Քրիստոսին էլ քվեարկությամբ խաչեցին Եվ ոչ ոք իր վրա չվերցրեց պատասխանատվությունը Իբրեւ օրինակ բերելով ՄԱԱ նախագահ, ԵՊՀ դասախոս Նարինե Մկրտչյանի հետ կապված ապօրինությունը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ԵՊՀ դասախոս Արամ Հարությունյանը երեկ դասախոսներին եւ ընդհանրապես ողջ մտավորականությանը կոչ արեց դիմադրել նմանօրինակ ճնշումներին եւ խուսափել չեզոքությունից, քանզի, ինչպես Դանթեն է ասում՝ դժոխքում ամենաշիկացած տեղերը նախատեսված են նրանց համար, ովքեր բարոյական փորձությունների ժամանակ չեզոքություն են հանդես բերում: Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտխորհուրդը Ն. Մկրտչյանին զրկեց ֆակուլտետում դասավանդելու հնարավորությունից: Ի դեպ, ՄԱԱ-ն իր հայտարարության մեջ կատարվածը դիտում է որպես հանրապետությունում հաստատված գրաքննության մթնոլորտի հետեւանք, քննադատության, այլակարծության մերժման արդյունք եւ իշխանությունների կողմից ազատ լրատվամիջոցներ փակելու գործընթացի շարունակություն: Ն. Մկրտչյանի դեպքում էլ կարծես թե ամեն ինչ արվեց օրենքով, բայց, ինչպես նկատեց Ա. Հարությունյանը, միշտ կարելի է գրել օրենք, որտեղ քվեարկության արդյունքը կախված է մարդկանց բարոյականությունից: Ի դեպ, քվեարկողների մեջ կային մարդիկ, ովքեր դեմ են քվեարկել նաեւ «Ա1+»-ին: Ա. Հարությունյանը շեշտեց, որ բուհերը երբեք ապաքաղաքականացված չեն եղել թե նախկին, թե ներկա իշխանությունների օրոք՝ հիշելով, որ 1993-ի ապրիլի 1-ին իրեն եւ այն ժամանակ ԵՊՀ ուսանող Վարդան Վարդանյանին ռեկտորատը խիստ նկատողություն տվեց՝ բուհի աշխատակազմի հետ ընդդիմադիր քաղաքական գործիչների հանդիպումը կազմակերպելու համար (ընդ որում՝ աշխատակազմի ցանկությամբ): «Իհարկե, մեր խիստ նկատողության մասին Լ. Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր, բայց դա արջի ծառայություն էր, որ պիտի արվեր եւ նույնը շարունակվում է հիմա… Ուսխորհուրդները դարձել են երիտասարդական-գուսանական խմբեր, որոնց սիրո առարկան կամ ռեկտորն է, կամ հանրապետության նախագահը: Եվ սա մեր ապագա էլիտան է»: Անդրադառնալով խնդրո առարկային, ՄԱԱ վարչության անդամ Վարդան Վարդանյանը հայտնեց ակումբի մտահոգությունը՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տիրող բարքերի, պրոֆեսորադասախոսական կազմի՝ հաստատված վախի մթնոլորտի, ֆակուլտետի շրջանավարտների բացարձակ մեծամասնության լրագրողական անբավարար մակարդակի կապակցությամբ: «Ընդգծելով, որ ֆակուլտետը գրեթե կապ չունի ժամանակակից հայ լրագրության հետ, այնտեղ հաստատված համակարգի հետեւանքով արգելված է գործող լրագրողների մուտքը, ՄԱԱ-ն գտնում է, որ լրագրության սերնդափոխության ապագան Հայաստանում լրջորեն վտանգված է»: Սեպտեմբերին «Ազգային համաձայնություն» կուսակցությունը ստեղծելու է միջբուհական հասարակական կազմակերպություն, որի հիմնական սկզբունքը լինելու է հետեւյալը. բնական ազատությունից՝ քաղաքացիական ազատություն, այսինքն՝ ամենքս պետք է լինենք այնքան ազատ, որքան մեր բարոյականությունն է թույլ տալիս եւ ընդհանուրի շահը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ