Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԲՈՂՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ

Հուլիս 20,2002 00:00

ԱՄԲՈՂՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ Խորհրդային պետություն Խորհրդային պետությունում շուկայի գաղափարը ներկայացվում ու ընկալվում էր որպես անհրաժեշտ չարիք, որի հետ գործ ունենալը ցածր էր խորհրդային մարդու արժանապատվությունից, իսկ առեւտուրը մի կեղտոտ գործունեություն էր, որով ինքնուրույն զբաղվողները համարվում էին սպեկուլյանտներ։ Հարկ է նաեւ նշել, որ շուկա հասկացությունը բավական նեղ ընկալում ուներ ու վերաբերում էր զուտ առեւտրային հարաբերություններին, չէր տարածվում գաղափարի, ինտելեկտուալ կամ ծրագրերի շուկային ու չէր կարող մրցակցություն ապահովել այս բնագավառներում։ Շուկայական մրցակցությունը չկազմեց խորհրդային քաղաքական ու տնտեսական համակարգերը եւ չդարձավ արժանավորին գնահատելու սկզբունք, ինչն իր հերթին դարձավ խորհրդային համակարգի փլուզման հիմնական գործոնը։ Սա այն ցավալի երեւույթի վառ օրինակն է, որ խորհրդային համակարգն իր գաղափարախոսությունն ու քարոզչությունը կառուցում էր ռացիոնալ, պրագմատիկ արժեքների մերժման եւ արհեստական, վիրտուալ արժեքների համակարգի վրա, ինչը արտահայտվում էր ոչ թե ներկա հասարակության իրական շահերով, այլ ներկայի ու իրականության հետ առնչություն չունեցող ապագայի պատրանքային տեսլականով, որի կառուցման ճանապարհին բոլոր միջոցներն ընդունելի են՝ նույնիսկ ներկա սերնդի որոշ մասի զոհաբերությունը հանուն փայլուն ապագայի։ Այս գաղափարի մշտական քարոզումը ուղեկցվում էր էքստենսիվ տնտեսական համակարգի ինչ-ինչ առաջընթացով ու սոցիալական վիճակի որոշակի բարելավումով։ Սակայն, դրան զուգահեռ, հարստացման միակ աղբյուրը քաղաքացու համար մնում էին ստվերային շուկայի հետ առնչությունը, պաշտոնեական դիրքի չարաշահման, կոռուպցիայի, գողության տարբեր ավանդույթները։ Խորապես արմատավորված էր «կրկնակի ստանդարտների» ինստիտուտը՝ երբ ասվում է մի բան, ենթադրվում՝ այլ բան, երբ հռչակվում է մի գործելաոճ, իսկ մարդիկ ապրում ու գործում են բացարձակապես այլ կերպ։ Պետական քարոզչությունը՝ կառավարողի սրբության տեսլականը, քաղաքացուն ստիպում էր պղծվել՝ մղելով նրան անօրինական գործունեության «թույլատրվող» դաշտ իր բարեկեցությունն ապահովելու համար։ Բարեկեցիկ ապրող քաղաքացուն ոչինչ չէր մնում, քան ընդունել իշխանության «սրբության» գաղափարը եւ սեփական անձի «մեղավորությունն» ու իր բացարձակ կախվածությունը եւ նվիրվածությունը իշխանությանը։ Մեկ սերնդափոխության արդյունքում նախկինից «պարտադրված ստրուկը» վերածվեց խղճի ու պատասխանատվության բացակայությամբ «համոզմունքով ստրուկի», որը թաքնվում է իր անմեղսունակության քողի ներքո։ Այս երեւույթը պայմանականորեն անվանենք «վարժեցման սինդրոմ»։ Երբ կեղծիքն ու սուտը մշտապես ուղեկցվում են հացով, կշտացողն այն ընդունում է որպես միակ ճշմարտություն, քանի որ այն ձեռնտու է, իսկ երբեմն՝ ամենազոր։ Այս քայլով բռնապետական վարչակարգը վերածվում է ամբողջատիրության, այսինքն՝ ձեռք է բերում հասարակության վստահությունն ու հավատը, շարունակ իշխելու իրավունք, հասարակության ամբոխացում, որի լիդերը վերածվում է առաջնորդի։ Իհարկե, անմիտ կլիներ պնդել, թե այս ամենը 100%-անոց արդյունք էր, քանի որ միշտ էլ ցանկացած վարչակարգի պայմաններում մնում է հասարակության մի ստվար մաս, որ չի ընդունում ու չի համակերպվում բռնությանը, սակայն գոյատեւելու համար ստիպված է լինում մնալ աննկատ վարչախմբի ամենատես աչքերից։ Հասարակության այս հատվածին բնորոշ է խոր անտարբերությունը քաղաքական կյանքի նկատմամբ։ Այսպիսով, կփորձենք մատնանշել այն երեւույթները, որոնք բնութագրում էին մեր հասարակության վերաբերմունքը քաղաքական կյանքի նկատմամբ՝ խորհրդային համակարգի փլուզման պահին։ Առաջնային՝ իշխանությունը սուրբ է, պարկեշտ, ազնիվ, իմաստուն եւ ամենակարող: Հավելյալ՝ սեփական շահի մասին ոչ ռացիոնալ պատկերացում, այն ուղղված է ոչ թե ներկային, այլ հեռավոր ապագային, այն պատրանքային է: Սեփականությունը, շուկան ու մրցակցությունը բացասական երեւույթներ են: Քաղաքականությունը հասարակությունից անջատ երեւույթ է, եւ դրան մասնակցելը անիմաստ ու անհնար է։ Շարժում Խորհրդային համակարգի հոգեվարքը իր տարածքում ծնեց բազմաթիվ շարժումներ։ Սակայն կազմակերպված ու գործունյա, նպատակաուղղված ու արդյունավետ, հասարակական աջակցության ծավալներով նմանը չունեցող անկրկնելի մի երեւույթ դրսեւորվեց Խորհրդային Հայաստանում։ Այն հասարակական ընկալման մեջ անմիջապես փոխարինեց կոմունիզմի պատրանքային տեսլականը: Շարժման առաջադրած ազգային գերխնդիրները բավականաչափ իրագործելի էին եւ բխում էին հասարակության իրական շահերից։ Դրանք էին՝ անկախ պետականության եւ արցախյան հիմնահարցի կարգավորման գաղափարները: Սակայն որոշ բացառություններով, շարժումը չէր կարող ընկալվել հասարակության կողմից նոր ինքնագիտակցության պրիզմաներով. խորհրդային պետության հոգեվարքի վարկաբեկված իշխանության գաղափարը փոխարինվեց շարժման լիդերների սրբության պատկերացումով։ Հասարակության որոշ շերտերում նրանց նկատմամբ վստահության ու հավատի չափը գերազանցում էր նույնիսկ խորհրդային վաղեմի իշխանավորների հեղինակությանը։ Իրենց մի քանի խելամիտ ու արդյունավետ քայլերի շնորհիվ շարժման ղեկավարները ընկալվեցին որպես իմաստուն ու ամենակարող։ Խորհրդային մարդու՝ արժեքային ու իշխանության ընկալման առաջնային այս ստերեոտիպերը բավարար պայման էին հասարակական աջակցության համար, ինչն արդյունավետորեն օգտագործելով՝ Շարժումը կարողացավ աննախադեպ պտուղներ քաղել՝ ստեղծելով անկախ պետականություն ու ձեւավորել օրինական իշխանություն, որի գործունեությունը ուղղված էր բացառապես հասարակության իրական շահերին, այլ ոչ թե պատրանքային պատկերացումներին։ Սա օրինաչափորեն ուղեկցվեց արցախյան գոյամարտի շոշափելի ձեռքբերումներով։ Կարո՞ղ էին արդյոք այս ձեռքբերումները գնահատվել ըստ արժանվույն այն հասարակության կողմից, որը պատրաստ չէր ստանալ իր գործունեության պտուղները եւ զգալ իր մասնակցությունը դրան, քանի որ նա սովորել էր իր շահերն ընկալել իր կյանքի ընթացքում անհասանելի ապագայի տեսլականով։ Իսկ այս ձեռքբերումները գնահատելու համար պակասեցին սեփական շահերի մասին բանական ու իրատեսական պատկերացումները, ուստի այդ ձեռքբերումները նույնպես հասարակության ընկալման մեջ մնացին պատրանքային, որին ոչ պակաս չափով նպաստեցին խորհրդային տնտեսական համակարգի փլուզմամբ հրահրված տնտեսական ճգնաժամերն ու անկումը։ Այսինքն՝ նոր տեսլական ընկալումները չուղեկցվեցին հացով։ Հասարակությունը, որ սովոր չէր գիտակցել իր իրական շահերը, չկարողացավ անմիջապես ձեւափոխել իր ինքնագիտակցությունը դեպի իրատեսական գաղափարական դաշտ՝ նույնիսկ նման իրական ձեռքբերումներին մասնակից լինելու պայմաններում։ Անկախությունն ու հաղթանակը լավագույն դեպքում ընկալվեցին որպես ինքնաբերական բաներ. «այդպես էլ պետք է լիներ», «այդ ամենը եղավ մեր կամքից անկախ, իբրեւ նվեր»,- այսպիսի ստերեոտիպերը մնացին հասարակական գիտակցության մեջ դոմինանտ։ Անկախ պետության դարավոր երազանքը մարմնավորվելուց հետո չիմաստավորվեց ու չգնահատվեց հասարակության կողմից որպես գերագույն ձեռքբերում։ Շարժումը չկարողացավ երկարաժամկետ վստահության արժանանալ, քանի որ չկարողացավ փոփոխել հետխորհրդային հասարակություններին բնորոշ հավելյալ ընկալումները, որոնք հասարակությանը կանգնեցրին սեփական շահերի մասին պատկերացումների այլընտրանքի առջեւ։ Ամբողջատիրությունից դեպի շուկայական հարաբերություններ անցնող մեր հասարակության կյանքում շուկան ու մրցակցությունը դարձան վճռորոշ գործոններ, վերականգնվեց մասնավոր սեփականության ինստիտուտը: Դրանք հասարակությանը կանգնեցրին քաղաքական կյանքին մասնակից լինելու անհրաժեշտության առջեւ, որը նախատեսում էր պատասխանատվություն ու մեղսունակություն, ինչից զրկված էին խորհրդային իշխանությունների «բարի կամքով»։ Հավելյալ ընկալումների թելադրանքով փլուզվեց իշխանության մասին խորհրդային առասպելը՝ իշխանության սրբության, ամենակարողության ու իմաստության առասպելը: Այս կոնտեքստում ազատական բարեփոխումները հասարակության կողմից ընկալվեցին չոր ու մեխանիկորեն՝ չուղեկցվելով մեկնաբանություններով ու բացատրություններով: Դա հասարակությանը օտարեց բարեփոխումներից։ Նույնիսկ այն խավը, որ այս ընթացքում սեփականատեր դարձավ եւ շնորհիվ ազատ շուկայի ապահովեց նյութական բարեկեցություն, հիմնականում չընկալեց նոր, բանական արժեքային համակարգը եւ չդարձավ դրա պաշտպանն ու քարոզիչը։ Արդյունքում ծաղկեցին կլաններն ու մենաշնորհները, արժեզրկվեցին իրական ձեռքբերումները, ստեղծվեցին չարաշահումների բարենպաստ պայմաններ, որոնք պետական կարգավորման քողի ներքո վերածվեցին մրցակցության սահմանափակող գործոնի։ Հասարակության հիասթափությունը վերածնեց ու թարմացրեց նախկին համակարգի ընկալումների առասպելն ու կարոտախտ ծնեց՝ սրընթաց վայրէջք կատարելով դեպի պատասխանատվությունից ու մասնակցությունից զուրկ վաղեմի հեշտ կյանքի ուրվականը, որի կորստյան հիմնական մեղավորներ հռչակվեցին անկախության ու ժողովրդավարության առաջամարտիկները։ Դարձ դեպի նախկինը Հայ հասարակության փախուստը բանական համակարգից բավական հաջող օգտագործվեց 1998թ. փետրվարյան հեղաշրջման կազմակերպիչների կողմից։ Այդ գործընթացը ուղեկցվեց վիրտուալ շահերի նոր ուրվագծմամբ, որն իր վրա վերցրեց նացիոնալ-սոցիալիզմը։ Հասարակությունը կարոտել էր պատրանքային շահերի քարոզչամեքենային, որը կարող էր վանել մարդկանց վրայից մեղքի ու պատասխանատվության ծանր բեռը ու երջանիկ ապագա պարգեւել։ Անշուշտ, նորացված աշխարհում կոմունիստական արժեքները այլեւս օրախնդիր չէին, սակայն հասարակական ընկալումներում դեռեւս պարարտ հող կար ազգայնական պատրանքի համար։ Նման բնազդների վերականգնմանը նպաստող քարոզչությունը բավականին համոզիչ այլընտրանք դարձավ «կոմունիզմի ուրվականին», քանի որ պատմական զոհի ու գերտերության կերպարի շահարկումը լիովին տեղավորվում էին հասարակական շահերի վիրտուալ ընկալման մեջ։ Արցախը դարձավ այս խնդիրների մի մասը, իսկ խնդրի լուծման նախկինների փորձերը գնահատվեցին «ազգի թշնամու» խորհրդային պատկերացումների կաղապարով: Պարզունակ դարձան ու աղավաղվեցին հիմնախնդրի կարգավորման բարդագույն գործընթացները, ներքին ու արտաքին քաղաքականության իրապաշտական սկզբունքները, վերացվեցին շինիչ քաղաքական ուժերի գործունեության հնարավորությունները: Պետական համակարգը շատ բանով սկսեց նմանվել նախկին խորհրդայինին, իսկ նախկին կուսակցական ֆունկցիոներների խարիզման մարմնավորեց առաջնորդի կերպարը ու կասկածի տակ դրեց նոր համակարգի արդյունավետությունը։ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանը լիարժեք թեւակոխեց պատրանքային ազգայնամոլական գաղափարախոսության փուլը. ենթագիտակցական մակարդակում գտնվող ազգային բնազդները սկսեցին դրսեւորվել քաղաքական գործընթացներում։ Ազգայնամոլությունը դարձավ լեգիտիմության խիստ դեֆիցիտ ունեցող քոչարյանական-դաշնակցական քաղաքականությունն արդարացնող ու հենարան փնտրող միակ քարոզչական աղբյուրը։ Բնականաբար, այս քաղաքականությունը պիտի ուղղված լիներ բանական տարրերի ոչնչացմանն ու լրատվական դաշտը կեղծիքով ողողելուն։ Իրեն ներկայացնելով որպես ազգային ինքնագիտակցության կրող, քոչարյանական-դաշնակցական վարչախումբը իր տգիտությամբ գերազանցեց խորհրդային վարչախմբի բոլոր սահմաները՝ փորձելով ձեւակերպել ու մարմնավորել պատրանքի ազգային տեսլական, ինչից խոհեմաբար ձեռնպահ էին մնում կոմունիստները, քանի որ նրանք հասկանում էին, որ անհնար է սահմանել, առավել եւս՝ իրագործել պատրանքը. այն իսկույն բացահայտում է իր բովանդակության դատարկությունն ու ներկան վերածում անհեթեթության: Դա արտահայտվեց եւ՛ ներքին, եւ՛ արտաքին քաղաքականության մեջ։ Պատրանքը բանական ընկալում ու ձեւակերպում չունի, առավել եւս ծիծաղելի են քաղաքական դաշտում այն իրագործելու «ազնիվ ու միամիտ» մղումները։ Պատրանքը գոյություն ունի միայն ոչ բանական, ենթագիտակցական, բնազդային ընկալումների մեջ, այնքանով, որքանով չի անցնում գիտակցականի սահմանը։ Իսկ քարոզչության մեջ պատրանքը այնքանով է իրական, որքանով առնչվում է հեռանկարին։ Գաղափարներ ու ծրագրեր ձեւակերպել-իրագործել կարող են միայն այն քաղաքական ուժերը, որոնց գործունեությունը պայմանավորված է հասարակության իրական շահերով, որոնք արիություն ունեն շիտակ գնահատելու իրականությունը, ներկայացնելու հնարավորություններն ու ռեսուրսները։ Այս յուրօրինակ փորձը Շարժման ներկայացուցիչների կողմից չարժանացավ աջակցության՝ արդեն հասկանալի պատճառներով։ Քոչարյանական-դաշնակցական թեւը կամա թե ակամա մեծ ծառայություն մատուցեց ամբողջատիրության պատրանքային մտածողությունից, իրականության հիվանդագին ընկալումներից դեպի բանական, իրատեսական ընկալումների փուլը անցում կատարող մեր հասարակությանը։ Այն գտնվում է առողջացման փուլում։ Փորձելով ներկայանալ որպես ազգային ինքնագիտակցության կրող՝ Հայաստանում իշխող ներկա վարչախումբը հօդս ցնդեցրեց ազգային պատրանքի բնազդները, ցուցադրելով դրանց սնանկությունը։ Սա, թերեւս, որոշ չափով գիտակցեց միայն Քոչարյանը՝ հայտարարելով, թե ցեղասպանության ճանաչումից Հայաստանի քաղաքացիները ոչ մի շահ չունեն։ Հասարակությունը որոշ չափով ձերբազատվեց պատրանքային այն ընկալումից, թե իբր իշխանությունը պետք է լինի սուրբ, իմաստուն եւ ամենակարող։ Այժմ հասարակության մեջ նկատվում է որոշակի պրագմատիզմ սեփական շահերը հասկանալու տեսանկյունից: Ազատ շուկան սկսում է գնահատվել որպես արժանավորին որոշելու «արդարացի» տարբերակ՝ դրան հատկապես նպաստեց ազատական բարեփոխումների հետեւանքով 1990-ական թթ. կեսին նկատված որոշ տնտեսական առողջացումը։ Հայ հասարակությանը մնում է կատարել մեկ կարեւոր քայլ եւս՝ քաղաքացիական ու քաղաքական ակտիվ գործունեությամբ պարտադրել իշխանության ձեւավորման եւ փոփոխման ժողովրդավարական կանոններ։ ԷՄԻԼ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել