Լրահոս
Օրվա լրահոսը

Անպտուղ պատիժներ

Հուլիս 20,2002 00:00

Անպտուղ պատիժներ Ո՞րն է տարբերությունը հանցագործի եւ պետության Հաշվի առնելով հանցագործությունների այսօր առկա միտումը, երբ, ըստ պաշտոնատար անձանց հայտարարությունների, հանցագործությունների 48%-ը խարդախություններ են (դատապարտվածների մոտ 50%-ը), որից հետ չեն մնում գողությունները, թվում էր, նոր քրօրենսգրքի նախագիծը պետք է հնարավորինս լրջորեն եւ արմատապես փորձեր լուծում տալ դրանց կանխարգելման եւ կիրառվելիք պատժի արդյունավետության հարցերին։ Քրեորեն հետապնդվող նմանատիպ արարքների համար պատժի արդարացիության եւ արդյունավետության առաջին եւ գլխավոր պայմանը սոցիալական արդարության վերականգնման սկզբունքի պահպանումն է, որը ենթադրում է հանցագործության հետեւանքով պատճառված վնասի իրական, աներկբա վերականգնում եւ այն ավելի առաջնային է, քան պատժի անխուսափելիության սկզբունքը, քանի որ վնասի վերականգնումն է, որ տուժողի մոտ կարող է առաջացնել բավարարվածության, օրենքի նկատմամբ վստահության, պաշտպանվածության զգացում։ Նոր նախագիծը բացարձակապես անտեսելով այս սկզբունքը, ի տարբերություն գործող օրենսգրքի, անհամեմատ ընդլայնել է սեփականության դեմ կատարված հանցագործությունների համար առավել խիստ պատժի ենթարկման հիմքերը, միաժամանակ խմբագրել պատճառած վնասի որակը՝ անհարկի եւ կտրուկ նվազեցնելով տվյալ որակի համար պատճառված վնասի այսօր գործող չափը։ Այս «բարեփոխումների» անհեթեթությունն ավելի ակնհայտ է գողության եւ խարդախության հանցակազմերի դեպքում։ Այս նույն ԱԺ-ն, գործադիր իշխանության նախաձեռնությամբ, 2001թ. մարտի 31-ին «ՀՀ քրօրենսգրքում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ընդունած օրենքով, եթե զգալի վնաս էր համարում նվազագույն աշխատավարձի 30-2000-ապատիկը, խոշոր՝ 2000-6000-ը, առանձնապես խոշոր՝ 6000-ապատիկից բարձրը, ապա նոր նախագծով՝ զգալի է նվազագույն աշխատավարձի հնգապատիկից-հինգհարյուրապատիկը, խոշոր՝ 500-3000-ը, առանձնապես խոշորը՝ 3000-ից բարձրը։ Այս նախագծով մանր հափշտակություն է համարվում նվազագույն աշխատավարձի մինչեւ հնգապատիկը (գործողը՝ 30-50-ապատիկը)։ Նոր նախագծի հայտնություններից է նաեւ, օրինակ, գողության կամ խարդախության համար պատիժ սահմանելիս, կրկնակի դատվածությանը զուգահեռ, նախկինում բանդիտիզմի, զենքի, զինամթերքի, թմրամիջոցների հափշտակության եւ այլ նմանատիպ հանցագործությունների համար դատվածության հաշվի առնելը։ Տարօրինակ է, իրավաբանական այս անհեթեթությունը ինչո՞ւ կատարյալ չեն դարձրել՝ այնտեղ «ներկրելով» ապօրինի որսի, ծառերի, թփերի ապօրինի հատման եւ այլ նմանատիպ արարքների համար պատասխանատվություն սահմանող հոդվածները։ Այս ամենով հանդերձ, եթե հիշենք, որ առայսօր երկրում նվազագույն աշխատավարձ է սահմանված 1000 դրամը, ապա պարզ կդառնա, որ սեփականության դեմ ուղղված այդ հանցագործությունների համար գործում է առայսօր պետության կողմից իրականացվող «բռնեմ, բաց չթողնեմ» վնասարար սկզբունքը (5000 դրամ գողացողին երեքամսյա կալանքի ենթարկելու դեպքում պետությունը միայն նրա սննդի համար ծախսելու է 27.000 դրամ)։ Հիշյալ հանցագործությունների համար որպես լրացուցիչ պատիժ սահմանված է ոչ թե անձնական գույքի, այլ՝ գույքի բռնագրավում: Հարց է ծագում՝ տուժողի համար ո՞րն է տարբերությունը հանցագործի եւ պետության միջեւ։ Նախագծի տարօրինակություններից է նաեւ վնասը հարթելու հանգամանքը, որը պետք է հաշվի առնվի դատարանի կողմից պատժից պայմանական վաղակետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը լուծելու ժամանակ։ Նախ՝ դատապարտյալն ազատազրկման մեջ գտնվելու պայմաններում ինչպե՞ս կարող է հարթել պատճառած վնասը, երբ զուրկ է եկամուտ ունենալու որեւէ հնարավորությունից, ապա՝ պայմանական վաղակետ ազատման եւ պատժատեսակի փոփոխման հիմքում պատժի կրման ընթացքում դատապարտյալի վարքագիծն է, հետեւաբար պատճառված վնասի հարթեցման պայմանն արհեստական է, ոչ իրատեսական եւ այն ընդամենը կաշառքի շորթման եւս մեկ խթանիչ է։ Իշխանությունների համար դրանք ավելի չեն եղել, քան… կույրի առջեւ մոմ վառելը։ ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել