Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի գաղութացման բանաձեւը

Հուլիս 20,2002 00:00

Հայաստանի գաղութացման բանաձեւը Հայաստանի ռազմավարական նշանակության եւ շահութաբեր օբյեկտների վաճառքի մեկնարկը թվագրվում է 1997 թվականով։ Նախ կապի համակարգի բաժնետոմսերի 90 տոկոսը, ապա՝ գազամատակարարման համակարգի վերահսկիչ փաթեթը (55%) հանձնվեցին օտարերկրյա ընկերություններին։ Չնչին գներով օտարերկրյա ընկերություններին վաճառվեցին ռազմավարական նշանակության օբյեկտներ՝ գործարաններ, օդանավակայան, ոսկու հանքեր, հյուրանոցային համալիրներ եւ կառավարական շենքեր։ Ռուսաստանին պարտքեր ունեն ԱՊՀ բոլոր երկրները եւ որոշ պետությունների պարտքերի չափը միլիարդավոր դոլարների է հասնում։ Բացի Հայաստանից, այդ պարտքերի պատճառով եւ ոչ մի երկիր խուճապի չի մատնվել, ավելին, չեն էլ շտապում մարելու Ռուսաստանին ունեցած պարտքերը։ Վերջինս ասես անգամ հույսը կորցրել է, որ մոտ ապագայում ԱՊՀ որեւէ երկրից կարող է կորզել իր պարտքերը։ Առավել եւս, ԱՊՀ եւ ոչ մի երկիր չի պատրաստվում «գույք՝ պարտքի դիմաց» նեոգաղութատիրական բանաձեւով Ռուսաստանին վաճառելու իր ռազմավարական նշանակության տնտեսական օբյեկտները։ Իսկ Հայաստանում յուրաքանչյուր գործարք պաշտոնյաների կողմից ներկայացվում է որպես «դարի գործարք»։ Մինչեւ անցած տարի Ռուսաստանը բավարարվում էր Հայաստանի էներգահամակարգի մի զգալի հատվածի նկատմամբ (գազամատակարարում, ատոմակայան) ունեցած փաստացի գերակայությամբ։ Ռազմական հենակետը եւ թուրք-ադրբեջանական վտանգի դեմ այլընտրանք չունենալը լիովին բավարար էին դիտվում Հայաստանի տնտեսական այլ լծակներին տիրանալու հարցում անտարբերություն ցուցաբերելու համար։ Սակայն, երբ ՀԲ-ն բարձրացրեց Հայաստանի ԲԷՑ-երի վաճառահանման հարցը, ապա Ռուսաստանի համար խնդիր ծագեց տիրանալու եթե ոչ ԲԷՑ-երին, ապա Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մի մեծ բաժնին։ Դրանից հետո, եթե անգամ Հայաստանի ԲԷՑ-երին տեր դառնան այլ երկրների ընկերություններ, նրանք անմիջական կախվածության մեջ են հայտնվելու էլեկտրաէներգիայի արտադրությանը տեր դարձած ռուսական ընկերություններից։ Իսկ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի առյուծի բաժնին տեր դառնալու հարցում վճռորոշ դեր վերապահվեց Հրազդանի ՋԷԿ-ի 100 տոկոսանոց բաժնետոմսերին տիրանալուն։ Եվ ահա, պաշտոնական ձեւակերպումը՝ «գույք՝ պարտքի դիմաց» գործարքը (ներառյալ էլեկտրոնային արդյունաբերության 3 ձեռնարկություններ)։ Եվ դա ընդամենը 98 մլն դոլար պարտքի դիմաց (Ռուսաստանին ունեցած Հայաստանի պարտքը ամենացածրերից է ԱՊՀ երկրների շրջանակներում)։ Ընդ որում, գնելով Հրազդանի ՋԷԿ-ը, Ռուսաստանը պահանջել է «կոնսերվացնել» գործարքով իրեն չվաճառված ՋԷԿ-ի 5-րդ բլոկը։ Հիշեցնենք, որ միջազգային կազմակերպությունները ՀԱԷԿ-ին այլընտրանքային էլեկտրաէներգիայի աղբյուր են դիտում Հրազդանի ՋԷԿ-ի հինգ բլոկները։ Այս գործարքով ռուսական կողմը լուծեց նաեւ փաստորեն սնանկ վիճակում հայտնված ՌԱՕ ԵԷՍ-ի վերակենդանացման հարցը, որին էլ հանձնվելու է Հրազդանի ՋԷԿ-ի հավատարմագրային կառավարումը (ՌԱՕ ԵԷՍ-ը մինչ այս գործարքը դիմել էր Եվրոբանկին՝ 100 մլն եվրո վարկավորում ստանալու խնդրանքով)։ Գործարքի կապակցությամբ ռուսական կողմի հետապնդած նպատակները հայտնի են։ Ռ. Քոչարյանի վարչախումբն էլ իր հերթին քաղաքական առումով այս գործարքով իր նվիրավածությունը այտնեց ՌԴ իշխանություններին՝ ի դերեւ հանելով իրենց արեւմտամետ կողմնորոշում ունենալու ասեկոսեները։ ՀԱՅԿ ԹՈՐԳՈՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել