ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ Սահմանադրության 24-րդ հոդվածը սահմանում է, որ ամեն ոք ունի տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատություն: Այս հոդվածով նախատեսված իրավունքները սահմանվում են երկրի բոլոր քաղաքացիների համար, սակայն Ալավերդի քաղաքում տեղեկատվություն ստանալ այս կամ այն պետական կազմակերպությունից դժվար է նույնիսկ լրագրողների համար, իսկ սովորական քաղաքացու համար՝ անհնար մի բան։ Ալավերդցի լրագրողները պետական կազմակերպությունից որեւէ տեղեկություն ստանալը համարում են հերոսության նման մի բան։ «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերին թղթակցող Լարիսա Փարեմուզյանը գտնում է, որ «Ալավերդիում իշխանություններից ինֆորմացիա ստանալը լրագրողի համար հերոսություն է։ Գաղտնիություն է բոլոր հիմնարկներում»: Նույն կարծիքին է նաեւ «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության «Լուրերի» խմբագիր Կարինե Սիմոնյանը. «Ցավալին այն է, որ հաճախ նույնիսկ այդ պաշտոնյաների տեղեկատվություն չտրամադրելու ցանկությունը փաստաթղթային տեսք է ստանում։ Ասենք՝ շատ հաճախ մեզ ներկայացնում են փաստաթղթեր, որոնցով նրանց վերադասները արգելում են տեղեկատվություն տրամադրել լրատվամիջոցներին»: Այսպես, 10.09. 2001 թվականի Տ-2054/9 նամակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի տեղակալ Եգանյանը մարզային հարկային տեսչություններին ուղարկած նամակով պահանջում է. «Ի կատարումն ՀՀ պետական եկամուտների նախարարի մոտ 2001 թվականի հուլիսի 30-ի խորհրդակցության. ԶԼՄ-ներին տրամադրվող տեղեկությունները, տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տրամադրվող տեղեկությունները, ինչպես նաե ՀՀ իրավապահ մարմիններին տեղեկատվության կամ փաստաթղթերի տրամադրումը իրականացնել միայն ՀՀ պետական եկամուտների նախարարի հետ նախապես համաձայնեցնելուց հետո»: Մարզային տեսչության պետ Վարդանյանը նամակը ուղարկել է բոլոր տարածաշրջանային բաժիններ` «Ապահովել ընթացքը» մակագրությամբ։ Ու թեւ այդ նախարարությունը արդեն գոյություն չունի, սակայն հրահանգի պահանջները առայսօր կատարվում են սրբությամբ։ Ստացվում է այնպես, որ մարզային լրագրողի համար այս արգելապատնեշը գրեթե անհաղթահարելի է։ Առաջինը՝ իրենց բնույթի համաձայն, մարզային լրատվամիջոցները ֆինանսական միջոցներ չունեն՝ տեղեկատվության իրավունք ստանալու համար լրագրողին գործուղելու մայրաքաղաք։ Մյուս կողմից էլ զարգացած չեն կապի կոմունիկացիաները, չկա դրանով աշխատելու անհրաժեշտ կուլտուրան։ Չգիտեմ՝ ինչպես է Երեւանում, սակայն մեզ համար անմիջապես նախարարից տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին հիշեցումը ֆարս է, քանի որ խիստ կասկածելի է, որ «վսեմափայլ որեւէ նախարար» կբարեհաճի անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու իրավունք տալ մարզային որեւէ լրատվամիջոցի։ Այսպես՝ 2001 թվականին մեր բոլոր փորձերը ՀՀ կրթության նախարարությունից ստանալ տեղեկատվություն հանրապետությունում գործող միջնակարգ դպրոցների թվի մասին՝ անհաջողության մատնվեցին։ Երկօրյա հեռախոսային նյարդային պայքարի ընթացքում հասարակայնության բաժինը առաջարկում էր այդ տեղեկությունը ստանալ ֆինանսական բաժնից։ Ֆինանսական բաժինը՝ դպրոցական վարչությունից։ Ի վերջո, առաջարկեցին այդ թվերը գտնել «ՀՀ 2001 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում։ Դրա տեղը մենք էլ գիտեինք, սակայն Ալավերդիում չկար այդ օրենքի գոնե մեկ օրինակը։ Տպագիր օրենքները թանկ են։ Սակայն ենթադրենք, թե նախարարից, այնուամենայնիվ, կարողանում ենք թույլտվություն ստանալ։ Քանի օրում։ Չէ՞ որ դրանով կորչում է տեղեկատվության օպերատիվությունը, հրատապությունը։ Նույն պատկերն է անվտանգության, ոստիկանության, գանձապետական, մաքսային տարածքային բաժիններում։ Դրան էլ գումարեք էլեկտրացանցի, «ԱրմենՏել»-ի բաժանմունքները, երկաթուղին, հիվանդանոցները եւ համաբուժարանները, որոնք էլ մարզային ենթակայության են։ Պետական պաշտոնյաները հատկապես անհողդողդ են ֆինանսական հարցերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելիս։ Լարիսա Փարեմուզյանը հատկապես դժգոհում է, որ բոլոր կազմակերպություններում, այդ թվում նաեւ քաղաքապետարանում, եթե, այնուամենայնիվ, դժգույն միջոցառումներով ներկայացնում են նոր բյուջեների նախագծերը, ապա «Վերջին տարիներին մենք կարոտ մնացինք իմանալ, թե բյուջեի ծախսումները ինչպես են կատարվել, օրինակ՝ աշխատավարձի հոդվածները, ինչպես են կատարվել մյուս ծախսերը։ Գաղտնի են պահում հիմնարկների ֆինանսական ծախսերը։ Վերջերս լրագրողական հետաքննություն կատարեցինք հանրակրթական դպրոցների սոլյարկայի հափշտակությունների հարցով։ Սակայն այդ հափշտակությունները որեւէ օղակում չեն քննարկվել»: Փաստորեն, մարզային լրագրողի համար քիչ թէ շատ մատչելի է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությունը։ Սակայն, այստեղ էլ հաճախ որոշ իրադարձություններ ու որոշակի ոլորտներ սքողված են խորհրդավորության շղարշով։ Ըստ տեղական հեռուստաընկերության լուրերի խմբագրի, հեռուստաընկերության գործունեության 3.5 տարվա ընթացքում հաջողվել է տեսանյութ պատրաստել ընդամենը ավագանու երեք նիստի վերաբերյալ։ Դահլիճից դուրս են հրավիրել օպերատորին, լրագրողին եւ նիստը շարունակել։ Իսկ ընդհանրապես երբեւէ հնարավորություն չի ընձեռվել ծանոթանալ ավագանու որոշումներին։ Դա մշտապես պատճառաբանվել է նիստի որոշումների գաղտնիությամբ։ Թե ինչ գաղտնիք կարող է ունենալ համայնքի կառավարման հարցում ավագանու անդամը, որ ընտրվել է հենց նույն համայնքի կողմից՝ դժվար է ասել: Մինչդեռ, դրանով ավագանին խախտում է տեղական ինքնակառավարման մար-մինների մասին օրենքը: ՀՐԱՉԻԿ ՊԱՊԻՆՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցություն