Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՄԱԿԻՑ ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆ

Հուլիս 20,2002 00:00

ՎԵՐՄԱԿԻՑ ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆ Երբ մեկ ամիս բացակայում ես Հայաստանից, ավելի ճիշտ՝ Երեւանից, վերադառնալիս ում տեսնում՝ նույն հարցն ես տալիս՝ «Ինչ կա քաղաքում»։ Բավական չէ, որ հարցի ձեւակերպումն է հետզհետե նեղանում, ավելին՝ պարզվում է՝ ոչինչ չկա, ոչինչ չի կատարվում։ Կամ միայն՝ մահվան դեպքեր, բռնություններ… Վլադիմիր Նազարյանն էր ինքնասպան եղել, հայտնի գործարար վթարից մահացել, Արաբկիրի շրջանում ոստիկանների էին սպանել, կայարանի մերձակայքում, բակերից մեկում ինչ-որ մարդիկ կրակահերթ էին բացել, ԱԺ-ում պատգամավորները ամբիոն էին բարձրացել՝ Քոչարյանի իմփիչմենթն էին պահանջում եւ վերջում՝ տղայական ռազբորկաներ եղան՝ աշխարհի հայհոյանքները շաղ տալով, ալրաղացի Լյովիկը Արամայիս Բարսեղյանին խփեց, Լեդի Հակոբը մանդատը շպրտեց… Մանվելի աղջկա, Վովայի (Գասպարյան) աղջկա հարսանիքն էր, Քոչարյանի տղայի խնամախոսությունը… Երկրիս ամենակարեւոր իրադարձությունները, փաստորեն, սրանք էին։ Այս պետության մեջ այլեւս ոչինչ չի կատարվում՝ կռիվ-հայհոյանք ու հարսանիքից բացի։ Ամբողջ մի երկրի կառավարություն ու ԱԺ խոսում են սրա-նրա աղջկա հարսանիքի մասին։ Երկրի ներքին ու արտաքին սահմաններն օր օրի ավելի են նեղանում։ Մինչ ԱԺ-ն, կառավարությունը հարսանիքից հարսանիք են հասցնում, այդ ընթացքում երկրի բարձրադիր իշխանությունը գույք (չորս ձեռնարկություն) ենք տալիս Ռուսաստանին պարտքի դիմաց, Երուսաղեմում պատրիարքարանն են վերցնում մեր ձեռքից։ Երեք-չորս տարի արդեն պատրիարքարանի հարցը առկախված էր եւ պետությունը երբեւէ չփորձեց զբաղվել այդ խնդրով, որը միայն եկեղեցու խնդիր չէ։ Պետությունը, իշխանությունները դրա ժամանակը, բնականաբար, չունեին։ Ու ինչ-որ մի Կարեն Միրզոյան՝ դաբլ Արկադի Ղուկասյան, մտավորականության հետ հանդիպում է ու պատրիարքարանի մասին ասում, թե իրենք այդ մասին կցկտուր տեղեկություններ ունեին։ Այն դեպքում, երբ տարիներ շարունակ այդ հարցը քննարկվում էր ի լուր աշխարհի։ Երկրի նախագահը տղայական հաշիվ է մաքրում ՀՀ նախկին պաշտպանության նախարարից՝ Վաղարշակ Հարությունյանից, թե վերջինս իր ողջ կյանքում ռեստորանային գեներալ է եղել ու ընդհանրապես չի մասնակցել արցախյան պատերազմին։ Այլ հարց է, որ Ռ. Քոչարյանի վարկածով Վ. Հարությունյանը չի մասնակցել արցախյան պատերազմին եւ իր ժամանակն անցկացրել է մոսկովյան ռեստորաններում։ Բայց չէ՞ որ ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը Վաղարշակ Հարությունյանին նշանակեց ՀՀ պաշտպանության նախարար։ Այս ռազբորկան դարձավ Հայաստանի կարեւորագույն խնդիր, աջ ու ձախ սկսվեց քննարկվել։ Ավելին՝ հայ գեներալները հերթ կանգնած՝ ելույթներ են ունենում, թե Վ. Հարությունյանն ի՞նչ գործ ունի արցախյան պատերազմի հետ։ Իսկ երկու տարի առաջ, հետաքրքիր է, այդ գեներալները ո՞ւմ էին ծառայում, եթե ոչ Վ. Հարությունյանին։ Ո՞ւմ զինվորներն էին։ Ծիծաղելի է. բռերով կոչում ու աստղ ստացած գեներալները այսքան դավաճան են ու հաճոյակատար։ Թերեւս զարմանալի էլ չէ, ո՞ւմ հայտնի չէ, թե նրանցից որն ինչու է ստացել գեներալի կոչում, կամ թե ով ինչու է ՊՆ-ում։ Մտածել է պետք, այս դավաճան ու ստոր գեներալները ինչպե՞ս են հաղթել պատերազմը։ Պատերազմը իրենք չեն հաղթել, այլ այն տղերքը, որոնք զոհվել են կամ որոնք այսօր աստղ ու կոչում չունեն, լքված հաշմանդամներ են։ Հաղթած պատերազմը մարսելու, երկրին վտանգող այսօրվա խնդիրները թողած, երկրի նախագահով սկսած մինչեւ գեներալիտետ քննարկում են ով քանի րոպե ավելի է եղել պատերազմի դաշտին մոտ։ Այդ գեներալները չեն էլ գիտակցում, որ եթե Ռ. Քոչարյանը կրկին իշխանության գլուխ անցնի, առաջին հերթին կազատվի նման հրամկազմից։ Ի՞նչ արտաքին քաղաքականություն, ի՞նչ երկրի ներքին վիճակ, երբ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները ՀՀ պաշտպանության նախարարից սկսած չափում են ադամանդով, կարատներով՝ արտահանման չափերը որքան են աճ տվել… Կեղծ թասիբի, տղամարդկության սուտ չափումների, տղայական ռազբորկաների շղթան այսօր կանգ է առել ԱԺ պատգամավորին՝ Երեւանի միլպետ Աշոտ Գիզիրյանի ծեծելու թեմային։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այս թեման են հիմա ծամում-քննարկում։ Ծեծի նախապատմությունը հետեւյալն է՝ «տղեքը» (մի խումբ ԱԺ պատգամավորներ) Սեւանում էին ու Գիզիրյան միլպետը բջջային հեռախոսով զանգում է նրանցից մեկին։ Հեռախոսի տերը զբաղված է լինում ու մեկ ուրիշն է վերցնում։ Միլպետը գազազում է, որ ուրիշն է վերցրել (որին նույնպես ճանաչում է) ու հայհոյում է։ Փոխադարձ հայհոյանքներն ավարտվում են, երբ Սեւանից վերադառնալիս միլպետ Գիզիրյանը տագնապի ազդանշանով Երեւանի կայազորի աշխատակազմին ոտքի է հանում՝ հեռախոսով իր հետ հայհոյանքների դուետի մասնակից պատգամավորի հետ հաշվեհարդար տեսնելու։ ԱԺ քննարկման հարց է դառնում դեպքը։ ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը դատապարտում են ԱԺ պատգամավորին ծեծելու դեպքը, միլպետին, բացի ԱԺ «Հանրապետություն» խմբակցության ղեկավարից։ Ու ազգիս իշխանությունները չեն կարողանում ինչ-որ մի միլպետի պատժել։ Այլ հարց է, որ եթե ծեծի ենթարկվածը պատգամավոր չլիներ, այդ մասին չէր էլ խոսվելու, ինչպես սովորաբար սովորական շատ քաղաքացիների հետ կատարված ոտնձգություններն են թաքցվում՝ ահաբեկելով, ճնշելով։ Եվ այլ հարց է, որ մի պատգամավորի ու մի միլպետի կիսահարբած հայհոյանքների շքահանդեսի արդյունքը, հայ տղամարդու կեղծ թասիբի դրսեւորումը, բռի միլպետի էժանագին հաշվեհարդարն ու իշխանությունների՝ ամենաթող միլպետին ատամներով պաշտպանելը ազգային, ներքաղաքական լուրջ հարց է դարձել։ Իսկ մինչ այդ, ՀՀ նախագահը Երեւանի ճանապարհաշինության, բորդյուրապատման հարցերն է մեկնաբանում իշխանամետ լրատվամիջոցներով։ Ում են հետաքրքիր հայ-թուրքական հարաբերությունները, հայրենիքը ցրիվ տալու գործընթացը, Ղարաբաղի հարցը, Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբրեւ գույք պարտքի դիմաց հանձնումը, որը ՀՀ էլեկտրաէներգիայի 40 տոկոսն է մատակարարում։ Ինչպիսի իշխանություն, այդպիսի ընդդիմություն եւ, վերջապես՝ պետություն։ Ինչ խոսք, ավելի կարեւոր թեմա են Մանվելի, Վովայի աղջիկների հարսանիքն ու Քոչարյանի տղայի խնամախոսությունը, Քոչարյանի ու Սերժի հարաբերությունները… Հատկապես այս վերջինը՝ Սերժի ու Քոչարյանի հարաբերությունների ընթացքը Հայաստանի համար ճակատագրական է դարձել։ Տնտեսական հայ օլիգարխիկները բաժանված են երկու խմբի. մի մասը Քոչարյանի շրջապատից է, մյուս մասը՝ Սերժ Սարգսյանի։ Այդ երկուսի շնորհիվ նրանք մոնոպոլիաներ են ձեռք բերել բիզնեսի այս կամ այն ոլորտում։ Այսինքն՝ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի բարեհամբույր փոխհարաբերությունից է կախված երկրի քաղաքական, տնտեսական դաշտի այս կամ այն ուղղությամբ զարգացումը, քաղաքական գործիչների, գործարարների, կուսակցությունների վերադասավորումը… Այս թեմաներին զուգահեռ, արդեն 3-4 տարի մտավորականները Երեւանի երանելի ժամանակների մասին են բողոքում՝ «Ո՞ւր է մեր հին Երեւանը» խորագրով։ Ծամեցին-քաշքշեցին Երեւանի թեման, այնքան, որ հին ու նոր երեւանցիների մի քանի ակումբներ ու միություններ են բացվել։ Հավաքվում են, երգ-երաժշտության ներքո հիշում հին օրերը, փողոցներն ու մարդկանց։ Ներքին նոստալգիան ու Երեւանի մասին կենացների ճմլող անզոր տեքստերը ականջ են սղոցում։ Կենացների փոխարեն, իհարկե, չեն համարձակվի հուշատախտակներ բացող քաղաքապետին ու նախագծող ճարտարապետներին բողոքել, չեն գնա իրենց սիրելի Երեւանի օպերայի շենքի շուրջ կառուցվող սրճարան-ռեստորանային օբյեկտները բոյկոտելու, իրենց փրկելու։ Այդպես համակերպվում, համաձայնում են, հետո պրիմիտիվ, լացացնող տեքստեր հյուսում՝ ա՜խ, հին Երեւանը, ախ, հին երեւանցին, Հայաստանը… Այդ ընթացքում Ղարաբաղի մարզպետ Արկադի Ղուկասյանը մի խումբ փողկապավորների հետ, ձեռքերը մեջքին ծալած զբոսնում է երեկոյան Երեւանի փողոցներում՝ կինո «Նաիրիի» շրջակայքում… Դե ինչքան կուզեք լացեք՝ երեւանցի՜ն, Երեւա՜նը, քաղաքացի՜ն… Այսպես ամեն վայրկյան մեր մտածողությունը, մեր օրվա բովանդակությունը, երեւույթների մասշտաբները, մարդկանց չափերն ու զգացումները փոքրանում-ճմրթվում են՝ իշխանական, ընդդիմական, փոքր ու նեղ գզվռտոցների, թասիբների դուդուկի, մանր մարդկանց մանր հարաբերությունների իշխանության ու կամ ընդդիմության ներքո։ Մանր մարդիկ, մանր կյանք, մանր զգացումներ եւ կրքեր, ու հետզհետե մանրացող Հայաստան։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել