Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը՝ նորից նույն կոտրած տաշտակի առջեւ

Հուլիս 20,2002 00:00

Արցախը՝ նորից նույն կոտրած տաշտակի առջեւ Օրեցօր Ղարաբաղի խնդրո շուրջ ստեղծվող իրավիճակը ավելի ու ավելի է նմանվում 1997-98թթ. իրավիճակին, որը բերեց ՀՀ առաջին նախագահի հրաժարականին։ Այն ժամանակ ինչ-որ ելք գտնվեց, իսկ այսօ՞ր… Նախ եւ առաջ դիտարկենք գլխավոր «շահագրգիռ կողմերի» տեսակետները։ ԱՄՆ-ի դեպարտամենտը արեց աննախադեպ խիստ հայտարարություն, որով ԱՄՆ-ն չի ճանաչում ԼՂՀ կառավարությունը եւ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (առանց որեւէ վերապահումների, որոնք առկա էին վերջին տարիներին)։ Ջայլամի քաղաքականություն վարող Հայաստանի դիվանագիտությունը փորձում է ինչ-որ անհավանական արդարացումներ գտնել նման դիրքորոշման վերաբերյալ, սակայն դրանք առնվազն մանկական միամտություն են եւ ոչնչով չեն փոխում տեղի ունեցածը։ Միաժամանակ Եվրախորհուրդը հայտարարեց, որ հավատարիմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ ավելացնելով, որ որպես վստահության մթնոլորտը վերականգնող միջոցներ տեսնում է չորս «գրավյալ» շրջանների (Ֆիզուլու, Ջաբրաիլի, Զանգելանի եւ Կուբաթլիի) վերադարձը եւ երկաթուղային կապի վերականգնումը։ Սքողված կերպով նորից գործի է դրվում տխրահռչակ փուլային տարբերակը, ըստ որի, մենք սկզբից հանձնում ենք մեր բոլոր խաղաքարտերը, իսկ վերջում փաստորեն ոչինչ չենք ստանում։ Եվ այս անգամ դա ասվում է շատ ավելի հստակ։ Արտգործնախարար Օսկանյանը բավականին անորոշ արտահայտվեց, որ հետագայում պետք է ինչ-որ առումով քննարկվի միջանցքների հարցը։ Հարկ է հարցնել. «Ոչ հարգելի պարոն նախարար, խնդրում ենք բացատրել սեփական ժողովրդին, թե ի՞նչ միջանցքների եւ երկաթուղային երթեւեկության մասին է գնում խոսքը»։ Եթե այն Ադրբեջանը Մեղրիով Նախիջեւանին միացնող գծի մասին է, ապա դա նույնպես Ադրբեջանի օգտին է եւ ծայրահեղ վտանգավոր մեզ համար։ Վերջապես ի՞նչ ենք ստանալու մենք, միգուցե խոսքը Հայաստան-Ադրբեջան երկաթգծի մասին է, մի՞թե մեր պետական այրերը իսկապես հավատում են, որ Ադրբեջանի միջով կարելի է լուրջ հաղորդակցություն հաստատել Ռուսաստանի հետ։ Ոչ, գիտական ֆանտաստիկա է։ Իսկ եթե աշխատելու է երկաթուղին, ապա ի՞նչ միջանցքների մասին կարող է խոսք գնալ։ Թվում է, թե նորից շոշափվում է Հոբլի ծրագրի ինչ-որ տարբերակ։ Եթե այդպես չէ, թող իշխանությունները ներկայացնեն պատճառաբանված բացատրություններ։ Աննախադեպ մակարդակի է հասել Թուրքիայի լկտիությունը՝ ցամաքային զորքերի հրամանատարը անգամ հայտարարում է, որ Թուրքիան չի ընդունի Հայաստանի առաջարկությունները, մինչեւ չվերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Տպավորություն է ստեղծվում, որ ողջ «միջազգային հանրությունը» թեւերը քշտած ուզում է շուտափույթ լուծել Ղարաբաղի խնդիրը, իհարկե, Ադրբեջանի օգտին։ Իսկ Ռուսաստանը լռում է, քանզի լրջորեն խաթարված են միջպետական հարաբերությունները։ Դա հաստատվում է թեկուզ նրանով, որ Ռուսաստանի պետական ատյանները բավականին սառը վերաբերվեցին ՌԴ տարածքում հակահայկական բախումներին։ Մի ռուս չինովնիկ, օրինակ, PTP-ով հայտարարեց, որ Կրասնոարմեյսկի դեպքերի դրդապատճառը… հայերի անհամեստ վարքագիծն է եղել։ Կա՞ր արդյոք ելք ստեղծված տխուր կացությունից։ Ելքը կարող է գտնվել առնվազն երկու պայմանների կատարման դեպքում։ Առաջինը, եթե բազմաչարչար ժողովուրդը նորից կարողանա իր մեջ ուժ գտնել եւ վճռական «ոչ» ասել այդ կործանարար ծրագրին։ Երկրորդը՝ եթե Ռուսաստանը վեր կանգնի ներկա ՀՀ իշխանությունների հետ անհամաձայնություններից եւ հերթական անգամ օգնության ձեռք մեկնի մեզ։ Ի դեպ, դա բխում է իր իսկ ռազմավարական շահերից։ Այդ դեպքում, հավանական է, ակտիվություն կցուցաբերի նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն իր վերջին խոսքն այս հարցում դեռ չի ասել։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ ԳիԱրՔՄի խորհրդի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել