«ՄԵՂՐԻԻ ՀԱՐՑԸ ԱՌԱՋ Է ՔԱՇԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԸ» Ասում է Դավիթ Շահնազարյանը Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունը։ Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավո՞ր է Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձն առանց վերջինիս շրջապատի, ՄԱԱ հյուրը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի, այսպես կոչված, «շրջապատը», այն շրջապատը, որի համար նախկին իշխանություններին փնովում էին, մինչեւ այսօր իշխանության է։ Ա՛յդ շրջապատը ոչ թե պետք է վերադառնա, այդ շրջապատը պետք է հեռացվի։ Եվ Հայաստանը պետք է ազատվի ոչ թե Քոչարյանից, Քոչարյանը ոչինչ է։ Պետք է ազատվել քոչարյանիզմից։ Իսկ դա կարեւոր է, որը կաթվածահար է անում մեր հասարակությանը»։ Դավիթ Շահնազարյանի ներկայացմամբ՝ ՀՀՇ-ն մտադիր է ակտիվորեն մասնակցել առաջիկայում կայանալիք ամեն տեսակի ընտրություններին եւ ակնկալում է նաեւ հաղթել այդ ընտրություններում։ ՄԱԱ հյուրը երեկ խիստ կտրուկ էր իր հայտարարություններում եւ միանշանակ պնդեց. «Ռոբերտ Քոչարյան. ՀՀ նախագահ» բառակապակցությունը միֆ է, երբեք այդպիսին չի եղել եւ լինել չի կարող։ Նրա՝ իշխանավորումը շարունակելու շանսերը 0 են եւ ոչ թե 0-ին մոտ»։ Դավիթ Շահնազարյանը, պատասխանելով լրագրողի հարցին, ասաց. «Անկախ ամեն ինչից, իշխանությունները գլխով պատասխանատու են այդ ամենի («Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության- Մ. Ե.) համար, ուրիշ բան, որ ես անձնապես համոզված եմ, որ իշխանության բարձր ներկայացուցիչները դրա կազմակերպման մեջ լուրջ մասնակցություն են ունեցել»։ Եթե Մուշեղ Սաղաթելյանն ընդամենը «կասկածում էր», ապա Դավիթ Շահնազարյանը պարզապես «համոզված» է, եւ ունի «մեծ քանակությամբ փաստեր եւ մեծ քանակությամբ եզրակացություններ»։ ՄԱԱ «Հրատապ թեման» երեկ ղարաբաղյան հիմնախնդիրն էր, որի շուրջ լրագրողների հետ զրույցում Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ տվյալ պահին կարծես թե ղարաբաղյան հարցի կարգավորում չկա. «Կա Հայաստանի տարածքային ամբողջականության վրա կախված վտանգ եւ վտանգ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ։ 3,5 տարի առաջ ՀՀ գործող նախագահի ջանքերով ղարաբաղյան խնդիրն ակտիվորեն նենգափոխվեց տարածքային վեճի, իսկ այնուհետեւ դարձավ սպառնալիք Հայաստանի հետ Իրանի սահմանի նկատմամբ»։ Ըստ Դավիթ Շահնազարյանի, ներկա իշխանությունների ջանքերն ուղղված են այն բանին, որ «Ղարաբաղի հիմնահարցը կարգավորվի Հայաստանի հաշվին»։ 98 թվականի իշխանափոխությունը տեղի ունեցավ ղարաբաղյան հարցի պատրվակով, եւ այսօր «նախկին» իշխանության ներկայացուցիչները շարունակում են պնդել, թե իրենցից հետո հարցը մնացել է առկախ։ Իսկ արտաքին աշխարհը հետզհետե խորացնում է իր ճնշումները Հայաստանի նկատմամբ եւ ուղղակի պատրվակներ է փնտրում Հայաստանին պատժելու համար։ «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ Դավիթ Շահնազարյանը չի ենթադրում, որ արտաքին աշխարհի ճնշումները գուցե առիթ են նրա, որ Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի հարցում պարզապես չեն ընդունում արտաքին աշխարհի թելադրած պայմանները եւ հարցն ուզում են լուծել պարզապես հօգուտ Հայաստանի եւ Ղարաբաղի, պրն Շահնազարյանը հակադարձեց՝ ասելով, որ «Հայաստանի իշխանություններն ընդհանրապես չեն պատրաստվում որեւէ կերպ կարգավորել Ղարաբաղի հարցը, նրանք հետապնդում են միմիայն մեկ նպատակ՝ պահպանել ներկա իրավիճակը։ Ավելին՝ Մեղրիի հարցը առաջ է քաշվել հենց Քոչարյանի կողմից, բացառապես ժամանակ շահելու համար»։ Ըստ Դ. Շահնազարյանի, նույն կերպ է վարվում նաեւ Ալիեւը, բայց «շատ ավելի գրագետ»։ Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ ե՛ւ Քոչարյանի, ե՛ւ Ալիեւի «հակաօրինական իշխանությունը հիմնվում է այս հակամարտության (խոսքը Ղարաբաղի մասին է- Մ. Ե.) ձգձգման վրա»։ Եզրահանգումը հետեւյալն է՝ Ռոբերտ Քոչարյանն առեւտրի է դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եւ սա «Քոչարյանի պաշտոնանկության համար շատ լուրջ փաստարկ է»։ Քոչարյանի պաշտոնանկության մեկ այլ լուրջ փաստարկ եւս ներկայացրեց Դ. Շահնազարյանը։ Այն է՝ եթե նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում Բանակն ամիսներով աշխատավարձ չի ստացել, եւ այդ մասին հայտարարում է այն մարդը, որ նաեւ այն ժամանակ Բանակի գերագույն հրամանատարն էր, ապա դա առավել լուրջ հիմք է Քոչարյանին պաշտոնանկ անելու։ Դավիթ Շահնազարյանի համար անհասկանալի է նախագահի՝ «վարչապետն էլ իրենցն էր» արտահայտությունը. «Վարչապետին էլ է ինքը նշանակել, այս 4,5 տարիների բոլոր նախարարներին եւ վարչապետներին նա է նշանակել։ Ի՞նչ է նշանակում՝ «իրենցն էր»։ Կա մի հստակ պատասխան՝ «ինքը մերը չէր, մնացած բոլորը մերն են»։ Դավիթ Շահնազարյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մեղադրում էր Ռուսաստանին, որ Հայաստանին մեծ քանակությամբ զենք է տվել. «Եթե դա իրականություն է (ես չեմ կարծում, որ իրականություն է), ապա նույնիսկ այդ դեպքում պարզ է, որ դա եղել է նաեւ Վ. Հարությունյանի մեծ ջանքերի շնորհիվ»։ Դավիթ Շահնազարյանը միանշանակ պնդեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պարզապես չի կարող լուծվել փաթեթային տարբերակով, քանի որ նման կարգավորում գոյություն չի ունեցել եւ չի ունենալու. «Մենք բազմիցս ներկա իշխանություններին հրավիրել ենք հրապարակային բանավեճերի, ինչպես ա՛յս, այնպես էլ ցանկացած այլ հարցերով։ 4,5 տարի շարունակ այս իշխանությունը, նրա գրպանային կուսակցությունները խուսափել են բոլոր տեսակի հրապարակային բանավեճերից։ Ինչո՞ւ. ասելիք չունեն, փաստարկ չունեն։ Նրանք սիրում են միայն մենախոսության ռեժիմը, երբ նրանց որեւէ մեկը չի պատասխանում այն թերթերի էջերում, որտեղ նրանք տպագրվում են, կամ այսօր ՀՀ-ում գործող գրեթե բոլոր հեռուստաընկերություններում»։ Մի փոքր, շատ փոքր շեղվելով ղարաբաղյան հակամարտության հրատապ թեմայից, Դ. Շահնազարյանին խնդրեցինք գնահատական տալ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի՝ ԼՂՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրությանը եւ ապա՝ այդ մտադրությունից հրաժարվելուն։ ՀՀՇ անդամ քաղաքական գործչի գնահատականն այս դեպքում եւս միանշանակ էր. «Դա Քոչարյանի պատվերն էր։ Թե՛ այդ կուսակցությունը, թե՛ այդ նախաձեռնությունը պաշտպանող կուսակցությունները հստակ բացահայտվեցին, որ խաղում են ներկա իշխանությունների թելադրանքով։ Այն ժամանակ, երբ Հայաստանի խորհրդարանի օրակարգում է գտնվում Քոչարյանի պաշտոնանկության հարցը, որի հիմնական կետերից մեկն այն է, որ նա, լինելով ԼՂՀ քաղաքացի, առաջադրվել է Հայաստանում, ապա դա նրա կողմից, այսպես կոչված, պատասխան քայլ է՝ իր գրպանային կուսակցությունների միջոցով փորձել այնտեղ առաջադրում իրականացնել՝ դրանով փորձելով ստանալ, այսպես կոչված, լեգիտիմիզացիա»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ