ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՐԻՑՍ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻՆ Հարգարժան տերեր, Ձեզ իր խոսքն է ուղղում 50 տարուց ավելի մանկավարժության ասպարեզում աշխատած մանկավարժը։ Ես աշխատել եմ որպես ուսուցիչ, ուսմասվար, դպրոցի տնօրեն, ժողկրթբաժնի տեսուչ, նախկին լուսավորության նախարարությունում դաստիարակչական աշխատանքների մեթոդկաբինետի վարիչ, ապա դպրոցների գլխավոր վարչության տեսուչ։ Ներողություն եմ խնդրում թվարկմանս համար։ Ես գրում եմ նաեւ 1937, 1949 թթ. բռնադատվածների եւ կենդանի մնացած նրանց սերունդների անունից, որոնց մի մասը հունիսի 14-ին, բռնադատվածների օրվա կապակցությամբ հավաքվել էր տեղադրված հուշաքարի մոտ։ Այսօր մոռացվել է այն ահավոր քաղաքական բռնաճնշումների մասին, որ տեղի ունեցան 1920- 50-ականներին։ Պետության կողմից կազմակերպված զանգվածային աքսորները, ճնշումների ենթարկված 42 հազարից ավելի մարդկանց հիշատակը ոչ միայն չպիտի անտեսել, այլեւ անտեղյակներին տեղյակ պիտի պահել։ Կարճ ժամանակ այդ մասին խոսվեց, ապա լռության մատնվեց։ Որքան էլ հանրապետության քաղաքական մթնոլորտը պղտոր լինի՝ ավելորդ ժամանակի կորուստ չպիտի համարել հազարավոր անմեղ բնադատվածների հիշատակի օրը նշելը, հավաքական, հզոր ձայնով այն կրկին ու կրկին դատապարտելը։ Սա նեղ, անձնական հարց չէ, սա երեւույթ է, այրող ծուխ, որ հավերժորեն մխում է նրանց հետնորդների հոգիներում։ Մի՞թե Աղասի Խանջյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Ներսիկ Ստեփանյանի, Սահակ Տեր-Գաբրիելյանի, Հայկ Բժշկյանցի, Հրանտ Գալիկյանի, Պետիկ Թորոսյանի եւ շատ ու շատ այլ արժանավորների կյանքի ճանապարհը յուրովի սխրանք չի եղել։ Ներկայի մեջ անցյալը տեսնելով եւ ահավոր սխալները դատապարտելով՝ կարող ենք նորմալ գալիք կերտել։ Շատ ենք ասում՝ հիշողություն ունեցող ազգերը չեն կարող մեռնել։ Բայց երբեմն մոռանում ենք ամենակարեւորը. Ծիծեռնակաբերդը հիմնվեց 60-ական թվերին, երբ դեռեւս մենատիրության մթնոլորտն էր տիրում, հիմնվեց Հայաստանի ղեկավարների կողմից, նրանց սրտացավության ու նվիրումի, անգամ զոհաբերության գնով եւ ժողովուրդը ոտքի ելած, ձուլվելով ղեկավարությանը, անմռունչ գնաց նրա հետեւից՝ տեր դառնալով իր իրավունքներին։ Այսօր այնտեղ թանգարան ու ցուցասրահ ենք ստեղծել, աշխարհի ուշադրությունն ենք հրավիրում մեր ազգի կրած տառապանքների վրա, մեր արդար իրավունքն ենք պահանջում գենոցիդ կազմակերպող երկրից եւ ճիշտ ենք անում։ Այսօր ազգովի Արցախի ժողովրդի արդար իրավունքն ենք պաշտպանում, ուզում ենք, որ աշխարհն էլ այդ իրավունքը ճանաչի։ Մինչդեռ «բռնադատված» բառը եւ հասկացությունը խորթ է հնչում նոր սերնդի՝ երիտասարդության ականջին, նրանցից շատերը քիչ գիտեն այդ ահավոր տարիների մասին, մոռացության արժանի էտապ են համարում։ Թերեւս շատերը նույնիսկ անտեղյակ են։ Որովհետեւ ստալինյան բռնապետությունը մարդկանց բերանը ամուր գոցել եւ լռել էր սովորեցրել։ Մարդիկ նույնիսկ տներում էին շշուկով խոսում, տան պատերից էլ էին վախենում։ Ավելորդ մի բառ՝ բանտ, աքսոր, գնդակահարություն։ Ի պատիվ Հայաստանի նախկին ղեկավարության՝ բացվեցին ՊԱԿ-ի արխիվները, հրապարակվեցին որոշ հոդվածներ, գրքեր։ 1994թ. հունիսի 14-ը հայտարարվեց բռնադատվածների հիշատակի օր, իսկ 1999թ. հունիսի 14-ին հուշաքար տեղադրվեց բռնադատվածների հիշատակը հավերժացնելու նպատակով կառուցվող ապագա հուշարձանի տեղում։ Ստեղծվեց «Հուշամատյան» ընկերության վարչություն, որն աշխատանքային տեղ էլ չունի։ Այսօր 1937թ. բռնադատվածների առաջին խմբի սերունդներից եւ 1949 թվականի բռնադատվածներից քչերն են մնացել։ Նրանք գրեթե բոլորն էլ անշիրիմ են։ Սակայն հավերժորեն հողի տակ չի ծածկվել նրանց մասին եղած հիշողությունները։ Նրանց վերջին շառավիղները գալիս-շարվում են այս անշուք շիրմաքարի մոտ, կրկին ու կրկին հիշում ու հուզված պատմում իրենց գլխով անցած, անհավատալի, ցնցող փաստերի մասին։ Նրանց ժառանգներին պետք է նկատել։ Միաժամանակ նրանք կարիք են զգում ջերմ խոսքի, մխիթարանքի, եւ ուզում են այդ խոսքը լսել այսօրվա տերերից։ Չկա այդ խոսքը։ Այդ օրը անբարեկարգ այդ հուշաքարի մոտից ծեր մարդիկ խճերի, քարերի վրայով, հազիվ կառչելով այս կամ այն թփին ու կոշտերին, կորացած վերադարձան իրենց տները՝ երիցս բռնադատված։ Նրանցից մեկը գիտե՞ք ինչ ասաց. «Մենք ղեկավարներից պահանջներ չունենք, մենք ուշադրություն ենք պահանջում»։ «Այսօր 7-10 դոլար թոշակով էլ կապրենք, չէ՞ որ սովոր ենք։ Երբ մեզ Սիբիր էին քշում, այդքան էլ չէին տալիս։ Գնացքի մեջ չորսամյա երեխաս ուշաթափվել էր քաղցից ու ծարավից, ուզում էին գրկիցս խլել ու… պատուհանից…»,- այսօր էլ չի կարողանում մինչեւ վերջ պատմել, փղձուկը խեղդում է ու հեկեկում է։ Ստալինյան մարդակուլ քաղաքականության տարիներին միայն 1930-40 թթ. Հայաստանում ճնշումների զոհ է դարձել 18 հազար անձ, ավելացրեք նրանց ընտանիքի անդամներին, հարազատներին հասցված նյութական ու բարոյական աղետը։ Անգամ անչափահաս երեխաներին դուրս էին շպրտում իրենց տներից։ Դաժանության փաստեր՝ որքան ուզեք։ Շարունակությունը 1949թ. զանգվածային աքսորն էր, կարմիր եղեռնը։ Անշուշտ, անցյալը վերադարձնել հնարավոր չէ։ Բայց նման անցյալը հողով առմիշտ ծածկել եւ ավարտված համարել՝ նույնպես անարդար է։ Պիտի բացել այդ արյունոտ էջերը։ Մեր երախտիքի խոսքը պիտի ուղղենք Արմենակ Մանուկյանին՝ «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1920-53 թթ.» աշխատության համար։ Պիտի գնահատել Դավիթ Գասպարյանի վաստակը՝ Չարենցի կյանքից՝ «Փակ դռների գաղտնիքը» եւ Ա. Բակունցի «Մեղադրական գործ» աշխատությունների համար։ Բռնագաղթվածները հուշեր են գրում։ Ալբոմներ են ձեւավորում։ Այդ ամենը հավաքվում է «Հուշամատյան» ընկերության վարչությունում։ Նախատեսվում է ստեղծել ցուցասրահներ «Ընդդեմ բռնության» խորագրով։ Մենք՝ բռնադատվածներս եւ նրանց սերունդները խնդրում ենք մեր արդար պահանջին ընթացք տալ։ ԼԵՅԼԻ ԱԼԻԽԱՆՅԱՆ