Գողացվել է ապրելուս իրավունքը Բաց նամակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Արդեն հինգերորդ տարին է, ինչ գտնվում եմ մահապարտների խցում։ Այստեղ հայտնվելուս պատճառները ոչ այնքան կապված են կատարածս հանցանքի հետ, որքան դատական իշխանության կողմից՝ շատ թե քիչ գործող, օրենքների արհամարհման եւ չկատարման հետեւանքով։ Ես որեւէ մեկից չեմ խլել իրեն տրված ապրելու իրավունքը, սակայն Հայաստանի գերագույն դատարանը իր կեղծ եւ շինծու դատավճռով բռնացավ իմ ապրելու իրավունքի վրա։ Նախաքննության եւ ապա դատաքննության ողջ շրջանը իր մեջ պարունակում էր ոչ միայն ստի, կեղծիքի եւ չարության աննկարագրելի մթնոլորտը, որը վարագուրված էր օրենքի, օրինականության եւ ժողովրդավարության թանձր շղարշով, այլեւ բացակայում էր մարդուն մարդ պահելու գիտակցումի հասկացությունը։ Ամենայն պատասխանատվության գիտակցումով պատրաստ եմ կրելու իմ պատիժը, իմ կատարած հանցանքի պատիժը, օրենքով նախատեսած ինձ հասանելիք պատիժը։ Բայց ոչ երբեք որոշ դատավորների ու դատախազներին հասանելիք պատիժը։ Հինգ տարի անընդմեջ, գործը հետաքննության ուղարկելու նպատակով, բողոքարկել եմ ՀՀ իշխանական տարբեր ատյաններ, վավերագրելով մի շարք ապացույցներ եւ փաստարկներ, սակայն միշտ էլ բողոքներս հանձնվել են ինձ մեղադրող դատախազին, որից էլ բազմիցս ստացել եմ նորանոր մեղադրանքներ, որոնք անգամ բացակայում են ինձ ներկայացված մեղադրականի մեջ։ Արդյո՞ք այս հանգամանքը ես պիտի ընդունեմ որպես անձիս դեմ ճնշում, ինչը հետապնդում է իմ չբողոքարկելու նպատակը։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մահապարտներիս խցում գտնվողներից շատերը նույն բռնությունների, օրենքների անկատարելիության ու միտումների հետեւանքով են նետվել կառափնարան, ապա դատաիրավական համակարգի բարեփոխումները միգուցե երաշխիք դառնան ապագա անօրինականությունների ու բռնադատությունների դեմ պայքարի, սակայն ոչ երբեք իբրեւ անցյալի սրբագրումների։ Այս համայնապատկերը ամբողջացնելու համար մեջբերեմ ՀՀ զինվորական դատախազին ուղղված հարցը, մեկ այլ մահապատժի դատապարտված՝ Արթուր Մկրտչյանի կապակցությամբ, որին պրն Ջհանգիրյանը կենտրոնական ռադիոեթերով հայտարարեց. «Եթե ինքը չի սպանել, ուրեմն թող ասի ով է»։ Արդյո՞ք այս տրամաբանությամբ կարելի է արձանագրել, որ մինչեւ օրս կատարված բոլոր չբացահայտված սպանությունները իրականացրել է պրն Ջհանգիրյանը, իսկ եթե ինքը չի սպանել, ուրեմն թող ասի՝ ով է։ Սակայն մահապարտների խցում, հիվանդությունների ու ընդհանուր տկարությունների առկայությամբ սպասել լավ օրվան՝ այլեւս հնարավոր չէ։ Չէ՞ որ այն մահացած տասնմեկ մահապարտներից շատերը, մինչեւ վերջին օրը հուսալով՝ սպասեցին այդ օրվան։ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ Մահապատժի դատապարտյալ