Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրանտ Խաչատրյանին «գործի» դնել է պետք»

Հուլիս 20,2002 00:00

«Հրանտ Խաչատրյանին «գործի» դնել է պետք» Այդպես է կարծում Ազատ Արշակյանը «Սահմանադրական իրավունք» միությունը մեծ ռեզոնանս տվեց ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի՝ որպես ԼՂՀ նախագահի թեկնածուի, առաջադրմանն ու դրա մերժման փաստին: Հ.Խաչատրյանը 89-ի դեկտեմբերի 1-ից ի վեր համոզմունք ունի, թե Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ՀՀ ԳԽ որոշմամբ վերամիավորված են ու հիմնականում այդ է պատճառը, որ ՍԻՄ-ը ողջունել եւ 98-ին պաշտպանել է ԼՂ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումն ու ընտրությունը ՀՀ նախագահի պաշտոնում: Այսօր սակայն պարզ է դառնում, որ ոչ միայն Ռ.Քոչարյանը, այլեւ ԼՂ իշխանությունները՝ ընդհանրապես համառորեն չեն ուզում ընդունել ԼՂ եւ Հայաստանի միավորման փաստը: Ազատ Արշակյանը՝ մեր խնդրանքով անդրադառնալով Հ.Խաչատրյանի՝ որպես ԼՂՀ նախագահի թեկնածուի առաջադրման փաստին, մասնավորապես ասաց. «Ես հարգում եմ նրան իր սկզբունքային եւ, գոնե, ֆորմալ հետեւողական մոտեցման համար: Հ.Խաչատրյանն այսօր էլ համոզված է, որ ԼՂ-ն եւ Հայաստանը 89-ի ԳԽ որոշմամբ վերամիավորված են եւ այդ որոշումը չեղյալ չի համարվել մինչ օրս, ուստի պետք է ընդունել, որ ԼՂ-ն եւ ՀՀ-ն մեկ պետություն են: Եթե հիշյալ որոշումը նույնիսկ չեղյալ համարված լիներ, միեւնույն է, կարծում եմ, Հ.Խաչատրյանը դա կարող էր նաեւ չնկատել, որ այդ որոշումը նա շատ է հավանում»: Մեր այն հարցին, թե իր կարծիքով ԼՂ-ն եւ Հայաստանն, այնուամենայնիվ, վերամիավորվա՞ծ են, թե՞ անկախ պետություններ են, Ա.Արշակյանը պատասխանեց. «89-ի որոշմամբ ԼՂ-ն միավորվել է Հայաստանին, բայց դրանից հետո կայացվել են այլ որոշումներ. ԼՂ-ում տեղի է ունեցել հանրաքվե, եւ ժողովուրդը ինքնորոշվել եւ հայտարարել է ԼՂՀ անկախ պետության ստեղծման մասին, ինչն ինքնին ավելի բարձր կարգավիճակ է, քան ՀՀ ԳԽ որոշումը: Ըստ իս, այդ հանրաքվեն նաեւ ինքնաբերաբար չեղյալ է համարել ՀՀ խորհրդարանի հիշյալ որոշումը»: Հետաքրքիր բան է ստացվում. մի կողմից՝ ՍԻՄ նախագահ Հ.Խաչատրյանն ընդունում է, որ ԼՂ-ն եւ Հայաստանը վերամիավորված են, մյուս կողմից՝ ԼՂՀ նախագահի իր թեկնածությունն առաջադրելով, ըստ էության, փաստում է, որ այդ իմաստով հայկական մեկ պետությունը երկու նախագահ ունի: Արդյո՞ք նա թյուրիմացության մեջ չի ընկել: «Ինքը շատ հնարավոր է՝ ոչ, բայց ինձ թյուրիմացության մեջ գցել է: Ես, օրինակ, հարգելով նրա այդ համոզմունքը՝ անկախ այն բանից՝ համաձայն եմ դրա հետ, թե ոչ, կուզենայի հրապարակային որեւէ բացատրություն լսել, թե իր տրամաբանությամբ հայկական վերամիավորված երկու հատվածները երկո՞ւ նախագահ պետք է ունենան: Իմ կարծիքով՝ ոչ: Ես ճանաչել եմ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու հանրաքվեի արդյունքները: Եթե Հրանտն այդ վերջինը չի ճանաչում, ինչո՞ւ է իր թեկնածությունն առաջադրում: Ես կարծում եմ, որ նա մաքուր ձեռքերով պետք է նստեր, ՀՀ նախագահին եւ վարչապետին ընդունված կարգով պետք է դիմում գրեր եւ առաջարկեր Ղարաբաղում մարզպետի իր թեկնածությունը՝ աշխատանքի ընդունվելու համար»: Բայց այդ նույն տրամաբանությամբ 98-ին ԼՂՀ նախկին նախագահ Ռ.Քոչարյանն առաջադրեց իր թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում: Մեր այդ դիտարկմանն Ա.Արշակյանն արձագանքեց. «Կարծում եմ, որ օրենքները չի կարելի խախտել բացառության կարգով: Երկու դեպքում էլ, կարծում եմ, որ օրենք է խախտվում: Հ.Խաչատրյանն, ըստ իս, խախտում է օրենքը, երբ ուզում է դառնալ ԼՂՀ նախագահ: Նա իրավունք չունի ԼՂ-ում նախագահի թեկնածու առաջադրվել»: Ա.Արշակյանը վստահեցրեց, թե Հ.Խաչատրյանին կարելի էր այստեղ՝ Հայաստանում էլ պաշտոնի նշանակել եւ նա ինքնաբավ կլիներ. «Այսինքն, այստեղ ոչ թե ԼՂ-ն է խնդիրը, այլ՝ մարդուն մի կարգին աշխատանքի դնելը. թող մարդն աշխատի, առավել եւս, որ նրանք, ովքեր այսօր պաշտոն են զբաղեցնում, մասնավորապես՝ նաեւ մարզպետի, ավելի շատ արժանիքներ չունեն, քան Հ.Խաչատրյանը: Այլ խնդիր է, որ ես համաձայն չեմ նրա համոզմունքներին, բայցեւ Հ.Խաչատրյանին գիտեմ որպես պարկեշտ մարդ: Հարկավոր է նրան աշխատանքի դնել, թող մարդն աշխատի ու ամեն ինչ իր տեղը կընկնի: Հակառակ դեպքում հուսահատությունից նա կարող է նախագահի իր թեկնածությունը ոչ թե Ղարաբաղում, այլեւ այլ երկրում էլ առաջադրել: Հայաստանում նա որպես նախագահի թեկնածու ժամանակին առաջադրվել էր. չանցավ: Հիմա էլ ուզում է առաջադրվել Ղարաբաղում: Է, այսպես կարող է շարունակվել…»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել