Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք

Հուլիս 20,2002 00:00

Մենք Այս կարգախոսի ներքո են համախմբվել մեր զրուցակիցները՝ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» սպառողների ներկայացուցիչներ Աշոտ Բլեյանն ու Արտակ Զեյնալյանը, որոնք դատարանում են պաշտպանում տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու ու տարածելու իրենց իրավունքը։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում հուլիսի 18-ին Աշոտ Բլեյանը հայտարարեց, որ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» եթերազրկումից հետո ինքը, որպես «Նոր ուղի» եւ «Տանիք» կազմակերպությունների ղեկավար, զրկվել է իր գաղափարները տարածելու հնարավորությունից եւ հայտնվել եթերային կատարյալ շրջափակման մեջ, քանի որ այլ հեռուստաընկերություններն իր առջեւ փակ են։ Ավելին, նա անգամ գրավոր է եթերի խնդրանքով դիմել տարբեր հեռուստաընկերությունների՝ սակայն բոլոր դիմումները մնացել են անհետեւանք։ Մեր զրույցի ընթացքում Աշոտ Բլեյանը մանրամասնեց. «Գրավոր դիմել ենք Հանրային ե՛ւ հեռուստաընկերությանը, ե՛ւ ռադիոընկերությանը, «Պրոմեթեւսին», «Արմենիային», «Շանթին», «Ար»-ին… դժվարանում եմ բոլորին թվարկել։ Բայց այս մի տարում ընդամենը 2 հեռուստաընկերությամբ ելույթ ունենալու հնարավորություն եմ ունեցել՝ «Ա1+»-ով եւ «Նոյյան Տապանով»։ Այլ դեպքերում անգամ իմ փորձերն են ձախողվել»։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանից փորձեցինք պարզել. արդյոք նույն եթերային շրջափակման մեջ են նաեւ իրե՞նք, կա՞ որեւէ այլ հեռուստաընկերություն, ասենք՝ «Շանթը», որ գոնե մասամբ կարողանում է որպես բազմակարծության ամբիոն փոխարինել «Ա1+»-ին եւ «Նոյյան Տապանին»։ «Ո՛չ, չկա այդպիսի հեռուստաընկերություն, որը գոնե մոտավոր ձեւով փոխարինի այդ երկուսին, որոնք ազատորեն եթեր էին տրամադրում բոլորին հավասարապես,- ասաց պրն Զեյնալյանը։- Մեր կուսակցությունն էլ է այժմ եթերային շրջափակման մեջ։ Եվ երբ հնարավորություն ունեինք եւ կազմակերպում էինք «Ազատության» հրապարակում «Ա1+»-ի որոշ հաղորդումների ցուցադրումը, օրվա ընթացքում փողոցում մարդիկ հարցնում էին. «Այսօր լինելո՞ւ է «Ա1+»-ը։ Մինչեւ հիմա էլ են հարցնում։ Այսինքն, մարդիկ դրա պահանջն ունեն։ Եվ այն հանգամանքը, որ դատարանի դահլիճում մի խումբ մարդիկ միացան մեր դիմումին որպես 3-րդ կողմ՝ վկայում է, թե ժողովուրդն «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» պահանջն ունի։ Երեքշաբթի, կարծում եմ, մի քանի հարյուր մարդ եւս կապացուցեն, որ ցանկանում են դիտել այդ հեռուստաընկերությունները եւ ընտրության հնարավորություն ունենալ՝ դրանց եւ մնացածի միջեւ»։ Եվ բազմակարծության այս երկու ամբիոնները վերացնելու համար գործիք ծառայած մարդը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը, չնայած Հայաստանի բազմաթիվ հասարակ քաղաքացիների եւ միջազգային հանրության բողոքներին, դեռ օրենքների ոտնահարման մասին է խոսում, իսկ իրեն քննադատողների հասցեին արտահայտվում «լրբի շառ» ու նման որակումներով։ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» դատավարությունների ժամանակ դահլիճին ակնհայտ դարձավ, որ Ազգային հանձնաժողովի ներկայացուցիչներն ասելիք չունեն։ Նրանց հանձնարարված էր փակել այդ հեռուստաընկերությունները, եւ ուղղակի անհոդաբաշխ, չհիմնավորված ու անհեթեթ բացատրություններ էին ներկայացնում դատական նիստերի ժամանակ,- ասաց Արտակ Զեյնալյանը։- Այս անգամ այդ պատճառով թերեւս անիմաստ գտան այս դատաքննությանը ներկա գտնվել, քանի որ չունեն որեւէ հակափաստարկ։ Իրավական դաշտում, ըստ էության, ավարտված է այս վեճը»։ Աշոտ Բլեյանն այսպես գնահատեց դատարան չներկայանալու առնչությամբ Գրիգոր Ամալյանի մամուլին տրված պարզաբանումները. «Եթե նա լին եր ֆիզիկական անձ, քաղաքացի, յուրաքանչյուր ոք՝ կարելի էր շատ հանդուրժող ու հանգիստ մոտենալ, թե այս մարդն էլ այսպիսի մակարդակ, խոսքի կուլտուրա, իրավունքների նման ընկալում ունի։ Բայց, ցավոք, մեր ողբերգությունն է, որ Գրիգոր Ամալյանը պաշտոնատար անձ է, եւ նրա ղեկավարած հանձնաժողովը պետական մարմին է ու պետություն է ներկայացնում։ Եթե նա դա մոռանում է, մենք՝ քաղաքացիներս, քաղաքական գործիչներս երբեք չենք կարող մոռանալ։ Բայց հատկապես այս վերջին շրջանում Ամալյանի հոգեվարքը (ուրիշ բառ դժվար է գտնել) բացատրություն ունի։ Ամալյանն ու իր ղեկավարած հանձնաժողովը գործել են հակառակ ծառայական շահի եւ քաղաքացիներին զգալի վնաս են հասցրել, քանի որ Քրեական օրենսգիրքը քաղաքացիների, քաղաքացիական օրենքով երաշխավորված ու պաշտպանված իրավունքների եւ ազատությունների խախտումը դիտում է որպես էական վնաս։ Սա հանցավոր արարք է՝ նախատեսված ՔՕ 182 հոդվածի 2-րդ մասով։ Եվ «Տանիք» հասարակական կազմակերպությունն ու ես այս հայցի քննարկումից հետո անպայմա՛ն հասնելու ենք նրան, որ Ամալյանը, որպես մարդ, որը (մեր կարծիքով) հանցավոր արարք է թույլ տվել՝ պատասխանատվություն կրի»։ Աշոտ Բլեյանը նաեւ նշեց, որ Ազգային հանձնաժողովը, որպես պետական մարմին, պարտավոր էր ներկայանալ դատարան, երբ քննվում էր իրենց ակտն անվավեր ճանաչելու դիմումը՝ այն ընդունելու համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման պարտականություն ունեն այդ հանձնաժողովին մաս կազմող պաշտոնատար անձինք (պնդման հիմնավորում որպես՝ մեջբերեց Քաղդատօրի 162 հոդվածի 6-րդ կետը). «փոխանակ ներկայանալու դատարան եւ օրենքով որոշված այս պարտականությունն իրականացնելու՝ Ամալյանը հարցազրույց է տալիս՝ միջամտելով դատական հարցերի լուծմանը, ստանձնելով դատախազի դեր ու մատ թափ տալով դիմողների վրա՝ ահաբեկելով նրանց որպես պետական մարմին։ Այս պայմաններում Ամալյանի գործողությունը երկրորդ հանցավոր արարքն է՝ նա, որպես պաշտոնատար անձ ու պետական մարմին, փորձում է ճնշում գործադրել, ազդել դատարանի վրա թերթի միջոցով։ Մենք այս բոլոր գործողություններն անհետեւանք չենք թողնելու»։ Տեղին էր՝ խոսել դատավորի պահվածքի մասին, որն առանց նույնիսկ կողմի կարծիքը հարցնելու, որոշում ընդունեց, ըստ էության, միակողմանի դատավարություն անցկացնելու վերաբերյալ։ «Դատավորն իր վարքագծով ցույց է տալիս, որ հանդես է գալիս իբրեւ կողմ, թեեւ պիտի լիներ անկախ,- ասաց Արտակ Զեյնալյանը։- Մեր արդարացի, իրավացի պահանջները նա չէր կատարում, հեգնում էր, փորձում արագ հասնել ավարտին ու կարդալ այն վճիռը, որ հայտնի է բոլորիս։ Նույնիսկ մի անգամ շփոթվեց ու ասաց, որ բոլոր միջնորդություններին նույն պատասխանն է տալու»։ Աշոտ Բլեյանը հավելեց. «Քանի որ դատավորը դարձել է կողմ, այն էլ՝ պատասխանող կողմ, արդեն երեւաց, որ դատարանում բացակայում է իրավունքի կողմը։ Մինչդեռ «Դատավորի կարգավիճակի մասին» օրենքի 14 հոդվածի համաձայն՝ դատավորը խստիվ պիտի ղեկավարվի օրենքով եւ պաշտպանի մեր իրավունքներն ու ազատությունները։ Զարմանալին այս է. սա հնչեղություն ունեցող գործ է, դիմումատուների մեջ են հասարակությանը ոչ անհայտ մարդիկ, քաղաքական գործիչներ, եւ թվում է, թե դատավորն ինքը՝ պրոցեսուալ առումով պատրաստ պիտի լիներ»։ Իսկ արդյոք դատավոր Հրաչիկ Հովհաննիսյանի մասին կարելի՞ է ասել, որ նա բավարար պատրաստվածություն ունի այս գործը քննելու համար. այս հարցին ի պատասխան պրն Բլեյանն առանց երկմտանքի ասաց. «իհարկե՝ ո՛չ։ Մենք մի շարք խախտումներ նշեցինք, եւ սարսափելի էր ուղղակի, որ դատավորը միջնորդությունների մեր լուծումը վերածում էր դատական նիստն ընդհատելու առիթի»։ 36 սպառողների դիմումի հիմնական պահանջը «Ա1+»-ին եւ «Նոյյան Տապանին» արտոնագիր չտալու վերաբերյալ Ազգային հանձնաժողովի որոշումները «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքին, Սահմանադրությանը եւ «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրին հակասող ճանաչելն է։ Դատավորն այս առնչությամբ կրկնեց Ազգային հանձնաժողովի ներկայացուցչի փաստարկը, թե նման որոշումներ գոյություն չունեն։ Արդյոք սպառողների ներկայացուցիչները, որ մանրամասն ուսումնասիրել են իրենց հայցին առնչվող ողջ օրենսդրական դաշտը, տեղյակ չէի՞ն, որ հանձնաժողովն, իրոք, այս երկու հեռուստաընկերություններին արտոնագիր տալը մերժելու մասին որոշում չի կայացրել։ Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ Արտակ Զեյնալյանը հիշեցրեց, որ այդ խնդիրը կարգավորված է օրենքով. «Եթե իրավաբանական անձը դիմել է արտոնագիր ստանալու համար, եւ նրա դիմումը չի մերժվել որոշմամբ, այսինքն՝ այդ պետական մարմինը թերացել եւ որոշում չի կայացրել (այդ որոշումը նաեւ պետք է պաշտոնապես հրապարակվի), ուրեմն, դիմումը տալուց 40 օր հետո տվյալ իրավաբանական անձը համարվում է արտոնագրված («Լիցենզիայի մասին» օրենք, հոդված 28, կետ 2)»։ Աշոտ Բլեյանը պարզաբանեց, թե ինչու են իրենք այդ գոյություն չունեցող որոշումները դարձրել դիմումի հիմք. «Մեզ պետք էր, որ դատավորն ինքը դատական նիստում արձանագրեր, որ հանձնաժողովն «Ա1+»-ին եւ «Նոյյան Տապանին» արտոնագիր չտալու որոշումներ չի կայացրել։ Սա, ըստ օրենքի, ենթադրում է, որ «Ա1+»-ը եւ «Նոյյան Տապանը» համարվում են արտոնագրված։ Զուտ իրավունքի տեսանկյունից, «Ա1+»-ը փաստացի եթերում է, ուղղակի բռնի թույլ չեն տալիս, որ իր հաղորդակն աշխատեցնի։ Ես «Ա1+»-ի ներկայացուցիչներին բացատրել եմ, որ պիտի դիմեն քաղաքացիական իրենց իրավունքի պաշտպանության։ Նրանք իրավունք ունեն եթեր դուրս գալու՝ սա պիտի հասկանան «Ա1+»-ն ու «Նոյյան Տապանը»։ Եվ մեր հաջորդ քայլը լինելու է միջնորդել, որ պատավորեցնեն «Ա1+»-ին եթեր դուրս գալ։ Այս հեռուստաընկերությունները սպառողների առջեւ պարտավորություն ունեն եւ պիտի զգան իրենց պատասխանատվությունը քաղաքացիական հասարակության առաջ։ Կրկնում եմ, «Ա1+»-ն ու «Նոյյան Տապանն» արտոնագիր ունեցող անձինք են, պարզապես հանձնաժողովը կատարում է հանցանք եւ այդ փաստաթուղթը, որ պիտի հավաստի արտոնագիր ունենալը՝ չի հանձնում։ Եվ մենք ասում ենք՝ «Ա1+» եւ «Նոյյան Տապան», դո՛ւրս եկեք եթեր»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել