Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԱՍՈՒՄ, ԹԵ ԵՐԿՐՈՒՄ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ ԿԱ

Հուլիս 23,2002 00:00

Ո՞Վ Է ԱՍՈՒՄ, ԹԵ ԵՐԿՐՈՒՄ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ ԿԱ Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը բավականին ուշացումով եւ բավականին դժվարությամբ ըմբռնեց, որ իր գլխավորած խմբակցության անդամին ծեծել են։ Նա հասցրեց նաեւ, իր խոսքերով՝ «ինքնուրույն վերլուծություն» կատարել եւ «փաստարկներ ձեռք բերել, որ ՆԳ համակարգի պատասխանատուի կողմից սահմանադրական նորմ է խախտվել, եւ նա պետք է պատժվի»։ Մի բան, որն ավելի արագ հասկացել էր ՀՀԿ նախագահ վարչապետը։ Կուսակցության մյուս լիդերը՝ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀԿ անդամ Գեւորգ Հակոբյանի ծեծվելու օրերին բացակայում էր քաղաքից։ Երեկ մենք փորձեցինք ճշտել պրն Թորոսյանի կարծիքը վերոհիշյալ անցուդարձի եւ, ըստ այդմ, Հանրապետական կուսակցության պահվածքի վերաբերյալ։ ԱԺ փոխնախագահը միանշանակ հայտարարեց, որ ինքը չի ընդունում պատգամավորի հետ կապված միջադեպի մանրամասները. «Որեւէ մեկը իրավունք չուներ, խախտելով Սահմանադրությունը եւ օրենքները, պատգամավորի դեմ քայլեր անել։ Նախարարները, պատգամավորները փոխվում են, բայց պաշտոնները մնում են։ Դրանք երկրի համար կարեւոր պաշտոններ են, եւ պետք է հարգանք լինի այդ պաշտոնների նկատմամբ։ Այս առումով, կարծում եմ, պետք է խստագույնս պատժվեն այն անձինք, ովքեր ոտնահարում են Սահմանադրությունը եւ օրենքները, առավել եւս, երբ վարկաբեկում են պետական կառույցները։ Ինչ վերաբերում է կատարվածի արձագանքներին, ապա, ես կարծում եմ, ճիշտ կլիներ (իմ ընկերներին էլ եմ ասել արդեն), որ ավելի կազմակերպված եւ ավելի նպատակասլաց լիներ արձագանքը։ Ոչ թե ցաքուցրիվ, կիսատ-պռատ»։ Այսինքն, պրն Թորոսյանն արդյո՞ք նկատի ունի, որ Հանրապետականը պետք է հայտարարություն աներ կատարվածի վերաբերյալ. «Կարծում եմ, նախ պետք էր խորհրդակցել միմյանց հետ, գտնել լուծումները եւ փորձել իրականացնել այդ լուծումները, առանց խուճապի, առանց դիմումներ գրելու (ընթերցողին հիշեցնենք, որ մի քանի ՀՀԿ անդամ պատգամավորներ դիմում էին գրել խմբակցությունից դուրս գալու մասին- Մ. Ե.), որովհետեւ համոզված եմ, ՀՀԿ-ն ունի այսօր անհրաժեշտ հնարավորություններ՝ ցանկացած, այդ թվում նաեւ՝ նման խնդիրներ լուծելու»։ ՀՀԿ փոխնախագահը գտնում է, որ կարեւորն այն է, որ ճիշտ լուծում գտնվի եւ որ նման բաներ չկրկնվեն։ Ըստ մեր աղբյուրների, Աշոտ Գիզիրյանին, այնուամենայնիվ, պաշտոնանկություն է սպառնում, եւ պարզապես չէինք կարող Տիգրան Թորոսյանին չհարցնել՝ եթե տուժողը չլիներ ՀՀԿ անդամ, արդյո՞ք գործադիր իշխանությունն իրականացնող կուսակցությունը նույնքան հետեւողական կգտնվեր. «Այո, որովհետեւ պատգամավորը պատգամավոր է՝ անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ իշխանության մեջ եղող կուսակցությանը պատկանելուց։ Չպետք է վարկաբեկվի ընդհանրապես «պատգամավոր» հասկացողությունը։ Սա է ամենակարեւոր խնդիրը։ Եթե հիշում եք, սեպտեմբերի 26-ին (1969թ.) շատ տհաճ բաներ տեղի ունեցան ե՛ւ դահլիճում, ե՛ւ դահլիճից դուրս։ Ցավոք, ժամանակին դա իր հետեւից բերեց նաեւ այլ երեւույթներ, որովհետեւ, ի վերջո, այն ժամանակ իշխանություններն իրենց մեջ ուժ չգտան խոստովանելու, որ դա սխալ քայլ էր։ Ես հուսով եմ, որ այս դեպքում մարդիկ կպատժվեն, եւ դա հնարավորություն կտա, որ հետագայում այլեւս չկրկնվի այդ ամենը։ Եվ նաեւ հասարակությունը պետք է տեսնի, որ երկրում կարգուկանոն կա, եւ օրենքի առաջ պատասխանատու են բոլորը, այդ թվում նաեւ՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչները»։ ԱԺ փոխնախագահն այն կարծիքին է, որ սեպտեմբերին խորհրդարանական մեծամասնությանը որեւէ պառակտում չի սպառնում։ Իսկ ԱԺ հնարավոր լուծարման վերաբերյալ մեր հարցին պրն Թորոսյանը հարկ համարեց պատասխանել թվաբանական գործողությամբ, նաեւ՝ հիշեցնելով Սահմանադրությունը, ըստ այդմ. «Կա Սահմանադրություն, եւ կան օրենքներ, որոնք ասում են, որ ընտրություններից վեց ամիս առաջ ՀՀ նախագահը չի կարող խորհրդարանը լուծարել։ Իհարկե, կա նաեւ խնդրի մյուս կողմը՝ որեւէ լուրջ հիմք չկա ԱԺ-ն լուծարելու։ Նախ՝ զուտ տեխնիկական առումով հնարավոր չէ, որովհետեւ դա պիտի արվի օգոստոսի ընթացքում (եթե արվի), ապա՝ մի քիչ անհեթեթ բան է խորհրդարանը լուծարել, երբ արձակուրդում է։ Որոշ մարդիկ խոսում են նաեւ սեպտեմբերի մասին։ Ուղղակի պետք է չմոռանալ թվաբանությունը։ Ցավոք, վերջին շրջանում, երբ կրքերը շատ են բորբոքվել, մարդիկ թվաբանությունն էլ են մոռանում, եթե մինչեւ վեցը հաշվեն եւ հետ գան, կտեսնեն, որ ընդհանրապես հնարավոր չէ լուծարումը»։ Պրն Թորոսյանի հետ զրույցից հետո մի փոքրիկ թվաբանական գործողություն կատարեցինք եւ հաշվեցինք, որ եթե նախագահի լիազորությունների վերջնաժամկետ հաշվվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը՝ մարտի 30-ը, իսկ աշնանային նստաշրջանը իր աշխատանքները կսկսի սեպտեմբերի 2-րդ երկուշաբթի (սեպտեմբերի 9-ին), ապա նախագահը բոլ-բոլ ժամանակ ունի ԱԺ լուծարման համար։ Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ Հ. Գ. Վենետիկի հանձնաժողովի գնահատականների, սահմանադրական բարեփոխումների ուշացման եւ մահապատժի վերաբերյալ հարցերին կանդրադառնանք առաջիկա համարներից մեկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել