Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

5-ամյա

Հուլիս 20,2002 00:00

5-ամյա հեռախոսացավ Ոչ մեկիս համար նորություն չէ, որ թեեւ ժողովուրդն ունի իրավունքներ եւ պարտականություններ, այնուամենայնիվ, նրա համար բացառված է պարտք ունենալու իրավունքը (դա միայն պետության եւ որոշ չինովնիկների մենաշնորհն է), այլապես նրան կարող են պատժել, ազատազրկել՝ ամեն կերպ ստիպելով փակել պարտքը։ Դեռ «լույսի մարդու» հետ կարող ես լեզու գտնել, որ մի երկու օր համբերի, իսկ «ԱրմենՏելն» այս առումով «անհողդողդ պարտաճանաչ» է։ Այլ հարց է, թե պարտքը մուծելուց հետո ե՞րբ է վերականգնվում հեռախոսակապը։ Այսպես, օրինակ, նախորդ ամիս իմ տան հեռախոսակապը վերականգնվեց ամսավճարը մուծելուց 30 ժամ հետո, իսկ բջջային կապը՝ 68 ժամից (ուրբաթից մինչեւ երկուշաբթի)։ Ի՞նչ է ստացվում. «ԱրմենՏելը» իրավունքներ ունի, իսկ պարտականություններ՝ ո՞չ, թե՞ կարող է կապը վերականգնել, երբ իրեն հարմար է։ Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում գործում է օրենք, համաձայն որի, վճարման դիմաց սպասարկում չստացած յուրաքանչյուր րոպեի համար սպասարկող ֆիրման «կլորիկ» տուգանքներ է վճարում տուժող կողմին։ Հորդառատ անձրեւից հետո (գարնանային մի պայծառ օր) զանգահարելու համար վերցնում եմ լսափողը, իսկ գծում լսվում է հարեւանուհուս ձայնը, որը ողբերգական տոնով իր բարեկամներից մեկին տեղեկացնում էր իրենց սուղ վիճակի մասին։ Հաջորդ օրը «գծակից» հարեւանս փոխվել էր, եւ, մինչ համառորեն կոդն էի հավաքում (անիմաստ չարչարանք), ակամայից տեղեկացա, թե հարեւանուհիս ինչ «վերաբերմունք» է ցույց տվել դպրոցի տնօրենին, որպեսզի աղջիկը բարեհաջող ավարտի դպրոցը։ Այդ հարեւանուհուս աղջիկը այժմ երկու տարեկան երեխա ունի, իսկ մենք շարունակում ենք պարբերաբար տեղեկանալ արդեն հարս ու սկեսուրի առօրյա «խոսք ու զրույցին»։ Չցանկանալով առաջնորդվել «մի բուռ հայ ենք, բա չիմանա՞նք իրար քեֆ, հալ» սկզբունքով, հենց առաջին օրն իսկ տեղեկացրի թիվ 47 ԱՀԿ-ի (ATC) տնօրեն Սուրեն Պողոսյանին։ Վերջինիս ուղարկած մասնագետները բարեխղճորեն ստուգեցին գծերը եւ գտան, որ «լյուկը անձրեւաջուր է լցվել, կաբելները թրջվել են եւ քանի որ դրանք հին ու մաշված են, իրար են միացել»։ Տնօրենը պատճառաբանելով միջոցների սղությունը, խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում կաբելները փոխել։ «Առաջին իսկ հնարավորությունը» ձգվում է շուրջ 5 տարի ու ես պարտադրված եմ ամեն օր լսելու մեր շենքի որեւէ հարեւանի անհարկի բառերով համեմված խոսակցությունները։ Չմոռանամ ասել, որ այս ժամանակահատվածում «գծակից» հարեւաններիցս մեկը ընտանիքով արտագաղթել է Իսպանիա, երկրորդը՝ Մոսկվա, երրորդը՝ Սիբիր, սակայն դրանով էլ հարցը չլուծվեց, քանի որ վերջերս հարեւաններիցս մեկը ինձ «աչքալուսանք» տվեց, թե արդեն իրենք էլ են մեզ «գծակից» դարձել եւ հեռախոսային խոսակցություններից լավատեղյակ են մեր տան անցուդարձին։ Վերջում ուզում եմ տեղեկացնել, որ կապի հանգույցի տնօրենին խնդրի վերաբերյալ իմ բազմաթիվ հիշեցումներից վերջինը այս տարվա մարտին էր եւ նա խոստացել էր երեք օրվա ընթացքում լուծել այն։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել