Եթե մինչեւ այս տարվա հուլիս ամիսը պահածոների գինը առեւտրի որոշ կետերում չէր անցնում 300 դրամից, ապա ընդամենը վերջերս առեւտրի որոշ կետերում դրանք հատեցին գների ընդունված սահմանը՝ հասնելով 400 դրամի: Թերեւս, տեղի է ունենում եռաստիճան վաճառք՝ տարբեր կարգի վաճառողների ձեռքը անցնելով: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել