Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների հետ աշխատողներին՝ երեխայական մոտեցում

Հուլիս 19,2002 00:00

Երեխաների հետ աշխատողներին՝ երեխայական մոտեցում Ահա այսպես է մտածում Եղվարդի քաղաքապետարանը։ Եղվարդը Կոտայքի մարզի բնակավայրերից է, բնակավայր, որ այսօր քաղաքի կարգավիճակ է ստացել։ Եղվարդի քաղաքապետարանն այսօր ջանում է պահել 3 մանկապարեզ։ Ջանում է, որովհետեւ Եղվարդի թիվ 2 մանկապարտեզը (վարիչ՝ Սիրանուշ Վարդանյան) ունի ընդամենը 27 երեխա եւ 5 աշխատող։ Մոտավորապես նույնքան երեխա ունի նաեւ թիվ 3 մանկապարտեզը (վարիչ՝ Գոհար Հայրապետյան)։ Ի դեպ, տիկին Հայրապետյանը չցանկացավ հարցազրույց ունենալ մեզ հետ, պատճառաբանելով, որ չի ուզում մանկապարտեզը «ռեկլամ անել»։ Հասկանում ենք տիկին Հայրապետյանի մտավախությունը. մեկ տարի մանկապարտեզը չի գործում (նորից այդ բյուջեի պատճառով), աշխատում է այս տարվա մայիս ամսից՝ մի քանի տասնյակ երեխայով։ Եվ միայն Եղվարդի թիվ 1 մսուր-մանկապարտեզը (վարիչ՝ Մարիետա Մանուկյան) այսօր ունի մոտ 170 երեխա։ Մանկապարտեզում գործում է 8 խումբ։ Սննդի համար վճարումը հիմնականում կատարվում է ծնողական վարձերից, որը ամսական կազմում է մոտավորապես 1300-1400 դրամ։ Սակայն մանկապարտեզների աշխատանքը այսօր դարձել է սեզոնային, ինչպես վարիչներն են ասում, բյուջեում փող չլինելու պատճառով։ Ստացվում է, որ սեզոնային կարգավիճակով աշխատելու դեպքում էլ քաղաքապետարանը ի վիճակի չէ վճարել։ Անցյալ տարի Եղվարդի թիվ 1 մսուր-մանկապարտեզը աշխատել է մայիս ամսից մինչեւ դեկտեմբեր, որից մայիս ամսվա վճարումը հաշվարկվել է մայիսի 15-ից։ Բավական հսկայական ծախսեր, «թանկ հաճույք» համարելով մանկապարտեզների աշխատելը, Եղվարդի քաղաքապետարանը ցրտերն ընկնելուն պես վերոհիշյալ հիմնարկների աշխատողներին բախշում է հանգստություն՝ մոտավորապես այնքան ժամանակով, մինչեւ եղանակները կտաքանան։ Այս տարի մանկապարտեզների բացումը եղանակների տաքացումով ազդարարեցին մայիսի 1-ին (հավանաբար այնքան ժամանակով, մինչեւ եղանակները կցրտեն)։ Իսկ այսօր մանկապարտեզները դեռ չեն վճարվել մայիս ամսվա դիմաց։ Իսկ եթե փորձես խնդրել (ոչ թե պահանջել) գոնե մեկ ամսվա քեզ հասանելիք աշխատավարձը, քաղաքապետարանի աշխատակիցները կարող են բարեխղճորեն թվարկել այն ամիսները, որոնց դիմաց դեռ իրենք էլ չեն վարձատրվել։ Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր աշխատակից կարող է նշել մի որեւէ ամսվա գումար (նախապես համաձայնության չգալով միմյանց հետ)։ Իրավիճակը պարզաբանելու համար փորձեցինք խոսել քաղաքապետ Նորիկ Սարգսյանի հետ։ Սակայն վերջինս մերժեց պատասխանել հարցերին՝ օրերս «Առավոտում» իր անունը հոլովելու պատճառով։ Եվ հենց այդ պատճառն էր, որ պարոն Ն. Սարգսյանին թույլ տվեց այնպես բղավել, որ կողքի աշխատասենյակներից աշխատողները դուրս թափվեցին։ ԱՆԱՀԻՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, երբ պատրաստվում էր նյութը, քաղաքապետարանից մանկապարտեզների վարիչներին «հասցրել» էին, որ իբր օրերս մայիս ամսվա աշխատավարձի վճարում է կատարվելու (ի դեպ, դեռ հայտնի չէ՝ այս տարվա մայիսն է՞լ կհաշվարկվի նախորդ մայիսի պես, թե՞…)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել