Քաղաքապետարանը ահազանգեր է ստանում Գործում է 1-08 ծառայությունը Այս ծառայությունը հիմնվել է 1993-ին՝ այն ժամանակվա Երեւանի քաղաքապետ Վահագն Խաչատրյանի նախաձեռնությամբ։ 93-ին բազմաթիվ էին առիթները, երբ երեւանցիներին հարկավոր էր իշխանությունների միջամտությունը՝ փողոցներում թափառող կենդանիներին վերացնելուց մինչեւ հովհարային էլեկտրամատակարարման վերականգնում։ Ստեղծվեց մի ծառայություն, որը գրանցում էր բոլոր ահազանգերը եւ ձեռնարկում միջոցներ։ Ծառայությունը քաղաքապետարանի ստորաբաժանում է, ունի 8 աշխատակից։ 4 հերթապահից յուրաքանչյուրը գրանցում է 24172ժամյա իր հերթապահության ընթացքում ստացվող բոլոր ահազանգերը, հետադարձ հեռախոսազանգով ճշտում՝ արդյո՞ք ահազանգը անանուն չէ, եւ ընթացք տալիս։ Ներկայումս 1-08 ծառայությունը առավել արդյունավետության հասել է ջրամատակարարումների խափանումները վերացնելու ուղղությամբ։ Բնակիչներից ստացվող ահազանգերը հաղորդվում են համապատասխան թաղապետարան եւ արդյունքները մեկ ամիս վերահսկվում։ Յուրաքանչյուր օրվա դիմաց, երբ ջրամատակարարումը դեռ վերականգնված չէ, մատյանում արվում է գրառում պատճառների մասին։ Վերականգնումից հետո եւս 1-2 ստուգում է լինում։ Այս խնդրում արդյունավետությունը հնարավոր է եղել ապահովել Քաղաքապետարան-Ջրային տնտեսության պետական կոմիտե համագործակցության շնորհիվ։ Հատկապես Երեւանի արվարձանների բազմահարկերի բնակիչների համար 1-08-ը անփոխարինելի է։ Այն լավագույնս կարգի է հրավիրում ջրմուղ ծառայության տեղական ստորաբաժանումներին։ Որոշ ահազանգերի ընթացք տրվում է հեռախոսագրի տեսքով։ Ասենք, մեր ներկայությամբ մի քաղաքացի զանգահարեց եւ հայտնեց, որ Դավիթաշենի մի թաղամասում, «Սուփրա» կոչվող խանութի մոտ պատ է կառուցվում, որը փակում է հարակից շենքի բնական լույսը։ Ահազանգը ճշտելուց հետո լրացվեց հեռախոսագրի բլանկ եւ անմիջապես զեկուցվեց քաղաքապետի աշխատակազմի ղեկավար Մուշեղ Կոշեցյանին։ Հեռախոսագրի բովանդակությունը Դավիթաշենի թաղապետին իջեցվող կարգադրությունն էր՝ սահմանված ժամկետում /2օր/ ծանոթանալ իրադրությանը եւ զեկուցել։ Կան դեպքեր, երբ շինարարությունը դադարեցվել է, որովհետեւ անօրինական է եղել։ Ցավոք, օպերայի կանաչապատ տարածքներում կառուցվող սրճարանները, հակառակ տրամաբանության եւ երեւանցիների ցանկության, անօրինական չեն։ Դրանց մասին 1-08 նույնպես զանգահարում են։ Սակավաթիվ դեպքերից է, երբ՝ ապարդյուն։ Ապարդյուն են եւ այն դեպքերը, երբ զանգահարում են 1-08 եւ խնդրում օգնել ապրել: Մնացյալ դեպքերում, երբ խնդիրը վերաբերում է ոչ հռետորական հարցադրումների կամ իշխանության կամայականությունների, այլ որոշակի կենցաղային խնդիրների, նույնիսկ տարիներով լուծում չգտած խնդիրների, 1-08-ի միջամտությունը կարգավորում է իրավիճակը: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ