Լրահոս
Օրվա լրահոսը

Կհանդիպենք հոկտեմբերին

Հուլիս 19,2002 00:00

Կհանդիպենք հոկտեմբերին «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով. «Մենք առավել քան համոզված ենք, որ այստեղ այնպիսի մեծ շահեր են գործում, որ ավելի հզոր են, քան Նարեկ Սարգսյանը կամ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։ Մեր կարծիքը դա է եւ դրա համար էլ դիմում ենք հանրապետության առաջին պատասխանատու անձին»։ Երեկ Ժուռնալիստի տանը կայացած մամուլի ասուլիսն առնչվում էր օպերայի պուրակում սկսված շինարարության գործընթացին։ «Սպառողների միությունն» ու նրան միացած մի շարք հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս «առավել միջոցներ» ձեռնարկի, քանի որ, ըստ նրանց, օպերայի պուրակն արդեն կանգնած է ոչնչացման եզրին։ «Սպառողների միության» նախագահ Ա. Պողոսյանն ասաց, որ սկսած 1988 թվականից, բոլոր քաղաքապետերի հետ իրենք աշխատում են եւ ոչ միայն օպերայի շրջակայքի, այլեւ ընդհանրապես Երեւանի քաղաքաշինական եւ ճարտարապետական կառուցապատման սկզբունքների վերաբերյալ իրենց անհամաձայնությունն են հայտնում։ Սակայն, ըստ նրա, որպես կանոն, բոլոր քաղաքապետերն էլ իրենց գործունեությունը սկսելուց առաջ հայտարարում են, որ մտադիր են շատ խիստ մոտենալ, հողհատկացումները հնարավորինս կրճատել, պահանջներն ավելի խստացնել եւ այլն, այն նպատակով, որպեսզի այգիներում, պուրակներում տարբեր տեսակի օբյեկտների շինարարությունը պակասի, բայց Ա. Պողոսյանի խոսքերով, «կյանքը ցույց է տալիս, որ իրականում հակառակն է տեղի ունենում եւ՝ գահավիժող տեմպերով»։ Բողոքի ձայն բարձրացնողները վկայակոչեցին նաեւ «Քաղաքաշինության մասին» օրենքի 14-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ԶԼՄ-ներում հրապարակումներով, հասարակական քննարկումներով, ծրագրերի եւ նախագծերի ցուցադրմամբ իրազեկել տարածքի գոտեւորման եւ քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին։ Ինչը, նրանց խոսքերով, չի արվել։ Ճարտարապետության վարչության պետի տեղակալ Հրաչիկ Սարգսյանն էլ, որը գլխավոր ճարտարապետի կողմից լիազորված էր ասուլիսին մասնակցելու, ինչպես ասաց՝ Նարեկ Սարգսյանի խնդրանքը կատարելով, սկսեց մի հարցադրումով, այն է՝ ինչ գնահատական եք տալիս Իտալական փողոցի այսօրվա կառուցապատմանը, հյուրանոցի առկայությանը եւ Շահումյան հրապարակից Մյասնիկյան հատվածի ճանապարհի կառուցապատմանն ու իրականացմանը։ Հավաքվածներից դրական պատասխան ակնկալելով, ինչը կրքերն ավելի բորբոքեց, շարունակեց. «Այդ ժամանակ եւս նույն կազմակերպությունների, «Սպառողների միության» կողմից սարսափելի աղմուկ էր բարձրացվել, բայց այդ ծրագիրը մեծ ջանքերի գնով իրականացվեց։ Այսօր Երեւանի որեւէ քաղաքացի կարո՞ղ է բացասական գնահատական տալ այդ ծրագրին»։ Բոլոր երեւանցիների անունից հայտարարությամբ հանդես գալով՝ Հ. Սարգսյանը առաջարկեց հոկտեմբերի վերջին հավաքվել օպերայի հրապարակում, նորից անդրադառնալ եւ գնահատական տալ գոյություն ունեցող իրավիճակին։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել