ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ Ցանկություններ եւ իրողություններ 1997թ. ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի քանի ծրագիր. մայիսին առաջին փաթեթայինը, հուլիսին՝ կողմերի առարկությունների ու վերապահումների հիման վրա փոփոխված երկրորդ փաթեթայինը, իսկ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ փաթեթը սկզբունքորեն անհնար է համաձայնեցնել, սեպտեմբերին ներկայացվեց փուլային ծրագիրը: Ադրբեջանը մերժեց երկու փաթեթայինները եւ ընդունեց փուլայինը: Հայաստանը ընդունեց ե՛ւ առաջին ու երկրորդ փաթեթայինները, ե՛ւ փուլայինը: Ղարաբաղը մերժեց թե՛ առաջին, թե՛ երկրորդ փաթեթայինները, թե՛ փուլայինը: Ընդ որում, Հայաստանը եւ Ադրբեջանը իրենց համաձայնությունները տվեցին որոշակի վերապահումներով, իսկ ԼՂՀ-ն, բնականաբար, առաջարկները մերժեց հիմնովին: 1998թ. փետրվարին Հայաստանում իրականացրած հեղաշրջումից հետո, ստանձնելով հակամարտության կարգավորման պատասխանատվությունը՝ արդեն ապրիլին Քոչարյանը հանդես եկավ առանց նախապայմանների փաթեթային կարգավորման պահանջով, որը հետագայում հանգեցրեց ինքնորոշման իրավունքի սկզբունքից հրաժարման: Նույն տարվա հոկտեմբերին ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը հայտարարեց. «Թույլ տվեք հստակորեն արտահայտել իմ կառավարության պատրաստակամությունը՝ չառաջադրել անկախության կամ Հայաստանի հետ միավորման պահանջներ» («Ազգ»,10.10.98): Մեկ ամիս անց՝ 1998թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները ներկայացրին կարգավորման չորրորդ ծրագիրը, որը «Համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին» հատվածում նախատեսում էր. «Ղարաբաղը Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում», «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները, որպես անձը հաստատող վկայական, կունենան Ադրբեջանի անձնագիր»: Ադրբեջանը մերժեց կարգավորման այդ պլանը, իսկ Հայաստանը եւ ԼՂՀ-ն գոնե հրապարակայնորեն անվերապահ ընդունեցին այն: 1999թ. նոյեմբերին Քոչարյանն առանց վերապահումների ստորագրեց ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի փաստաթղթերը, որոնցով հակամարտությունների լուծման հարցում գերապատվությունը տրվում էր տարածքային ամբողջականության սկզբունքին: ԵԱՀԿ ՄԽ-ի ֆորմատից բանակցային գործընթացը երկկողմ հանդիպումների ֆորմատ փոխադրելու Քոչարյանի առաջարկի հետեւանքով բանակցային գործընթացում էապես վատթարացան հայկական կողմերի դիրքերը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս մղվեց բանակցություններից, ղարաբաղյան հիմնախնդիրը նենգափոխվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի, եւ տարածքների փոխանակման շուրջ բանակցություններում Քոչարյանը սակարկության դրեց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Բանակցություններում ԼՂՀ մասնակցությունը վերականգնելու ԵԱՀԿ ՄԽ-ի փորձերին Քոչարյանը 2002թ. սկզբին հակադարձեց անհապաղ «փարիզյան սկզբունքներին» վերադառնալու պահանջով: Ի պատասխան դրա, Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը եւ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ Ա.Գրիբկովը հաստատեցին, որ վերոնշյալ սկզբունքները նախատեսում էին Մեղրիի տարածքի վրա Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում: Իր հերթին, արձագանքելով փուլային կարգավորմանը վերադառնալու հնարավորություններին, ԼՂՀ-ն կրկին որպես նախապայման առաջադրեց Ղարաբաղի անկախությունը: Ամբողջական պտույտ գործելով, ԼՂՀ իշխանությունները վերադարձան «ելման կետին»: Սակայն առաջին հայացքից «կոշտ» թվացող այս դիրքորոշումն իրավիճակային քայլ էր եւ փաստում է 1998թ. հեղաշրջումն արդարացնելու նպատակով հռչակված սկզբունքների պարտությունը: Կարգավորման ներկա փուլի միտումները ճիշտ ընկալելու համար անհրաժեշտ է անդրադառնալ կարգավորման ակունքներին, իմաստավորել Հայաստանի առաջին իշխանությունների դիվանագիտական նվաճումները եւ դրանք հետեւողականորեն փոշիացնելու՝ Հայաստանի ու Ղարաբաղի ներկա իշխանությունների ուղեգիծը: Հայաստանի իշխանությունների դիվանագիտական եւ ռազմական հաջողությունները Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող հայերի քաղաքացիական իրավունքների ոտնահարումները, ազգային, կրոնական զգացումների արհամարհումը, բռնությունների եւ էթնիկ զտման քաղաքականությունը 1988թ. հանգեցրին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայության ինքնակազմակերպմանը եւ հանուն մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության: Իսկ իր հոգեվարքն ապրող ԽՍՀՄ-ը Ղարաբաղի հարցում ի ցույց դրեց ներքին հակասությունները քաղաքական եւ խաղաղ ճանապարհով լուծելու իր անկարողությունը: 1990թ. մայիսի խորհրդարանային ընտրությունների արդյունքում ձեւավորված Հայաստանի ոչ կոմունիստական, ժողովրդավարական իշխանությունները ստանձնեցին Ղարաբաղի անվտանգության երաշխավորի դերը՝ ամենայն աջակցություն ցուցաբերելով նրան: Հայաստանը մերժեց Ղարաբաղի ինքնորոշման հիմնահարցը որպես միջկրոնական դիմակայություն կամ Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ ներկայացնելու Ադրբեջանի ջանքերը: Կործանվող կայսրության փլատակների վրա առաջացող Ադրբեջանը պետական անկախություն հռչակեց (1991թ. օգոստոսի 30)՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության կատարյալ կորստի պայմաններում: Իսկ մի քանի օր անց՝ սեպտեմբերի 2-ին, ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի իշխանության ներկայացուցիչների լեգիտիմ համաժողովը, ԽՍՀՄ Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան, հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ-ն պատրաստակամություն հայտնեց Ադրբեջանի հետ քաղաքական բանակցություններ սկսել իր կարգավիճակի հարցը քննարկելու նպատակով: Ղարաբաղի քայլերին ի պատասխան՝ նոյեմբերի 26-ին Ադրբեջանի ԳԽ-ն որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը լուծարելու մասին եւ դիմեց ագրեսիայի՝ լիակատար շրջափակելով Հայաստանն ու Ղարաբաղը, ռազմական գործողություններ սանձազերծեց Հայաստանի սահմանամերձ շրջաններում ու բուն Ղարաբաղում: Այս ամենը ավելորդ անգամ համոզեցին հայկական կողմին, որ Ադրբեջանը մերժում է քաղաքական երկխոսության ուղին, եւ 1992թ. հունվարի 6-ին ԼՂՀ Ազգային ժողովը, հիմնվելով 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա, հռչակեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ղարաբաղյան հակամարտությունը ԽՍՀՄ-ի ներքին հիմնախնդրից տրանսֆորմացվեց միջազգային հիմնախնդրի, որի կարգավորման գործընթացին 1992թ. ներգրավված է ԵԱՀԽ-ն: Հայաստանի իշխանությունների իրականացրած քաղաքականության իրավացիությունը ապացուցվեց Հայաստանին եւ Ղարաբաղին ցուցաբերած միջազգային աջակցությամբ: ԱՄՆ Սենատը 1992թ. փետրվարի 4-ին ընդունեց «Ազատության պաշտպանության ակտի» թիվ 907 բանաձեւը, որն արգելում էր կառավարական մակարդակով ֆինանսական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին այնքան ժամանակ, որ վերջինս չի դադարեցրել ՀՀ եւ ԼՂՀ շրջափակումը, չի դրսեւորել կառուցողական դիրք, զինադադարի պատրաստակամություն: Միջազգային հանրությունն ընդունեց խաղաղ կարգավորման Հայաստանի կողմից առաջադրված մոտեցումը (ղարաբաղյան հարցը ինքնորոշման խնդիր է, վերջնական որոշումը պետք է կայացնեն հակամարտության երկու կողմերը՝ Ադրբեջանն ու Ղարաբաղը, իսկ Հայաստանը հանդես է գալիս որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր) եւ մեթոդաբանությունը (զինված առճակատման դադարեցում, կարգավորման պլանի ընդունում, խաղաղության կոնֆերանսի նախապատրաստում): Մինչդեռ Ադրբեջանը, շարունակելով հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր քաղաքական ուղեգիծը, շրջանցում էր կարգավորման մեթոդաբանության հարցերը, իսկ ֆորմատի հարցում փորձում ինքնորոշման իրավունքը նենգափոխել Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի՝ հրաժարվելով ճանաչել Ղարաբաղին որպես հակամարտության կողմ (ի դեպ, 1998թ. հեղաշրջումն իրականացրած մարդկանց ջանքերով՝ այս քաղաքականությունը լիակատար հաջողության հասավ): ԵԱՀԽ (1992-ից՝ ԵԱՀԿ) նախարարների խորհուրդը 1992թ. մարտի 24-ի իր որոշմամբ ըստ էության հաստատագրեց հակամարտության փուլային կարգավորման հայեցակարգը: Մասնավորապես, պահանջվում էր առանց նախապայմանների եւ տեղերում պատասխանատու հրամանատարների մասնակցության՝ զինադադար հաստատել, ապա սկսել խաղաղ կարգավորման գործընթաց: Կողմերին կոչ էր արվում կառուցողական երկխոսության համար անհրաժեշտ վստահության մթնոլորտ եւ պայմաններ ստեղծել, դադարեցնել բոլոր տեսակի, «այդ թվում տնտեսական եւ քաղաքական ճնշումների գործադրումը»: Միեւնույն ժամանակ ԵԱՀԽ-ն հետաձգում էր ԼՂ կարգավիճակի որոշումը եւ հատուկ շեշտվում էր, որ կարգավորումը պետք է հիմնվի ԵԱՀԽ սկզբունքների (այդ թվում նաեւ ինքնորոշման իրավունքի), պարտավորությունների եւ որոշումների վրա: Կարեւորվում էր նաեւ մարդասիրական միջանցքների ստեղծումը եւ կոչ էր արվում ԵԱՀԽ անդամ երկրներին արդյունավետ քայլեր ձեռնարկել հակամարտությունից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով: ԵԱՀԽ-ն Ղարաբաղը ճանաչում էր որպես հակամարտող կողմ: Որպես խաղաղության կոնֆերանսի մասնակիցներ նշանակվեցին Հայաստանը, Ադրբեջանը, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխիայի եւ Սլովակիայի Դաշնային Հանրապետությունը, Շվեդիան եւ ընդգծվեց, որ կոնֆերանսին կհրավիրվեն «Լեռնային Ղարաբաղի ընտրված եւ այլ ներկայացուցիչները»: Այս վերջին հանգամանքը վկայում էր, որ ճանաչվում էր Ղարաբաղի իշխանությունների եւ նրանց ընդունած որոշումների լեգիտիմությունը: Իսկ դեպքերը ընթանում էին, ինչպես ընդունված է ասել, վատից դեպի վատթարը. 1992թ. գարնանը ադրբեջանական զորամիավորումները գրավել էին Ղարաբաղի տարածքի մոտ կեսը եւ գրեթե լիակատար մեկուսացրել այն արտաքին աշխարհից, Ստեփանակերտը եւ մերձակա հայկական բնակավայրերը զանգվածաբար ռմբակոծում էին Շուշիի կրակակետերից: Այդ ընթացքում միջազգային ասպարեզում Հայաստանի իշխանությունների իրականացրած գործունեության շնորհիվ միջազգային հանրությունն արդեն համոզվեց, որ Ղարաբաղի անվտանգության միակ երաշխիքը նրա կազմակերպված ինքնապաշտպանությունն է: Ուստի, երբ 1992թ. մայիսի 9-ին հայկական զորամիավորումները ազատագրեցին Շուշին, իսկ մայիսի 17-ին վերահսկողություն սահմանեցին Լաչինի միջանցքի նկատմամբ՝ միջազգային հանրությունը զերծ մնաց դատապարտող որոշումներից: Նույն տարվա դեկտեմբերի 14-15-ը Ստոկհոլմում կայացած ԵԱՀԽ արտգործնախարարների խորհրդաժողովը Հայաստանի ջանքերով մերժեց հակամարտությունը Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի նենգափոխելու նպատակով Ադրբեջանի՝ Հայաստանին ագրեսոր ճանաչելու պնդումը: Հարկ է նշել, որ այդ շրջանում Հայաստանը մեծ դժվարություններով դիմակայում էր իրեն պատերազմի մեջ ներքաշելու Ադրբեջանի նպատակաուղղված գործողություններին: 1993թ. հրահրելով լայնամասշտաբ ռազմական հարձակում, Ադրբեջանը նոր եւ զգալի տարածքային կորուստներ ունեցավ: Ապրիլ-հոկտեմբեր ամիսներին հայկական զինված ուժերը վերահսկողություն հաստատեցին Ադրբեջանի մի քանի շրջանների նկատմամբ: Անմիջապես արձագանքելով ռազմական գործողություններին եւ դատապարտելով ադրբեջանական տարածքների գրավման փաստերը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը իր թթ. 822 (30.04.93), 853 (29.07.93), 874 (14.10.93) եւ 884 (12.11.93) բանաձեւերով ընդունում էր, որ տարածքները գրավվել են տեղի հայկական ուժերի կողմից, Ղարաբաղը ճանաչվում էր որպես հիմնական հակամարտող կողմ, կոչ էր արվում Հայաստանին՝ իր ազդեցությունն օգտագործել, որպեսզի Ղարաբաղը կատարի բանաձեւերը: Միաժամանակ, տարածքներից հետքաշումը զուգակցվում էր Հայաստանի եւ Ղարաբաղի ապաշրջափակման պահանջի հետ: 1992թ. մայիսից Ադրբեջանը զինադադար հաստատելու նախապայման էր առաջադրել գրավյալ տարածքների վերադարձը, Հայաստանն, իր հերթին, տարածքները վերադարձնելուց առաջ պահանջում էր թշնամական գործողությունների, մասնավորապես՝ շրջափակման վերացում: Զուգակցելով կողմերի պահանջները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հորդորում էր զորքերի դուրսբերումը կատարել ԵԱՀԽ «նորացված գրաֆիկի» համաձայն, որը նախատեսում էր լիակատար ապաշրջափակման իրականացում: Ի պատասխան դրան՝ ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ երաշխավորում է իր տարածքով Ադրբեջան տանող հաղորդակցության ուղիների անվտանգությունը: Կորցրած տարածքները վերադարձնելու նպատակով Ադրբեջանի նախաձեռնած հակահարձակումը 1994թ. սկզբներին սպառնում էր վերածվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի: Այդ ժամանակ էր, որ կրկին ակտիվացան Ռուսաստանի եւ ԵԱՀԽ-ի միջնորդական ջանքերը: Զինադադար կնքելու կոնկրետ ծրագրերը կողմերի ուշադրությունը բեւեռում էին հակամարտության կարգավորման մեթոդաբանության, բանակցությունների ֆորմատի, ինչպես նաեւ ռազմական գործողությունները դադարեցնելու նախապայմանների եւ փոխզիջումների վրա: Թեեւ այդ ընթացքում Ալիեւը հայտարարում էր, որ Ադրբեջանն իր հույսը դնում է միմիայն բանակի վրա, այդուհանդերձ կարգավորման մեթոդաբանության վերաբերյալ պաշտոնական Բաքվի տեսակետները հուշում էին, որ նա հարկադրված հրաժարվել է հարցը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից: Մեթոդաբանության հարցում կողմերը համամիտ էին հետաձգել ԼՂ կարգավիճակի հարցի քննարկումները, սակայն մյուս բոլոր հարցերում հակասությունները պահպանվում էին: Մասնավորապես, ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում էր՝ քանի դեռ պատերազմը չի դադարել, Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկումները կարող են միայն հետաձգել հակամարտության լուծումը: Նա փոխզիջման նախապայման էր նշում Ղարաբաղի բնակչության անվտանգության միջազգային երաշխիքները՝ կարեւորելով բուֆերային գոտում եւ հաղորդակցության միջանցքներում խաղաղապահ ուժերի տեղակայումը, ինչպես նաեւ՝ ԼՂ քաղաքական կարգավիճակի հարցը միջազգային կազմակերպություններին վերապահելը, որը կբացառի ադրբեջանական կողմի կամայականությունը: Պաշտպանելով կարգավիճակի հարցի քննարկումները հետաձգելու դիրքորոշումը՝ մարտի 12-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Իջեւան-Ղազախ հատվածում ՀՀ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ռասուլ Գուլիեւը նշում էր, որ զինադադարին պետք է հաջորդեն գրավյալ տարածքների վերադարձը, բացառությամբ Լաչինի, որը կպահպանվի որպես մարդասիրական միջանցք, այնուհետեւ պետք է վերականգնվեն տրանսպորտային եւ էներգետիկ հաղորդակցությունները, ապահովվի փախստականների վերադարձը, եւ միայն դրանից հետո քննարկվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Գուլիեւը մերժում էր Ղարաբաղի՝ որպես հակամարտող կողմի իրավունքները եւ բուֆերային գոտում բաժանարար ուժերի տեղակայումը, սակայն համաձայնում միջազգային դիտորդների ներկայությանը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի իշխանություններին, ապա ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը հաստատում էր. «Մեր հիմնական խնդիրն այն է, որ դադարեցվեն ռազմական գործողությունները: Միայն դրանից հետո հնարավորություն կլինի լուծել քաղաքական հարցեր»: Անդրադառնալով «Հող՝ հանուն խաղաղության» կարգախոսին, Ա.Ղուկասյանն ասում էր. «Մենք համաձայն ենք ձեւակերպման հետ, բայց միշտ փորձում ենք այդ խաղաղության իմաստը բացատրել: Մեր կարծիքով խաղաղություն հնարավոր է միայն Ղարաբաղի կարգավիճակի վերջնական լուծումից հետո»: Այդուհանդերձ, ԼՂՀ ԱԳ նախարարը նաեւ հավաստիացնում էր՝ «եթե հարցի լուծումը կախված լինի՝ խաղաղություն, թե պատերազմ, մենք գերադասում ենք խաղաղությունը» («Ազգ», 14.05.94): Թեեւ Ադրբեջանն ի սկզբանե մերժում էր Ղարաբաղի իրավունքները, այնուամենայնիվ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ղարաբաղի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահների հետ ստորագրած հրադադարի մասին փաստաթղթով («Բիշքեկի արձանագրություն»), որը հիմք ստեղծեց հակամարտության գոտում զինադադարի հաստատման համար, Ղարաբաղը ճանաչեց լիիրավ հակամարտող կողմ, ինչպես նաեւ հավանություն տվեց խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Փաստաթուղթը կոչ էր անում հակամարտող կողմերին սեղմ ժամկետներում կրակի դադարեցումն ամրապնդել համաձայնագրով, որը կնախատեսի զինվորական եւ թշնամական գործողությունները դադարեցնելու մեխանիզմ, զորքերի դուրսբերում գրավյալ տարածքներից, հաղորդակցության վերականգնում: Հայաստանը, Ղարաբաղը եւ Ադրբեջանը ստանձնում էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԽ-ի սկզբունքներն ու որոշումները կատարելու պարտականությունը: 1994թ. հուլիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովը եւ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը ստորագրեցին զինադադարը պահպանելու համաձայնագիր: Զինադադարը թույլ տվեց հետագա ամիսներին Մոսկվայում անցկացնել տարբեր մակարդակի եռակողմ բանակցություններ, որոնց շրջանակում տեղի ունեցավ նաեւ Ադրբեջանի ու ԼՂՀ նախագահների հանդիպումը: Նույն տարվա օգոստոսին ստորագրվեց զինադադարն առանց վերապահումների պահպանելու եռակողմ համաձայնագիրը: Այսպիսով, * ԵԱՀԽ նախարարների խորհուրդը եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ղարաբաղը ճանաչեցին որպես հակամարտության կողմ, հաստատագրվեց հակամարտության փուլային կարգավորման հայեցակարգը: * Գրավյալ տարածքներից առանց նախապայմանների զորքերի հետքաշման պահանջը զուգակցվեց Հայաստանի եւ Ղարաբաղի ապաշրջափակման պահանջին: * Ռազմական հաջողությունները ամրապնդվեցին դիվանագիտականով, ապահովվեց Ղարաբաղի փաստացի անկախությունն ու անվտանգությունը: Ղարաբաղը՝ հակամարտության լիիրավ կողմ եւ բանակցությունների մասնակից Հայաստանի տեսակետները վճռորոշ նշանակություն ունեցան ԵԱՀԿ որոշումների վրա: ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում (1994թ. դեկտեմբեր) նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին ընդգծեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել գործող զինադադարի պահպանումը՝ անհապաղ տարածաշրջան ուղարկելով միջազգային դիտորդների. «…կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջազգային բաժանարար ուժերի տեղակայման ճանապարհով այնքան ժամանակ, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսը, որին Լեռնային Ղարաբաղը կմասնակցի որպես լիիրավ անդամ, չի մշակի հիմնախնդրի վերջնական լուծում»: Զինված հակամարտությունը դադարեցնելու մասին քաղաքական համաձայնագիր կնքելու նպատակով Բուդապեշտի գագաթաժողովը նախաձեռնեց գործնական քայլեր: Համակարգվեց Ռուսաստանի եւ Մինսկի խմբի առանձին անդամների ջանքերը ԵԱՀԿ շրջանակներում. բանակցությունների համար միասնական եւ համաձայնեցված հիմքեր ստեղծելու, ինչպես նաեւ միջնորդական եւ բանակցային գործունեությունը համակարգելու նպատակով ԵԱՀԿ գործող նախագահին հանձնարարվեց նշանակել Մինսկի կոնֆերանսի համանախագահողներ: ԼՂ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով հանձնարարվեց գործող նախագահին մշակել ԵԱՀԿ-ի խաղարար ուժերի կազմի եւ գործունեության ծրագիր (այդ նպատակով Վիեննայում ստեղծվեց բարձր մակարդակի պլանավորման խումբ): Եվ, վերջապես, վերահաստատվեց փուլային կարգավորման հայեցակարգը: Ընդգծելով, որ համաձայնագրի կնքմանը նպատակամղված բանակցություններում հիմք պետք է ընդունվի միջնորդական գործունեության ընթացքում ձեռք բերված առաջընթացը՝ ԵԱՀԿ-ն հստակ տարանջատում էր կարգավորման փուլերը. միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում եւ հակամարտության հիմնական հետեւանքների վերացումը վերապահվում էր համաձայնագրի իրագործման փուլին, որի իրագործումը հնարավորություն կընձեռի գումարել Մինսկի կոնֆերանսը: Հատկանշական է, որ գագաթաժողովը բացառում էր բանակցություններում նախապայմաններ ներկայացնելու հնարավորությունը: Այսպիսով, 1995թ. ԵԱՀԿ-ը ստեղծել էր որոշակի պայմաններ քաղաքական համաձայնագրի շուրջ արդյունավետ բանակցությունների համար՝ հաստատվել էր բանակցային գործընթացի ֆորմատը (ԵԱՀԿ համանախագահների մասնակցությամբ Հայաստան-Ադրբեջան-Ղարաբաղ բանակցություններ), մշակվել էր համանախագահության գործունեության նպատակային եւ արդյունավետ մանդատ, պլանավորման խումբը սկսել էր խաղաղապահ ուժերի կազմակերպման աշխատանքները: Բանակցություններում պետք է քննարկվեին հակամարտության փուլ առ փուլ կարգավորման քայլերը՝ հակամարտության հետեւանքները վերացնելու միջոցառումները եւ Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, իսկ համաձայնագիրը կնքելուց հետո կողմերը պետք է բանակցեին ԼՂ կարգավիճակի հարցը: Սակայն, ակնկալելով Կասպից ծովի նավթային պաշարների շահագործման եւ փոխադրման հարցերով շահագրգիռ երկրների աջակցությունը, Ադրբեջանը կոշտացրեց իր դիրքորոշումները: Նա որպես բանակցությունների նախապայման առաջադրեց գրավյալ տարածքների վերադարձը, ինչպես նաեւ փորձում էր փոխել բանակցությունների ֆորմատը՝ մերժելով Ղարաբաղի հակամարտող լիիրավ կողմի իրավունքները: Ղարաբաղյան կողմը, յուրովի ձեւափոխելով կարգավորման մեթոդաբանությունը, նշում էր, որ տարածքների հարցը նույնպես քաղաքական բնույթ է կրում, ուստի այն պետք է քննարկվի բացարձակապես քաղաքական կարգավորման ընդհանուր կոնտեքստում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական համաձայնագրի քննարկումների ընթացքում (փետրվարի 6-12) Ադրբեջանը կրկին արծարծեց բանակցություններում իբրեւ հակամարտության կողմ Ղարաբաղի մասնակցությունը դադարեցնելու հարցը: Հարկ է նշել, որ 1995 թվականի գարնանը Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու նպատակով ադրբեջանական զինված ուժերը շարունակում էին ոտնձգությունները Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմաններում: Հակառակ Ադրբեջանի սպասելիքներին, ԵԱՀԿ ավագ պաշտոնատար անձանց՝ 1995թ. մարտի 30-31-ը Պրահայում տեղի ունեցած հանդիպումը ավելի հստակ ձեւակերպումներով հաստատեց, որ Ղարաբաղը որպես լիիրավ հակամարտող կողմ բանակցությունների բոլոր փուլերի մասնակից է: Վերահաստատվեցին նաեւ բանակցային գործընթացում (ներառյալ Մինսկի կոնֆերանսը) կողմերի կարգավիճակի վերաբերյալ որոշումները եւ կոչ արվեց կողմերին՝ Հայաստանին, Ղարաբաղին ու Ադրբեջանին սկսել քաղաքական բանակցություններ առանց նախապայմանների: Փուլային կարգավորման բանակցություններում Ղարաբաղը պահանջում է կանխորոշել իր կարգավիճակը Դիվանագիտական եւ ռազմական հաջողությունների շնորհիվ հակամարտության նպաստավոր կարգավորման համար ապահովվել էին բոլոր հնարավոր պայմանները, սակայն քաղաքական համաձայնագրի շուրջ 1995թ. ապրիլին վերսկսված բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմը սկսեց հետապնդել ստատուս քվոն պահպանելու նպատակ: Նախնական փուլում այն իրագործվում էր կարգավորման մեթոդաբանությունը փոփոխելու փորձերով: Դրա սկիզբը դրվեց 1995թ. ապրիլին: Նախ ՌԴ Դումայում ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի կազմակերպած Ղարաբաղի հակամարտության գոտու իրավիճակի մասին խորհրդարանական ունկնդրումների ընթացքում ԼՂՀ նախագահ Ռ. Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը հայտարարեց, որ Ղարաբաղը կողմ է խնդրի փաթեթային լուծմանը՝ հրադադարի ամրապնդման երաշխիքներ, բուֆերային գոտու ստեղծում, խաղաղապահ ուժերի տեղաբաշխում եւ քաղաքական կարգավորման միջոցառումների ձեռնարկում: Իսկ ԼՂՀ ԱԳ նախարար Ա.Ղուկասյանը հայտարարեց, որ հայկական զորքերը չեն հեռանա գրավված տարածքներից, քանի դեռ չի մշակվել քաղաքական լուծում, ավելացնելով, որ ԼՂՀ-ն նման լուծում է համարում Ադրբեջանի կողմից իր անկախության ճանաչումը: Ուշագրավ է, որ այս փուլում ղարաբաղյան կողմը չէր խուսափում «գրավյալ տարածքներ» բնորոշումից: Ի պատասխան դրան, ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով առանց նախապայմանների բանակցել հակամարտության դադարեցման եւ դրա հետեւանքների վերացմանն ուղղված քաղաքական համաձայնագրի շուրջ: Սակայն ՄԽ-ի շրջանակներում մայիսին վերսկսված եռակողմ բանակցությունների նախնական փուլերում Ադրբեջանը եւ Ղարաբաղը շարունակում էին առաջադրել նախապայմաններ: Ադրբեջանական կողմը պնդում էր, որ համաձայնագրում ներառվի գրավված բոլոր տարածքներից, այդ թվում Շուշիից եւ Լաչինից զորքերի հետքաշումը: Ըստ պաշտոնական Բաքվի, Լաչինի միջանցքի կարգավիճակի քննարկումները պետք է հետաձգվեին մինչեւ զորքերի դուրսբերումը: Ղարաբաղը զինադադարի համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի նախապայման էր առաջադրում իր կարգավիճակի սահմանումը: Արդեն հուլիսի 24-28-ը Բադենում տեղի ունեցած բանակցություններից հետո ԼՂՀ ԱԳ նախարարը նշում է. «Մինսկի խմբի անդամներին պարզ է դարձել, որ առանց քաղաքական կարգավիճակի՝ խնդրի ոչ մի առաջընթաց բանակցություններում չի արձանագրվի» եւ ավելացնում. «իհարկե, պատրաստ ենք վերադարձնել գրավված տարածքները, սակայն պահանջում ենք համարժեք փոխհատուցում», իսկ քաղաքական փոխհատուցում ասելով Ղարաբաղը հասկանում է «ԼՂ անկախ կարգավիճակը»: Դժգոհելով, որ Ադրբեջանը շարունակում է մերժել կարգավիճակի հարցի քննարկումները, նա զգուշացնում էր՝ «եթե այսպես երկար շարունակվի, մենք պարզապես կհրաժարվենք նրանց հուզող խնդիրների մասին բանակցել եւ կսառեցնենք այսօրվա դրությունը մինչեւ Ադրբեջանը հասունանա առողջ երկխոսության համար» («Ազգ»,2.8.95): Հայաստանի դիրքորոշումը անփոփոխ էր՝ ապահովել Ղարաբաղի անվտանգությունը։ Անվտանգության կենսական երաշխիքներ էին համարվում Լաչինի միջանցքի նկատմամբ Ղարաբաղի հսկողության պահպանումը, խաղաղապահ ուժերի տեղադրումը, վերադարձվող տարածքների ապառազմականացումը, իսկ կարգավիճակի հարցն անհրաժեշտ է հետաձգել մինչեւ Մինսկի կոնֆերանս: Ինչ վերաբերում է Շուշիի հարցին, ապա այն պետք է քննարկվի Լաչինի հարցից անջատ, քանի որ առաջինը զուտ փախստականների վերադարձի հարց է, իսկ երկրորդը՝ անվտանգության կարեւորագույն բաղադրիչ: Նախքան ԵԱՀԿ ԱԳ նախարարների 1995թ. դեկտեմբերի Բուդապեշտի հանդիպումը, զինադադարի համաձայնագրի նախագծի վերաբերյալ կողմերի միջեւ համաձայնություն ձեռք բերելու նպատակով ՄԽ-ն ձգտում էր ապահովել Ղարաբաղի անվտանգության առավելագույն երաշխիքներ: Արդեն լրջորեն քննարկվում էին Ղարաբաղի անվտանգության հարցում Հայաստանին ավելի մեծ դեր վերապահելու առաջարկները: Նկատելի ջանքեր էր գործադրում Լաչինի հարցի շուրջ կողմերի տեսակետները մոտեցնելու ուղղությամբ: Նրանց քննարկմանն էին ներկայացվել Հայաստանի կողմից Լաչինի միջանցքը երկարաժամկետ վարձակալելու կամ Լաչինին միջազգային երաշխիքներով ապահովված տարանցիկ գոտու կարգավիճակ տալու առաջարկները: Ավելին, ՄԽ-ն արդեն ճանաչում էր Ղարաբաղի ինքնապաշտպանության իրավունքը: Նկատելի էր նաեւ, որ Ադրբեջանն էլ, իր հերթին, փոխզիջումների պատրաստակամություն էր դրսեւորում: Արդեն սեպտեմբերի 4-12-ը Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում քաղաքական համաձայնագրում ներառվեցին Ղարաբաղի անվտանգության խնդիրների շուրջ դրույթներ, այդ թվում՝ կողմերի շփման գծով սահմանազատման եւ դրա հետ կապված բուֆերային գոտու ստեղծման, ծանր ռազմական տեխնիկայի հետքաշման եւ կենտրոնացման, հակամարտության գոտու (ի դեպ, առ այսօր սահմանված չէ «հակամարտության գոտի» հասկացությունը) ապառազմականացման, ռազմական թռիչքների օդային տարածքների սահմանափակման եւ, վերջապես, սպառազինությունների վերահսկման ու սահմանափակման մասին կետեր: ԼՂՀ ԱԳՆ-ն բավարարված մեկնաբանում էր. «Կարծում եմ, հասկանալի է, թե ում է ձեռնտու այդ պայմանավորվածությունը, եթե հիշենք ԼՂՀ բնակավայրերի օդային ռմբահարումները ոչ հեռավոր անցյալում»: Այդուհանդերձ, ընդգծվում էր, որ ղարաբաղյան կողմը այդ բանակցություններում պնդել է նախապես հստակեցնել ԼՂ կարգավիճակը («Ազգ», 16.9.95): Ադրբեջանի փոխզիջումների պատրաստակամության ֆոնի վրա փուլային կարգավորման նախագծին հակասող նախապայմաններ առաջադրելու Ղարաբաղի ուղեգծի անմիջական արձագանքը եղավ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ սեպտեմբերի 12-ի հաղորդագրությունն այն մասին, որ ԱՄՆ-ը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում այնպիսի մի կազմավորում, ինչպիսին ԼՂՀ-ն է: Հետագայում նույնպես Ղարաբաղը հետեւողականորեն թուլացնում էր սեփական դիրքերը, ինչը բերում էր ճկունություն դրսեւորող Ադրբեջանի առավելությանը բանակցություններում: Հոկտեմբերի 9-15-ը Ֆինլանդիայում տեղի ունեցած բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահի խորհրդական Վ.Գուլուզադեն հայտարարում է. «Մենք պատրաստ ենք քննարկել ԵԱՀԿ ուժերի կողմից Ստեփանակերտի ճանապարհի եւ Լաչինի միջանցքի սահմանափակ հսկողության հարցը»: Իսկ ԼՂՀ ԱԳ նախարարը հայտնում է, թե նույն բանակցությունների ընթացքում ինքը նշել է, որ Մինսկի կոնֆերանսի շրջանակներում ԼՂ կարգավիճակը ճշտելու պայմանավորվածությունն «ամենեւին չի բացառում ժամանակավոր կարգավիճակի հաստատումը, որը կպարունակի վերջնական տարբերակի հիմնական տարրերը»: («Ազգ», 21.10.95): Այս եւ հետագա բանակցություններից հետո, անկեղծորեն խոստովանելով իր նկատմամբ գործադրվող ճնշումների եւ տագնապների մասին, Ղարաբաղը չէր թաքցնում, որ իր կարգավիճակը սահմանելու պնդումներն իրականում պայմանավորված էին ստատուս քվոն պահպանելու ձգտմամբ: Նոյեմբերին, դժգոհելով, որ ադրբեջանական կողմը վերստին խուսափում է ԼՂ կարգավիճակի եւ սահմանների խնդրի քննարկումից, Ա.Ղուկասյանն ասում էր. «Ադրբեջանը բառացիորեն փորձում է հասնել Լեռնային Ղարաբաղի անձնատուր լինելուն: Մինչդեռ իրականությունն այն է, որ կողմերից ոչ մեկը կարգավորման ընթացքում չի հասնի իր առավելապաշտական պահանջների բավարարմանը»: («Ազգ», 22.11.95): Փաստորեն, հրաշալի գիտակցելով այդ փուլում ԼՂ անկախության ճանաչմանը հասնելու անիրատեսությունը, Ղարաբաղի իշխանությունները յուրաքանչյուր պահի վտանգում էին փխրուն զինադադարը՝ չզգուշանալով կորցնել բանակցությունների ճանապարհով Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների հետ կապված պայմանավորվածությունները: 1995թ. Բուդապեշտի ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ, անընդունելի գնահատելով այն տարբերակները, որոնք ենթադրում են Ղարաբաղի որեւէ ենթակայություն Ադրբեջանին, Քոչարյանը հայտարարում էր. «Գտնում եմ, որ Հայաստանը պետք է օգտագործի իր վետոյի իրավունքը ԼՂՀ շահերին հակասող որոշումների դեպքում»: Մինչդեռ ԵԱՀԿ որոշումը պայմանավորված էր լինելու ոչ այնքան բանակցությունների ընթացքով եւ արդյունքներով, որքան իր իրավացիությունն ապացուցած կարգավորման փուլ առ փուլ ծրագրով, ըստ որի, նախքան հակամարտության հետեւանքների վերացումը բացառվում էին սկզբունքների շուրջ քննարկումները: Ուստի, ԵԱՀԿ ԱԳ նախարարների 1995թ. դեկտեմբերին Բուդապեշտում կայացած հանդիպումն ընդունեց մի փաստաթուղթ, որը կողմերին կոչ էր անում պահպանել խաղաղությունը եւ շարունակել բանակցային գործընթացը: Կարգավիճակի նախապայմանների արդյունքը: «Բոսնիական տարբերակ» 1996թ. դադարեց գործել Ռուսաստան-ԱՄՆ «հասուն ռազմավարական գործընկերության» քաղաքական բանաձեւը: Ուրվագծվում էր Արեւմուտքի, Ռուսաստանի, ինչպեսեւ Թուրքիայի միջեւ ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասում առաջացած վակուումը լրացնելու մրցակցությունը: Առաջին երեք ամսում դա արտահայտվեց կողմերի ներկայացրած առաջարկներով՝ Ելցինի ուղերձը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, Մեծ Բրիտանիայի արտաքին եւ համագործակցության գործերի պետքարտուղար Մ. Ռիֆկինդի Բաքու եւ Երեւան բերած առաջարկը, ապա ԵԱՀԿ-ի եւ ԱՄՆ-ի ծրագրերը: Դրանց ընդհանրությունն այն էր, որ բոլորը տեղավորվում էին կարգավորման փաթեթային հայեցակարգի շրջանակներում եւ Ղարաբաղի կարգավիճակը կանխորոշում «բոսնիական տարբերակով»: Նախ այդ մասին ակնարկեց Ռիֆկինդը Երեւանում, հայտարարելով. «1995 թ. եղավ խաղաղության տարի Բոսնիայում, իսկ 1996թ. պետք է դառնա խաղաղության տարի Լեռնային Ղարաբաղում»: Ապա ԵԱՀԿ խոսնակը տեղեկացրեց, որ իրենց ծրագրի համաձայն՝ Ղարաբաղը ստանալու է ինքնավարություն եւ Հայաստանի հետ ցամաքային կապ: ԵԱՀԿ նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Ֆ. Կոտին տարածաշրջանային այցի ժամանակ լրագրողներին ասաց, որ ինքը տեսնում է ղարաբաղյան հակամարտության «դեյթոնյան» լուծում: Իսկ ՌԴ փոխարտգործնախարար Բ.Պաստուխովը մարտի 14-ին ադրբեջանական կողմին ներկայացրել է կարգավորման ծրագիր, որը Ղարաբաղի համար նախատեսում էր Բոսնիայի Սերբական Հանրապետությանը համահավասար կարգավիճակ: Ի տարբերություն մյուս ծրագրերի, ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջ. Փրեսելի առաջարկները ո՛չ իր, ո՛չ մեկնաբանների կողմից չհամեմատվեցին «բոսնիականի» հետ. ասվեց միայն, որ Ադրբեջանը Ղարաբաղի համար նախատեսում է սեփական խորհրդարան, կառավարություն եւ զինված ուժեր ունեցող ինքնավար կազմավորման կարգավիճակ: Ուշագրավ է, որ առաջարկների շղթան սկսվում եւ վերջանում էր Ռուսաստանով: Ընտրություններից առաջ Ելցինին պակասում էր այն հաղթաթուղթը, որ Քլինթոնը ձեռք էր բերել Բոսնիայի խաղաղության «դեյթոնյան» համաձայնագրով: Հետագայում դժվար չէ նկատել, որ արեւմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը խրախուսում է հակամարտությունը կարգավորելու Ելցինի ջանքերը, ինչը մի կողմից կմեծացներ նրա վերընտրվելու հնարավորությունը, մյուս կողմից հետագայում պարտավորեցնում է համաձայնել ամերիկյան առաջարկներին: Այդ իսկ պատճառով, մի կողմից ԱՄՆ պետքարտուղար Ու. Քրիստոֆերը ՌԴ ԱԳ նախարար Ե. Պրիմակովի հետ պայմանավորվում է համաձայնագիր պարտադրելու նպատակով շարունակել ճնշում գործադրել Հայաստանի եվ Ադրբեջանի վրա, իսկ մյուս կողմից՝ երբ Ելցինը ռուսական «դեյթոն» կազմակերպելու նպատակով առաջարկում է Քլինթոնի Ռուսաստան այցի օրերին Մոսկվա հրավիրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, ԱՄՆ-ն մերժում է այդ առաջարկը: Ելցինի ընտրարշավի վերջին ակորդը իր հանդիպումն էր Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի նախագահների հետ՝ հունիսի 3-ին Կիսլովոդսկում: Տարածաշրջանում Ռուսաստանի կարեւոր խաղաղարար դերը շեշտելու նպատակով հանդիպման մասնակիցները ստորագրեցին «Հանուն Կովկասում ազգամիջյան համաձայնության, խաղաղության, տնտեսական ու մշակութային համագործակցության» հռչակագիրը: Հունիսին Ելցինը վերընտրվեց, եւ Ռուսաստանի ակտիվությունն այսքանով սահմանափակվեց՝ սեղանին թողնելով փաթեթային կարգավորման մոտեցումը: Քանի որ, ըստ փաթեթային կարգավորման մոտեցման, քաղաքական համաձայնագրի շուրջ բանակցությունների քննարկման առարկա էր նաեւ ԼՂ կարգավիճակի հարցը, որը մեծացնում էր կարգավորումը ձգձգելու հնարավորությունը, Ղարաբաղի իշխանություններն իրական էին գնահատում ստատուս քվոն պահպանելու շանսը: Դիցուք, Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ա. Հարությունյանը կարծիք հայտնեց, որ Ղարաբաղի հարցի արագ լուծում գոյություն չունի, եւ առհասարակ տվյալ հարցի լուծման ճանապարհը չշտապելն է: Սա նշանակում էր, որ անգամ Ղարաբաղի ինքնավարություն նախատեսող փաթեթային լուծման նախագիծ ստանալուց հետո ԱՄՆ կատարած այցի ընթացում Քոչարյանը Սփյուռքի առջեւ դժգոհում էր, թե Հայաստանը նախընտրում է կարգավիճակը չկանխորոշող փուլային կարգավորում: Նկատի առնելով Հայաստանին, նա ասում էր. «Ղարաբաղը չի կռվել ու հաղթել, որպեսզի ենթարկվի մի այլ արտաքին ուժի ազդեցությանը» («Ազգ»,2.2.96), իսկ մի քանի օր անց ավելացնում. «Շուշին մերն է, իսկ առանց Լաչինի Ղարաբաղը ապագա չունի: Ինչ վերաբերում է գրավյալ (ընդգծումը՝ Մ. Կ) մյուս տարածքներին, դրա գինը կարող է լինել Ղարաբաղի անկախության ճանաչումը» («Ազգ»,15.2.96): Փաթեթային լուծման տրամաբանությամբ միջնորդները կողմերին առաջարկեցին քաղաքական համաձայնագրում ներառել Ղարաբաղի անվտանգության մասին հավելյալ փաստաթուղթ: Ղարաբաղի պատասխանատուները այս շրջանում գոհունակությամբ նշում էին, որ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Ղարաբաղին ֆիզիկական, իրավական, քաղաքական երաշխիք լինելու Հայաստանի իրավունքը միջնորդների մոտ կասկած չի հարուցում: Բազմաթիվ հարցերի համաձայնեցումից հետո միջնորդներն առաջարկեցին վերսկսել Ղարաբաղի եւ Լաչինի կարգավիճակների շուրջ Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն: Սակայն կրկին ի հայտ եկավ, որ կողմերը պատրաստ չեն երկխոսության: Ապրիլի 4-ին Քոչարյանը Լոնդոնի «Թայմսին» տված հարցազրույցում հայտարարեց, որ Ղարաբաղը չի ստորագրի ոչ մի փաստաթուղթ, որում խոսվում է Ղարաբաղին լայն ինքնակառավարում տրամադրելու մասին: Իսկ 10 օր անց Թուրքիայի վարչապետ Մ. Յլմազի Բաքու այցի ընթացքում Գուլուզադեն կարծիք հայտնեց, որ քաղաքական համաձայնագրի իրագործման շանսեր չկան: Երկամսյա դադարից հետո հունիսի 14-ին ԵԱՀԿ համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում վերսկսած եռակողմ բանակցություններում կողմերը չէին էլ թաքցնում իրենց հիմնարար տարակարծությունները: Թեեւ 1996թ. Հայաստանում նույնպես նախագահական ընտրությունների տարի էր, ի տարբերություն Ելցինի, Լ. Տեր-Պետրոսյանը ոչ միայն չփորձեց շահարկել իր պաշտոնավարության տարիների դիվանագիտական եւ ռազմական ձեռքբերումները, այլեւ ընդգծեց փոխզիջումների եւ կառուցողական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը: Շարունակելով առաջնային համարել Ղարաբաղի անվտանգության խնդիրը, նա շեշտում էր, որ ղարաբաղյան հակամարտությունը Չեչնիայի, Աբխազիայի եւ Մերձդնեստրովիայի հակամարտություններից տարբերվում է նրանով, որ Ղարաբաղի վրա ամեն վայրկյան կախված է ցեղասպանության վտանգը: Բացի այդ, տարածաշրջանի տնտեսության զարգացման կարեւորագույն պայման համարելով հակամարտության կարգավորումը, նա կանխատեսում էր, որ հնարավոր են միջանկյալ լուծումներ «Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի բնականոն տնտեսական գործունեությունը» ապահովելու նպատակով («Ազգ»,14.9.96) եւ հավաստիացնում՝ «Հայաստանը չի ստորագրի փաստաթուղթ, որտեղ չի լինի Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը»: («Ազգ»,3.9.96): Լիսաբոնյան դրամա. Հայաստանն ընդդեմ բոլորի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովից առաջ ակտիվացավ ՄԽ-ի, ինչպես նաեւ առանձին երկրների միջնորդական գործունեությունը: Տարածաշրջան այցելող ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պաշտոնյաները (ԱՄՆ-ի բանագնաց Ջ. Փրեսելը, պետդեպարտամենտի խորհրդական Ջ. Քոլինզը, ՌԴ ԱԽ խորհրդի քարտուղար Բ. Բերեզովսկին եւ ուրիշներ) նշում էին, որ ձգտում են խնդրի արագ եւ վերջնական լուծման՝ ակնկալելով, որ մինչեւ Լիսաբոնի գագաթաժողովը կողմերը հանդես գան հակամարտության լուծման սկզբունքների հռչակագրով: Միաժամանակ ոչ պաշտոնական հանդիպումներ եւ կոնսուլտացիաներ էին տեղի ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների խորհրդականներ Ժ. Լիպարիտյանի եւ Վ. Գուլուզադեի միջեւ: Արդեն օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ-ի անդամ պետությունները քննարկում էին այդ փաստաթղթի նախագիծը, զուգահեռաբար՝ վերջնական կարգավորման ծրագիրը: Մեկնաբանելով այդ քննարկումները՝ ԵԱՀԿ խոսնակը նշում էր, որ տարիներ են պահանջվելու, որպեսզի կողմերը համաձայնության գան քաղաքական եւ ռազմատեխնիկական հարցերի շուրջ, սակայն սկզբունքների հռչակագրի ընդունումը կլինի այս ամենի սկիզբը: Այսպիսով, Ղարաբաղի կողմից կարգավորման փաթեթային հայեցակարգ որդեգրելու եւ նախապայմաններ առաջադրելու արդյունքում գլխիվայր շրջվեց հակամարտությունը կարգավորելու ԵԱՀԿ-ի քաղաքականությունը: Եթե փուլայինի դեպքում պահանջվում էր զինադադարի համաձայնագիրը կնքելուց հետո, դրա իրագործման փուլում խաղաղապահ ուժերի տեղակայում, վստահության մթնոլորտ ձեւավորող միջոցառումերի ձեռնարկում, հակամարտության հետեւանքների վերացում եւ միայն վերջին փուլում՝ Մինսկի կոնֆերանսում, սկզբունքների շուրջ համաձայնության կնքում, ապա փուլայինի դեպքում կողմերից պահանջվում էր հենց սկզբից համաձայնության գալ սկզբունքների շուրջ, ապա վերացնել հակամարտության հետեւանքները: Այս փուլում վերջնականապես բացահայտվեց ղարաբաղյան կողմի ռազմավարությունը՝ լուծման մեթոդաբանության փոփոխությունների միջոցով ստատուս քվոյի պահպանում: Փաթեթային քննարկումների փուլում Ղարաբաղը առաջադրեց ԼՂ կարգավիճակը չկանխորոշելու պահանջ: Փաստորեն, երբ քաղաքական համաձայնագրի շուրջ բանակցություններում քննարկվում է փուլային տարբերակ՝ ղարաբաղցիները պահանջում են կանխորոշել Ղարաբաղի կարգավիճակը, իսկ երբ բանակցային սեղանին է դրվում փաթեթայինը՝ նրանք դեմ են արտահայտվում կարգավիճակը կանխորոշելու փորձերին: ՄԽ-ի համանախագահների մասնակցությամբ նոյեմբերի 18-ին Հելսինկիում անցկացված եռակողմ բանակցություններից հետո Ղուկասյանը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղը դեմ է կարգավիճակի հարցը կանխալուծելու ցանկացած փորձերի» («Ազգ»,27.11.96), իսկ քանի որ չի կարող մասնակցել գագաթաժողովին՝ հույս հայտնեց, որ Հայաստանը կանի հնարավոր ամեն ինչ Ղարաբաղի շահերը պաշտպանելու համար: Նույնը կրկնեց Քոչարյանը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանն ընդառաջ չի գնա ադրբեջանական սցենարին եւ կօգտվի վետոյի իրավունքից՝ նա շի?