Ավանտյո՞ւրա «Հայոց Տուն» միության նախագահ Վարդան Պետրոսյանը ծեծի է ենթարկվել ոչ թե Արաբկիրի ՆԳԲ-ում, այլ իր ծանոթի կողմից: «Հայոց Տուն» միության նախագահ, «Հայոց Տուն» թերթի գլխավոր խմբագիր Վարդան Պետրոսյանին ՆԳ Արաբկիրի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել ոստիկանություն: Մեր ունեցած տեղեկություների համաձայն, ոստիկանները վաղ առավոտյան ներխուժել են Վարդան Պետրոսյանի բնակարան եւ ծեծի ենթարկել նրան, որից հետո միայն տարել ՆԳ բաժին։ Ժամը 16:30-ի տվյալներով՝ Վարդան Պետրոսյանը Արաբկիրի ՆԳ բաժնի հետաքննիչների կողմից հարցաքննվելուց հետո, հետաքննիչ Աշոտ Հակոբյանի հետ դուրս է եկել բաժնից: Այլ մանրամասներ պարզել չհաջողվեց ոչ Արաբկիրի ՆԳ բաժնից, ոչ ՆԳՆ լրատվական ծառայությունից»,- սա այն հաղորդագրությունն է, որ հուլիսի 20-ին տարածել էր «Ա1+»-ը: Խոստովանենք, որ տեղի ունեցածն այդ նկարագրությամբ ինքնին զարհուրելի է եւ առաջին մեկնաբանությունը, որ դրան կարելի է տալ, այն է, ինչ արել էր «Ա1+»-ը՝ «Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը առաջիններից է, ով հրապարակայնորեն հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ կասկածում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Ավելին, «27»-ի ոճրագործությունը եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող վտանգը չկանխելու համար դատի տվեց ՀՀ նախագահին եւ ԱԱ նախկին նախարար Սերժ Սարգսյանին»: Իսկ երեկ «իրազեկ» աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ Վ.Պետրոսյանին, իբր, ազատ են արձակել, եւ նա տանն ապաքինվում է: Համենայնդեպս, եղածն այդպես էր ներկայացրել ինքը՝ Վ.Պետրոսյանը: Մեր ճիգերը՝ ճշտել վերջինիս տան հասցեն կամ հեռախոսահամարը անմիջապես նրա հետ զրուցելու համար, ապարդյուն էին: Ավելի ուշ ՆԳՆ լրատվական ծառայությունից պարզեցինք հետեւյալը. հուլիսի 20-ին, ժ.11-ին Վարդան Վահագնի Պետրոսյանը ներկայացել է Արաբկիրի ՆԳ բաժին եւ հայտարարություն տվել այն մասին, որ իր ծանոթը՝ Արթուր Գրիգորյանը, իրեն ծեծի է ենթարկել: ՆԳ բաժնում նրան դատաբժշկական փորձաքննություն անցնելու համար ուղեգիր են տվել եւ ուղեկցել դատական բժշկի մոտ: Ըստ ՆԳՆ լրատվական ծառայությունից ստացված տեղեկությունների՝ փաստի առիթով կատարվում է հետաքննություն: Իսկ թե ինչու էր Վ.Պետրոսյանն իր հետ կատարվածի մասին, մեղմ ասած, ապատեղեկատվություն տարածել եւ լրատվամիջոցներին ու քաղաքական գործիչներին մոլորության մեջ գցել, մնում է միայն ենթադրել. թերեւս, նրան պակասել է շատ կարեւոր գործիչ լինելու համբավը: Ն. Մ.