Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՐԱԿԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ

Հուլիս 23,2002 00:00

ԻՐԱԿԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ Մասնագետները գործարքն անօրինական են համարում Ինչպե՞ս է գոյացել Հայաստանի պարտքը Ռուսաստանին։ Գազամատակարարման դիմաց կուտակված պարտքերը մարվել են Հայաստանի գազամատակարարման համակարգի վերահսկիչ փաթեթը՝ բաժնետոմսերի 55%-ը ռուսական ընկերություններին վաճառելու միջոցով։ «Գազպրոմը» ներդրումների փոխարեն խոստացել էր 4 տարի շարունակ անվճար գազ մատակարարել Հայաստանին։ Մասնագետները նշում են, որ «գույք՝ պարտքի դիմաց» այդ (առաջին) գործարքն էլ կատարվել է երկրում գործող օրենսդրության կոպիտ ոտնահարումով։ Նախ, պետք է մասնավորեցվեր գազամատակարարման համակարգը, միջազգային աուդիտի ընկերությունների կողմից սահմանվեր համակարգի արժեքը եւ այն ներառվեր մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկի մեջ։ Մրցութային կարգով պետք է սահմանվեին գնորդ ընկերությունների ներդրումների չափերը։ Անօրինական կարգով գազամատակարարման համակարգի գին էր սահմանվել, այսպես ասած, աչքաչափով եւ դրա բաժնետոմսերի 45%-ը տրվել է «Գազպրոմին», 10%-ը՝ Իտեռային։ ՀՀ ֆինանսների նախարարությունը իր գործունեության թափանցիկությունը ապահովելու նպատակով 2001թ. հրատարակել է ՀՀ արտաքին պարտքի մասին տեղեկագիր։ Սույնից հայտնի է դառնում, որ Ռուսաստանի Դաշնությունը ՀՀ-ին է տրամադրել ընդամենը երեք վարկ (առ 4.09.2001թ. տվյալներով)։ Երեքն էլ ՀԱԷԿ-ի համար միջուկային վառելիք գնելու եւ ատոմակայանի անվտանգության աշխատանքները իրականացնելու նպատակով։ Առաջին վարկը տրամադրվել է 1996թ. օգոստոսի 23-ին։ Վարկի չափը՝ 17,2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար (ՌԴ ռուբլի)։ Վարկի հիմնական գումարի մարման ժամկետ է սահմանվել 1998թ. մարտի 1-ից մինչեւ 2002թ. դեկտեմբերի 1-ը։ Երկրորդ վարկը՝ 15,3 մլն ԱՄՆ դոլար, տրամադրվել է 1997թ. օգոստոսի 29-ին՝ 12 տարի մարման ժամկետով։ Պարտքի վճարումը՝ 2000թ. մարտի 20-ից։ Երրորդ վարկը տրամադրվել է 1998թ. դեկտեմբերի 16-ին։ Վարկի չափը՝ 20,57 մլն դոլար։ Մարման ժամկետը՝ 9 տարի։ Հիմնական գումարի մարումը սահմանված է 1.03.2003-ից մինչեւ 1.12.2008թ.։ Ինչպես նշվեց, ըստ տեղեկագրի, Ռուսաստանի կողմից Հայաստանին մինչեւ 2002թ. այլ վարկեր չեն տրամադրվել։ Ստացվում է, որ ՌԴ-ից ՀՀ-ն մինչեւ այս տարվա սկզբները 53,07 մլն ԱՄՆ դոլարի վարկեր է վերցրել, որոնց մի մասը, բնականաբար, մարել է։ Այդ դեպքում ինչո՞ւ է խոսվում ՌԴ-ին ՀՀ-ի ունեցած շուրջ 100 մլն դոլարի պարտքի մասին։ Հիշենք, որ էներգետիկայի պատասխանատուները այս տարի մի շարք անգամ նշել են, որ միջուկային վառելիքի եւ գազամատակարարման պարտքերը ըստ ժամանակացույցի մարվում են։ Բացի այդ, ռուսական պարտքերի մարման ժամկետները դեռ չեն անցել։ 17,2 մլն դոլարի մարման ժամկետը դեկտեմբերի 1-ն է, մնացած 36 մլն դոլարինը՝ 2008-2012 թվականները։ ԱՊՀ մի շարք երկրների պարտքերի մարման ժամկետները վաղուց անցել են, սակայն նրանցից եւ ոչ մեկին Ռուսաստանը «ուլտիմատում» չի ներկայացրել եւ չի պահանջել իրենց երկրների ռազմավարական նշանակության օբյեկտները վաճառել պարտքերի դիմաց, այն էլ չափազանց էժան գներով։ Տնտեսական իրավագիտության գծով մասնագետները նշում են, որ «գույք՝ պարտքի դիմաց» այս 2-րդ գործարքն էլ Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան զույգը կնքեց գործող օրենսդրության բացահայտ անտեսումով։ Չկրկնվելու համար նշենք, որ Ռուսաստանին պարտքի դիմաց չորս օբյեկտների օտարումը պետք է կատարվեր վերեւում արդեն նշված կարգով։ Փորձագետներ Հ. Աղաջանյանը եւ Ա. Արիստակեսյանը նաեւ նշում են, որ փոխանցած օբյեկտները շատ ցածր են գնահատվել։ Միայն Հրազդանի ՋԷԿ-ի արժեքը նկատելիորեն բարձր է 4 օբյեկտների համար «աչքաչափով» սահմանված 100 մլն դոլար արժեքից։ ՀԱՅԿ ԹՈՐԳՈՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել