Նզովյալ բախտախնդրի էություն Հայաստանում Քոչարյանին մերժելու առիթների բախվում ես ամեն քայլափոխի։ Երեւանի ողջ կենտրոնը քարուքանդ է արվել՝ ընթացող շինարարության պատրանք ստեղծելու համար: Մինչդեռ չար լեզուներն ասում են՝ պարզապես Քոչարյանի գիտությամբ գումարներ են լվացվում՝ հավանաբար ինչ-որ մասնաբաժին ընտրակաշառքային ֆոնդին տրամադրելու հաշվարկով /եթե Քոչարյանը վերստին նախագահ առաջադրվի/: Լրատվամիջոցները միայն «ականջներ քաշելու» մասին են գրում՝ եւս մեկ անգամ պատկերացում ստեղծելով, թե զարգացման ինչ մակարդակի վրա է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը։ Վերջապես. սպայակազմն է ճամբարների բաժանվել եւ փոխհրաձգություն սկսել Քոչարյանից ստացած ազդանշանով՝ կողմ եւ դեմ պաշտպանության նախկին նախարարի։ Բայց Իլյա Կլեբանովի այցի ընթացքում շաղ տրված լկտիությունները ստվերեցին մնացյալ ամեն ինչ: Ուղղակի զարմանալի է, թե ինչ լկտիություն պետք է ունենաս, որպեսզի հայտարարես, թե «գույք՝ պարտքի դիմաց» ակցիայով Ռուսաստանին փոխանցվող մի քանի ձեռնարկություններ փակելու են ինչ-որ 100 մլն դոլարի պարտք, երբ այդ ձեռնարկություններից յուրաքանչյուրի կառուցումը 100 միլիոնավոր դոլարներ է արժեցել եւ հիմա էլ կարժենա։ Միայն Հրազդան ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի վերակառուցման համար Հայաստանը Համաշխարհային բանկից 52 մլն դոլարի վարկ է վերցրել, որի մարումը նախատեսված է սկսել 2005 թե 2010 թվականից։ Ստացվում է. Հայաստանը 52 մլն դոլար՝ իր տոկոսադրույքներով, կվճարի Համաշխարհային բանկին, իսկ Ռուսաստանը մի 20 մլն դոլարով կտիրանա Հրազդանի ՋԷԿ-ին։ Եվ դեռ ինչ-որ լրագրող էլ, եթե հավատանք «Արմենպրեսի» հաղորդագրությանը, Իլյա Կլեբանովին հարցրել է՝ տրամադրվող գույքը 100 մլն արժե՞։ Կլեբանովի հայաստանյան գործընկերը՝ Սերժ Սարգսյանը հիշյալ լրագրողին էլ է գերազանցել. «Մենք ռուսական կողմից երաշխիքներ չենք պահանջում, թե պետք է արվեն ներդրումներ եւ ձեռնարկությունները պետք է աշխատեցվեն։ Դա ենթադրվում է»։ Ենթադրվում է՝ ինչի՞ց։ Ռուսաստանը սեփական քանի՞ գործարան է կարողանում աշխատեցնել, կամ այդ երբվանի՞ց է դադարել «Փարիզյան ակումբից», ՀԲ-ից եւ ՄԱՀ-ից հանգանակություններ կատարել, որ հավակնում է ձեռնարկություն աշխատեցնել Հայաստանում։ Ռուսաստանում երեւի առանձնապես չեն էլ կարողանում բացատրել, թե ինչու այս ոսկեբեր անձրեւը տեղաց իրենց գլխին, եւ խոստովանում են. «Այսպիսի գործարք Ռուսաստանին առաջին անգամ է առաջարկվում։ Մենք սովորում ենք»։ Հավանաբար՝ սովորածը հետագայում սովորածը աֆրիկյան երկրներին պարտադրելու համար։ Որովհետեւ նույնիսկ Սիերա-Լեոնեում դեռ չէր եղել Քոչարյանի կարգի մի նախագահ, որ սեփական երկրի հարստությունները նվիրաբերեր այլոց։ Վստահաբար. եթե Ռուսաստանը որեւէ աֆրիկյան նախկին գաղութի առաջարկի ԽՍՀՄ միլիարդների հասնող պարտքերի դիմաց իրեն գույք փոխանցել, նույն պատասխանը կստանա՝ ինչ Պուտինը հեռուստաէկրանից տվեց Կալինինգրադի մարզը Գերմանիային փոխանցելու մասին մտածել համարձակվողներին։ Բայց ու՜ր Պուտինը, ու՜ր Քոչարյանը: Պուտինն ունի արժանապատվություն եւ բանականություն։ Ի դեպ, ռուսական կողմն իր գլխին տեղացած ոսկեբեր անձրեւից հետո, պարզվում է՝ դեռ կարող էր պահանջներ ներկայացնել։ Նա պայման չի դնում, չէ՞, որ Հրազդանի ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան Հայաստանը սպառի։ Ի դեպ, անմիջապես էլ Իլյա Կլեբանովը ավելացրել է. «Հայաստանն այլընտրանք չունի»։ Հետագայում կպարզվի, որ «Մերգելյանը», «Մարսը» ու մյուսներն էլ աշխատեցվելու էին այն ժամանակ, երբ թողարկվող արտադրանքը սպառվող լիներ Հայաստանում։ /Ըղձականով՝ քանի որ, հուսով ենք, գործարքը չի իրականանա/: Բարեբախտաբար, «գույք պարտքի դիմացի» համաձայնագրերը ԱԺ կներկայացվեն այն ժամանակ, երբ խորհրդարանական ընտրարշավը մեկնարկած կլինի։ Պատգամավորները հազիվ թե համարձակվեն դրանք վավերացնել՝ ի տես այն համաժողովրդական մերժման ու հայհոյանքի, որին արժանացել են «ԱրմենՏելի» ու «Կոնյակի» գործարքները։ Միանգամայն հավանական է, որ ինչպես մի տարի «գույք՝ պարտքի դիմաց»-ն ընդամենը ճամարտակություն էր, այդպիսին էլ կմնա մինչեւ տարեվերջ։ Սակայն էականն այլ հարց է։ Պատմում են, որ 60-ականներին, երբ Անտոն Քոչինյանը պաշտոնավարում էր իբրեւ ՀՍՍՀ Մինիստրների սովետի նախագահ, ամերիկյան ինչ-որ ֆիլանտրոպներ թե պաշտոնյաներ Ամենայն Հայոց կաթողիկոսին առաջարկություն են փոխանցում՝ գնելու Հայաստանում որեւէ ավերակ վանք՝ այն քար առ քար քանդելու, տեղափոխելու ԱՄՆ եւ այնտեղ վանքն իր հայաստանյան տեսքով վերականգնելու։ Վճարվում էր ցանկացած գումար։ Վեհափառը մերժում է, սակայն էթիկայից ելնելով առաջարկը փոխանցում է իշխանություններին: ՀՀ Մինիստրների սովետի նախագահը, որն «աթեիստ էր», «կոմունիստ էր», «ապազգային էր», նույնիսկ «ստալինյան ռեժիմում» էր պաշտոնավարել, առաջարկությունը փոխանցող բանբերին պատասխանել է. «Տղաս, հաղորդիր նրանց, որ մենք ոչ միայն եկեղեցու, այլեւ Հայաստանի ոչ մի քարը չենք վաճառում։ Իսկ եթե Ամերիկայում կան հայկական կոթողներ՝ Հայաստանը դրանք կգնի, նույնպես ցանկացած գնով»։ Այս ոգով են հայերին դաստիարակել, եւ այսպես է Հայաստանը պահպանվել։ Առանց եկեղեցու, ինստիտուտի, թատրոնի, գործարանի ու դպրոցի՝ հողը դատարկ լանդշաֆտ է։ Եվ եթե Հայրենիքը հողատարածքից չտարբերելու համար ասպատականի էություն է հարկավոր, ապա Հայրենիքը հողատարածքի վերածելու համար՝ նզովյալ բախտախնդրի էություն: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ