Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍԸ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

Հուլիս 23,2002 00:00

ՀՈՒՅՍԸ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» սպառողների հայցի քննության դատական առաջին իսկ նիստը վկայեց, որ թեեւ նախագահ Քոչարյանը միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների անընդհատ խոստանում է կարգավորել այս երկու հեռուստաընկերությունները դարձյալ եթեր վերադարձնելու խնդիրը, գործնականում ներքին հրահանգը դատական ատյաններին չի փոխվել եւ, ըստ ամենայնի, ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես մինչ այդ խոստումներն էր։ Սակայն սպառողների ներկայացուցիչ Աշոտ Բլեյանի հետ զրույցից պարզեցինք, որ իրենց իրավունքների պաշտպանության հարցում նրանք հույսն արտերկրի վրա չէ, որ դրել են։ «Անկախ պետություն ենք,- ասաց պրն Բլեյանը։- Ես հարգում եմ եվրոպական եւ այլ կառույցները, բայց այդ կառույցներին իրապես մաս կազմելու, եվրոպական չափանիշներով, արժեքներով ապրելու գրավականը ես համարում եմ մե՛ր քաղաքացիների վճռականությունը։ Արդյունավետ իրավական ինքնապաշտպանությունն այդ չափանիշների առանցքն է։ Ես ուզում եմ հասկանալ՝ քանի՞ սպառող ունեն «Ա1+»-ն ու «Նոյյան տապանը», ինչպե՞ս հաշվել նրանց։ Քաղաքացիական հասարակությունում բոլո՛ր սպառողները պիտի պատրաստ լինեն իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանությանը, ընդ որում՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով։ Այդ իրավունքների պաշտպանության հանրահավաքային փուլն ավարտված է, այն արդյունք չտվեց՝ տարբեր պատճառներով։ Հիմա եկել է սպառողների իրավունքների պաշտպանության երկրորդ փուլը՝ իրավական, դատական միջոցներով պաշտպանությունը։ Եվ այստեղ նորից հարց է առաջանում. քանի՞ սպառող ունեն «Ա1+»-ը եւ «Նոյյան տապանը։ Իսկ դրա համար մի հնարավորություն կա. որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ միանալ մեր դիմումին՝ ապացուցելու համար, որ դատարանի հնարավոր որոշումն անմիջապես առնչվում է մեր իրավունքներին եւ շահերին։ Եվ հավատացնում եմ՝ այս դեպքում ցանկացա՛ծ դատավորի, ցանկացա՛ծ իշխանության դեպքում հարցը լուծվելու է»։ Ա. Ի. Հ. Գ. Ի դեպ, «Տանիք» իրավապաշտպան կազմակերպությունը երեկ մի հայտարարություն է տարածել, որով ՀՀ-ում արտասահմանյան դեսպանատներին, դիվանագետներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցել այսօր կայանալիք դատավարությանը՝ հույս հայտնելով, որ նրանց մասնակցությամբ հնարավոր կլինի ապահովել արդարադատությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել