Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 20,2002 00:00

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Հրապարակված պաշտոնական տվյալների հիման վրա շարունակում ենք ներկայացնել հայաստանյան բանկերի ֆինանսական հաշվետվությունների համեմատական վերլուծությունները։ «HSBC» բանկ Հայաստան ՓԲԸ Վերլուծության հիմքում ընկած են հուլիսի 13-ին հրապարակված բանկի հաշվապահական հաշվեկշիռը եւ ֆինանսական այլ հաշվետվություններում արտացոլված տվյալները: Նախ նշենք, որ բանկը Հայաստնում գործող ամենամեծն է ակտիվների մեծությամբ: Բանկի ակտիվները 30.06. 2002թ. դրությամբ կազմել են 46 մլրդ դրամ եւ կիսամյակի ընթացում ավելացել են 8 մլրդ դրամով: Ակտիվների աճը տեղի է ունեցել հիմնականում ի հաշիվ այլ բանկերի հանդեպ պահանջների աճի հաշվին (թղթակցային հաշիվներ եւ ավանդներ այլ բանկերում), վարկավորումը աճել է ընդամենը 440 մլն դրամով եւ կազմել 2.1 մլրդ դրամ կամ ընդհանուր ակտիվների 4.6 տոկոսը, ինչը վկայում է բանկի զգուշավոր վարկային քաղաքականության մասին, որն էլ իր հերթին հետեւանք է տնտեսության բարձր ռիսկայնության: Բանկի պարտավորությունները կիսամյակի ընթացքում ավելացել են 8.3 մլրդ դրամով, աճի գերակշռող մասը տեղի է ունեցել ի հաշիվ ցպահանջ հաշիվների մնացորդների ավելացման: Ժամկետային ավանդների աճը ընդհանուր պարտավորությունների աճի մեջ կազմում է 12 տոկոս։ Սա նշանակում է, որ բանկը, ելնելով իր տեղաբաշխման քաղաքականությունից, կարիք չունի «երկար» փողերի: Բանկի ընդհանուր կապիտալը հաշվետու ժամանակաշրջանում նվազել է 240 մլն դրամով եւ կազմել է 3.9 մլրդ դրամ, ինչը տեղի է ունեցել բանկի շահույթի կրճատման հետեւանքով: «Պրոմեթեւս» բանկ ՍՊԸ Հաշվետու ժամանակաշրջանում բանկի ակտիվները նվազել են ավելի քան 8 մլրդ դրամով եւ 30.06.2002թ. դրությամբ կազմել են 3.3 մլրդ դրամ: Համապատասխան չափով կրճատվել են նաեւ բանկի պարտավորությունները՝ 8.6 մլրդ դրամից հասնելով 530 մլն դրամի: Դա տեղի է ունեցել «ժամկետային ավանդներ իրավաբանական անձանցից» տողի կրճատման հաշվին եւ համապատասխանաբար ակտիվային մասում նվազել է վարկային պորտֆելի մեծությունը: Բանկի կապիտալը կազմում է 2.8 մլրդ դրամ (որը հաշվետու ժամանակահատվածում մնացել է գրեթե անփոփոխ), որի 99 տոկոսը՝ կանոնադիր կապիտալն է: Այս պատկերը թույլ է տալիս եզրակացնել, որ բանկը ֆինանսական շուկայում վարում է սահմանափակ եւ պասիվ քաղաքականություն, դրա ապացույցն է նաեւ այն, որ բարձր իրացվելի ակտիվների տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվներում շուրջ 12 անգամ գերազանցում է թույլատրելի նվազագույն սահմանաչափը: Նաեւ բանկը չի աշխատում մանր ավանդների շուկայում՝ ըստ հրապարակված տվյալների ավանդներ ընդունվում են սկսած 5000 ԱՄՆ դոլարից կամ համարժեք չափի դրամից: «Ինեկոբանկ» ՓԲԸ Ըստ հաշվետվությունների, «Ինեկոբանկը» միջին չափի բավական դինամիկ զարգացող բանկերից է: Հաշվետու ժամանակաշրջանում բանկի ակտիվները ավելացել են 1.2 մլրդ դրամով եւ կազմում են 4.7 մլրդ դրամ, ակտիվների շուրջ 50 տոկոսը կազմում են վարկային ներդրումները: Բանկի պարտավորությունների գերակշռող մասը կազմում են ժամկետային ավանդները՝ 1.9 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը աճել է 400 մլն դրամով եւ կազմում է շուրջ 1.2 մլրդ դրամ, հատկանշական է, որ այդ ավելացումը տեղի է ունեցել բացառապես շահույթի ավելացման հաշվին, որը կազմել է 816 մլն դրամ: «Հայագրոբանկ» 2002թ. առաջին կիսամյակի ընթացքում պակասել են բանկի պարտավորությունները ավելի քան 2 մլրդ դրամի չափով, հիմնականում ի հաշիվ ֆիզիկական անձանց ավանդների կրճատման: Համապատասխանաբար կրճատվել են նաեւ բանկի ակտիվները՝ եւս շուրջ 2 մլրդ դրամով: Բանկի կապիտալը գրեթե չի փոփոխվել եւ կազմում է 1.3 մլրդ դրամ: Փոքր172ինչ նվազել է բանկի վնասը եւ կազմել 363 մլն դրամ բացասական մեծություն: Ըստ հրապարակված հաշվետվությունների, բանկում խախտված են մի շարք տնտեսական նորմատիվներ, մասնավորապես, կապիտալի համարժեքության եւ իրացվելիության նորմատիվները: Վ. ԱՎԵՏԻՍՅԱՆ Տնտեսագիտության թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել