Լրահոս
Օրվա լրահոսը

Բորդյուրապատում կամ մեծ լվացք

Հուլիս 20,2002 00:00

Բորդյուրապատում կամ մեծ լվացք Այս օրերին Երեւանը հիշեցնում է շինարարական մի մեծ հրապարակ… Անցյալում խորհրդային ժուռնալիստները հենց այսպես էին սկսում իրենց ռեպորտաժները: Քաղաքը կամ երկիրը նրանք համեմատում էին մի հսկայական շինհրապարակի հետ, որպեսզի ընթերցողին, ռադիոլսողին կամ հեռուստադիտողին ցույց տային, որ սոցիալիստական շինարարությունը եռում է եւ ափերից դուրս է գալիս. այսինքն՝ քաղաք ու երկիր է կառուցվում: Վաղուց խորհրդային երկիրը ոչ եւս է, եւ բնակարանային ու այլ լայնամասշտաբ շինարարություններ Երեւանում ու անկախացած Հայաստանում չեն իրականացվում, բայց փաստը մնում է փաստ, որ այսօր՝ հենց այս պահին մեր քաղաքամայր Երեւանն իսկապես մի հսկայական շինարարական հրապարակ է հիշեցնում: Նոր-նոր էին սկսել Խանջյան փողոցի տրամվայի բարալիկ գծերի ապամոնտաժման պատրվակով ամբողջ փողոցը լայնքով ու երկայնքով փորել ու քանդել, երբ նմանատիպ փոսեր գոյացան մայրաքաղաքի այլ փողոցներում, որտեղ երբեւէ տրամվայի գծեր չեն էլ եղել: Չար լեզուներն իսկույն տարածեցին, որ որոշել են փոխել քաղաքի մայթեզրերի բորդյուրները, բայց սկզբում մենք եւ մյուս բոլոր ողջամիտ մարդիկ չհավատացին այդ ասեկոսեներին, մտածելով, որ դա իշխանությունների ու բոլոր ռեկորդներն արդեն խփած գլխավոր ճարտարապետի դեմ չարամիտ բամբասանք է: Չէ՞ որ այդ մակարդակի անհեթեթություն պատկերացնելն անգամ հնարավոր չէ: Հիմա, երբ մենք արդեն քիչ-քիչ սկսում ենք պատկերացնել անպատկերացնելին, էլի գլուխներիս մեջ այդ անպատկերացնելին ոչ մի կերպ չի տեղավորվում: Ո՞նց տեղավորվի: Նորմալ գլխի մեջ ո՞նց կարող է տեղավորվել այն անհեթեթ մտահղացումը, որ կարելի է ողջ մայրաքաղաքի մասշտաբով նորմալ բորդյուրները քանդել եւ դրանց փոխարեն նույնատիպ նորերը տեղադրել՝ այդ գործի վրա միլիոններ ծախսելով: Որ մեր օրերում փողեր են լվանում, դա մենք ոչ միայն լսել ենք, այլեւ տեսել: Եվ որ փողերի լվացումը մեր իշխանությունների ու մեր շինարարների սիրած զբաղմունքն է, դա էլ գիտենք: Բայց այսպիսի լայնամասշտաբ համազգային լվացք մենք ոչ լսել էինք, ոչ տեսել էինք եւ ոչ էլ պատկերացնում էինք: Չէ՞ որ երեւակայությունն էլ ինչ-որ սահմաններ ունի, մանավանդ, երբ բախվում է բորդյուրին: www.taregir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել