ՍԻՐՈ ՈՒ ԽԱՉԻ ԶԻՆՎՈՐԸ Երեկ Գրողների միությունում կազմակերպվել էր երիտասարդ բանաստեղծ, զոհված ազատամարտիկ Աղվան Մինասյանին նվիրված հուշ-երեկո։ Դեռ տարիներ առաջ՝ 1993-ին, Սիսիան կատարած այցելության ժամանակ Վազգեն Սարգսյանը Իգնատ Մամյանին ներկայացնելով վաղամեռիկ բանաստեղծին՝ ասել էր. «Աղվան Մինասյանը մի հանճարեղ պատանի էր, հրաշալի բանաստեղծ, մեր ժամանակի Միսաք Մեծարենց։ Ափսոս, որ զոհվել է մեծարենցյան տարիքում՝ 22 տարեկանում»։ Նրա առաջին գիրքը՝ Թադեւոս Տոնոյանի խմբագրմամբ եւ առաջաբանով, լույս է ընծայվել 1994-ին՝ «Տապանագիր» խորագրով։ Այնուհետեւ Աղվանի հայրը եւ եղբայրը Գրողների միություն են բերել Աղվանի մյուս ստեղծագործությունները։ Դրանց հիման վրա էլ տպագրվել է նրա երկրորդ գիրքը՝ «Սեր եւ խաչ» խորագրով։ Հայաստանի գրողների միության վարչության նախագահությունը Աղվան Մինասյանին հետմահու ընդունել է Գրողների միության շարքերը, իսկ 1997-ին նրան արժանացրել Չարենցի անվան մրցանակի։ Հուզիչ միջոցառման ժամանակ ընթերցվեցին Աղվանի բանաստեղծությունները, որոնց վերաբերյալ իրենց խոսքն ասացին մեր անվանի գրողները։ Ինչպես ներկայացնում էին նրան ճանաչողները, մտերիմները, Աղվանը թեեւ շատ երիտասարդ էր, սակայն կարծես կանխազգում էր իր վաղ մահը եւ նույնիսկ իր ինքնաձիգի վրա ազգանվան, անվան եւ հայրանվան սկզբնատառերն էր փորագրել՝ «ՄԱՀ» հապավմամբ։ Նրա գրեթե բոլոր բանաստեղծություններում ծավալվում են թախիծն ու ափսոսանքը՝ կյանքից հեռանալու կանխազգացման հետ միաձույլ։ Բանաստեղծ Թադեւոս Տոնոյանը իր ելույթի ժամանակ նշեց, որ բանաստեղծները միշտ գեղեցիկ մահ են փնտրում, քանի որ փորձում են հայտնվել ճակատագրական խաչմերուկներում։ Այդ հոգեբանությունից զուրկ չէր նաեւ Աղվան Մինասյանը։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ