Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամադ չի՞ ուզում ինձ տեսնել»

Հուլիս 20,2002 00:00

«Մամադ չի՞ ուզում ինձ տեսնել» Չեն ընտրում ծնողներին, ծննդավայրն ու հայրենիքը – Գիտեմ, ոչինչ չեմ շահելու, բայց մյուս տարիներին մի քանի շրջանավարտ զերծ կմնա ուսուցիչների ու տնօրենների կամայականություններից։ Այսպիսի բաներ կյանքումս չէի տեսել. սկզբում երեխայիս հայերեն գրավորը 19 են գնահատում, իմ բողոքից հետո դառնում է 20, քիմիայի տոմսերի լուծումները ուսուցիչը կանխավ տալիս է մի քանի աշակերտի ու քննության ժամանակ տոմսերը տնօրենն է բաժանում, հայ գրականության բանավոր քննության պատասխանները 4-5 օր հետո են հայտնում,- բողոքեց Երեւանի Սերո Խանզադյանի անվան 184-րդ դպրոցի ծնող, ռուսաց լեզվի ուսուցչուհի Գայանե Ասատրյանը եւ ավելացրեց՝ իրեն չի ներում, որ 2 տարի առաջ, երբ «խփեցին» դստեր՝ Արմինեի 8-րդ դասարանի հատուկ նմուշի (կարմիր) վկայականը (հայերեն գրավորը 4 էին գնահատել չակերտները չփակելու պատճառով), ինքը չի բողոքել։ Խնդրին չէինք անդրադառնա, եթե երեւույթը համատարած բնույթ չկրեր։ Դպրոցի այս տարվա 10-րդ դասարանի շրջանավարտ Արմինե Ասատրյանը 10 տարի փայլել է առաջադիմությամբ (հաստատեցին ուսուցիչներն ու տնօրենը), մշտապես մասնակցել է տարբեր առարկաների օլիմպիադաների, հաճախ շահել մրցանակային առաջին տեղ, իսկ 2002թ. ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնի կազմակերպած հանրապետական 4-րդ օլիմպիադայի եզրափակիչ դուրս եկած միակ մասնակիցը լինելով Սեբաստիա- Մալաթիա համայնքից, համալրեց Շենգավիթ համայնքի թիմը եւ արժանացավ գովասանագրի ու հատուկ պարգեւի։ Բողոքը մեզ տարավ 184-րդ դպրոց։ Ի սկզբանե լավ ընդունելով՝ դպրոցի տնօրեն Անգին Կարապետյանը մի քանի անգամ ընդգծեց, որ իրենք մշտապես շատ լավ են վերաբերվել Արմինեին, որ իրենց լավագույն սանուհիներից է, միշտ բարձր են գնահատել, բայց «օբյեկտիվությունն» ավելի բարձր են գնահատում։ Խնդրեցի Արմինեի հայոց լեզվի գրավորը, ինչը սիրով տրամադրեցին։ Ես ընդամենը գիտեի, որ աշխատանքը սկզբում 19 է գնահատվել «հայկական գաղութներ» արտահայտության պատճառով, իբր պետք է լիներ՝ «հայկական գաղթօջախներ», սակայն զավեշտի հասնող փաստը շտկել էին եւ գնահատել 20 միավոր։ Անդրադառնանք գաղութներ-գաղթօջախներ խնդրին։ Իմ պնդումը, որ դրանք նույն իմաստն ունեն (վերջինը բարեհունչ կարող է համարվել), տիկին Կարապետյանը չկիսեց (կասկածողները թող բառարան բացեն) (տեքստում՝ …, որ հայկական գաղութներն ամայանան՝ կորցնելով իրենց որդեգիր զավակներին), ավելին՝ մատնանշեց լուսանցքում «0,5» կարմիր նշումով տողը (ուր աշակերտի երազանքն էր՝ «դառնալ իմ երկրի գիտնականը, շինականը…») եւ ասաց՝ իմ երկիրը ո՞րն է. երկիրն անուն ունի։ Փաստեցի հայտնի ասացվածքը՝ չեն ընտրում ծնողներին, ծննդավայրն ու հայրենիքը։ «Իմ երկիրը» բոլորի համար հայրենիքն է ու միակն է, անունը պետք չէր գրել։ Երրորդ անհարկի կարմիրը «սփյուռքահայ երիտասարդություն» բառերի տակ էր։ Գրավորն արժանի էր 20 միավորի, անհարկի էին կարմիր գծերը, եւ ոչ մի բալ էլ ավելի չէր գնահատվել։ Տիկին Կարապետյանը չժխտեց, որ քիմիայի քննական տոմսերը ինքն է բաժանել (կանոնակարգի կոպիտ խախտում է դա- Գ. Ա.) եւ հավաստիացնում էր, որ խառնել է բաժանելուց առաջ ու դա արել է օբյեկտիվությունն ապահովելու համար։ Մինչդեռ աշակերտն ու ծնողը այլ բան են ասում։ Ծնողի համոզմամբ՝ կանխավ գիտեին ում ինչ տոմս էին տալու։ Քննական տոմսի 5 հարցին արագ պատասխանելուց հետո երեխան երկար խորհում է 6-րդի վրա (ուսմասվարը եւս հաստատեց՝ նստել, չէր գրում), անգամ չէր արտագրել առաջադրանքը։ Արմինեն խնդրում է դուրս գալ եւ պատահմամբ զուգարանի պատուհանի գոգին գտնում տոմսերի պատճենած լուծումները։ Վերցնում է անհրաժեշտը, գալիս քննասենյակ եւ փորձում արտագրել (ինչով զբաղված էր ողջ դասարանը, երեխաների հավաստմամբ)։ Մոտենում է ուսմասվարը, պահանջում տետրը։ Երեխան ինքնակամ փակում է տետրը եւ տանում-դնում սեղանին, դուրս գալիս։ Պատուհանի գոգին լուծումների հայտնվելը բացառեց տնօրենը, ասելով, որ դուռը բաց էր, ուսուցիչները նստած էին (քննությունը մեծ միջանցքում էր) 2-3 մետրի վրա։ Անշուշտ, ծիծաղելի է, երբ պատկերացնում ես, որ 3 ժամ ուսուցիչները նստել են գործող զուգարանի բաց դռների առջեւ (պատի՞ժ էր, ի՞նչ էր), սակայն մի հարց՝ որտեղի՞ց երեխայի մոտ հայտնվեց լուծումը, եթե ունենար՝ վաղուց կգրեր (դուք էիք ասում՝ երկար նստել, չէր գրում)։ Ավելին՝ երեխան պնդում էր, որ այդ թեման չեն անցել. դա վերջին զանգի օրերի հետ է համընկել։ Ինչպես պարզեցի ԿԳ նախարարությունում, «Ամինի» թեման 9-րդ դասարանի էր եւ անցնում են մայիսի 15-ից հետո։ Եթե փոքր-ինչ մտաբերենք ամենամյա մայիսյան տրամադրությունները, դրամահավաքներն ու վերջին զանգի նախապատրաստական ինքնամոռաց աշխատանքները, պարզ կլինի, թե ի՞նչ եւ ինչպե՞ս պետք է անցնեն մայիսի 15-ից հետո։ Արդարամիտ լինելու համար՝ գուցե ճիշտ են վարվել, որ չեն թույլատրել օգտվել թերթիկից, բայց շուրջբոլոր կատարվածին աչք են փակել։ Ավելին՝ ուսուցիչները, ուսմասվարն ու տնօրենը բացառեցին որեւէ արտագրության դեպք, սակայն ինչպե՞ս ստացվեց, որ դասարանի 3-4 գնահատականներ ունեցողները հավաքեցին 19-20 միավոր, իսկ ձեր գերազանցիկը՝ 16։ Այդուհանդերձ, երբեք լարվածություն չի եղել ուսուցիչ-աշակերտ, ծնող-ուսուցիչ հարաբերություններում, հակառակը՝ ուսուցիչը միշտ գովաբանել է աշակերտուհուն, ասելով՝ Արմինեն քիմիա իմացող իմ միակ աշակերտուհին է։ Նույնը կրկնեց իմ ներկայությամբ, անգամ «զարմացավ»՝ ինչո՞ւ այդպես ստացվեց։ Հայ գրականության Արմինեի պատասխանը հիացնում է եւ նույն պահին գնահատվում 5, իսկ մնացածի գնահատականը հայտնում են առանձին-առանձին՝ 4-5 օր հետո։ Այս փաստը եւս տիկին Կարապետյանը չժխտեց։ Պատճառաբանեց, որ երեխեքը մեկիկ-մեկիկ են ներկայացել, ուսուցչուհին էլ նկատողություն է ստացել։ Փորձենք միամտորեն վերաբերվել փաստին, բայց ինչպիսի հարցեր լուծվեցին այդ 4-5 օրվա մեջ՝ թողնենք ընթերցողի երեւակայությանը։ Արմինեի 8-րդ դասարանի հայոց լեզվի գրավորը չհաջողվեց ինձ տեսնել (ասացին՝ գրադարանի աշխատողը քաղաքում չէ), բայց… Ծնողի հայտարարությամբ՝ եթե այնտեղ չփակած չակերտից բացի այլ կետադրական նշանի փոփոխություն լինի, ինքը դատարան կդիմի։ Գաղտնիք չէ, որ մեդալակիր դառնալու ներկայիս կարգը նախատեսում է նաեւ 8-րդ դասարանում գերազանցիկություն։ Այժմ դպրոցներում մեդալի թեկնածուները «ընտրվում» են 8-րդ դասարանում։ Իսկ ինչպե՞ս եւ ի՞նչ ճանապարհով հարցերի պատասխանները հիմնականում պայմանավորված են ուսուցիչների սիրած «մամադ չի ուզո՞ւմ ինձ տեսնել» ավանդական հարցի պատասխանով։ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել