Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անգլերեն վազողները հայերեն տոտիկ չեն անում»

Հուլիս 23,2002 00:00

«Անգլերեն վազողները հայերեն տոտիկ չեն անում» «Ես դեմ չեմ որեւէ ժանրի եւ որեւէ անհատական- գեղարվեստական մոտեցման, եթե այդ ամենը ճաշակի ու չափի մեջ է։ Ավելին, չեմ ընդունում կարծրացած, պահպանողական վիճակները։ Սակայն գտնում եմ, որ քայլելով ժամանակին համընթաց, պետք է հավատարիմ մնալ երգերի բնօրինակներին,- ասում է երգիչ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ Թովմաս Պողոսյանը։ – Ցանկալի է, որ մեր ժողովրդական, ազգային երգերը այնպես մշակվեն, որ հասկանանք, թե որ երգի մասին է խոսքը։ Թե չէ հաճախ լսում ենք երգերի մշակումներ, որոնց բնօրինակ- բնագիրը աղավաղված լինելու պատճառով չի կարդացվում»։ Թ. Պողոսյանը ցանկանում է, որ ժամանակակից էստրադան, մեր ազգային, աշուղական, հոգեւոր երգերը ունենան իրենց անհատական դեմքը։ Թե չէ, ըստ նրա, երբեմն հայ երիտասարդները երգում են անգլերեն կամ, ավելի ճիշտ, «վազում» են անգլերեն, այն դեպքում, երբ հայ երգի մեջ «տոտիկ» անել չգիտեն։ «Սերն աշուղական երգի նկատմամբ ժառանգել եմ ազգային երգարվեստի ավանդույթներով հագեցած մեր ընտանիքից, որտեղ գերակշիռ տեղ ուներ մեր աշուղական երգարվեստը,- պատմում է Թ. Պողոսյանը։- Ինձ համար բացառիկ երջանկություն էր 1971-ին արվեստագետ Վաղարշակ Սահակյանի ղեկավարած «Սայաթ-Նովա» նորակազմ երիտասարդական անսամբլն ընդունվելը, որտեղ առաջին անգամ հանդիսատեսին ներկայացա Սայաթ-Նովայի «Արի ինձ անգաջ կալ» եւ Շերամի «Զով գիշեր» երգերով։ Իսկ 1980-ին որպես մեներգիչ հրավիրվեցի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ, որտեղ աշխատում եմ մինչ օրս»։ Վ. Սահակյանի ղեկավարած անսամբլի լուծարումից 20 տարի անց՝ 1992թ., Թովմաս Պողոսյանը վերականգնել է Սայաթ-Նովայի անունը կրող անսամբլը, որը 1994-ից Հանրային ռադիոյի համակարգում է եւ ունի 200-ից ավելի երգ։ 1995-ին «Սայաթ-Նովա» անսամբլը ստեղծել է համանուն մշակութային միություն, որն էլ 97-ին բացել է Ջիվանու անունը կրող աշուղական դպրոց. «Սա դպրոց է պատանիների ու աղջիկների համար, իսկ ավագների համար՝ աշուղների միություն, որը 5 տարի հյուրի կարգավիճակով գործում է Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի շենքում՝ ակնկալելով համապատասխան մարմինների ուշադրությունը։ Նպատակը մեկն է՝ պատրաստել մեզ փոխարինողներ, որպեսզի այս խայտաբղետ երաժշտական միջավայրում պահպանվի հայ աշուղական երգեցողությունը եւ փոխանցվի սերունդներին։ Ջիվանու դպրոցը միավորում է շուրջ 100 պատանիների ու աղջիկների, ինչպես նաեւ 40-ից ավելի աշուղների»։ Թ. Պողոսյանից տեղեկացանք նաեւ, որ մեկ տարի առաջ ստեղծվել է Աշուղագիտական կենտրոն, որի նպատակն է աշուղական արվեստի ողջ ժառանգությունը հավաքելն ու մեկտեղելը՝ հետագայում ժողովածուների տեսքով հրատարակելու համար։ Իսկ այս տարվա հունվարին ստեղծվել է «Հայ աշուղներ» անսամբլը, որը ղեկավարում է երիտասարդ աշուղ Հովերը։ Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Թ. Պողոսյանը ասաց. «Աշնանը կշարունակվեն մեր աշխատանքի անբաժան մաս կազմող Ջիվանու դպրոցի հերթական հաշվետու համերգները, ինչպես նաեւ «Սայաթ-Նովա» անսամբլի եւ անհատ կատարողների համերգները։ Մտադիր ենք աշնանը աշուղների ձեռնադրություն կատարել, քանզի այսօր բազմաթիվ աշուղներ, տիրապետելով այդ արվեստի դասական կանոններին, չունեն աշուղի վկայական։ Մինչ տարեվերջ երաժշտասերներին կնվիրեմ իմ երկրորդ՝ «Սիրո աղոթք» ձայնասկավառակը, որ բացկացած է ժողովրդական ու աշուղական երգերից»։ Ի դեպ, օրերս լույս է տեսել 19-րդ դարի գյումրեցի նշանավոր բանագետ, բանահավաք Արշակ Բրուտյանի «Ռամկական մրմունջներ» ժողովածուի երկրորդ հատորը, կազմված վերջինիս թոռնուհու՝ Մարգարիտ Բրուտյանի կողմից, որի խմբագիրներից մեկը հայ աշուղական երգարվեստի նվիրյալ, երգիչ Թովմաս Պողոսյանն է։ Ընթերցողին տեղեկացնենք, որ երգիչ Թովմաս Պողոսյանը կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի աշակերտն է, ում շնորհիվ եւ ընկերակցությամբ էլ շրջել է Հայաստանի տարբեր շրջաններում եւ թերթել հայ երգի հազարամյա մատյանները։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել