Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կուսակցական բարձրախո՞ս, թե՞ բիզնես

Հուլիս 19,2002 00:00

Կուսակցական բարձրախո՞ս, թե՞ բիզնես Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին՝ 51,8%-ը, ժամանակ առ ժամանակ թերթեր է կարդում. նրանց 14,4%-ը թերթեր կարդում է ամեն օր, 15,6%-ը՝ ամեն շաբաթ, 21,8%-ը՝ երբեմն։ Սույն հետազոտությունը կատարվել է Հայկական սոցիոլոգիական ընկերակցության կողմից՝ IREX/ProMedia-ի ֆինանսավորմամբ։ Ըստ հետազոտողների, մամուլի շուկայի այսօրինակ ուսումնասիրության նպատակն է եղել «բացահայտել, թե ինչը կհանդիսանա թերթերի ընթերցանության բարձրացման խթան»։ Հարցման են ենթարկվել Հայաստանի 1000 բնակիչներ՝ 700 երեւանաբնակներ, 300 հոգի՝ Գյումրիից, Վանաձորից եւ Կապանից։ Փաստորեն, հետազոտությունն անց է կացվել քաղաքաբնակների շրջանում եւ այդ առումով արդյունքները բավականին «պայծառ» են։ Թերթ ընթերցողների հիմնական մասը՝ 36%-ը 45-59 տարեկան են, 28%-ը՝ 30-44, իսկ 24%-ը՝ 18-29 տարեկան։ Ընթերցողների հիմնական զանգվածը բարձրագույն կրթություն ունի, կեսից ավելին իրենց համարում են ծառայողներ, բանվորներ կամ մտավորականության ներկայացուցիչներ։ Պարզվել է, որ ընթերցողներից շատերի ամսական եկամուտը 50 հազար դրամից պակաս է։ Հարցման արդյունքներով, ընթերցարանի ընդլայնման առաջնակարգ խոչընդոտներն են՝ բնակչության ցածր եկամուտը (61,2%), թերթերում հրապարակվող լրատվության նկատմամբ անվստահությունը (11,8%), թերթերի նկատմամբ հետաքրքրության կորուստը (9,1%), տեղեկատվության այլ աղբյուրների նախընտրությունը (5,6%), ընթերցանության համար ժամանակի պակասը (1,8%)։ Ընթերցանության անկման պատճառը՝ հոգեւոր սննդի պակասը, հետազոտողները փորձել են համեմատել հանապազօրյա հացի պահանջարկով. խորհրդային շրջանում թերթն արժեր 3-5 կոպեկ, մեկ հացը՝ 20-25, այսօր թերթերն արժեն 100-150 դրամ, մեկ հացը՝ 100 դրամ։ Փաստորեն, խորհրդային շրջանում մեկ հացի գնով կարելի էր ձեռք բերել 5-7 օրաթերթ։ Այս ամենին գումարվում է գործազրկությունը՝ մասնավորապես, որը հարցվածների շրջանում 26,5% է կազմել եւ տնտեսական ճգնաժամն իր մնացած բոլոր հետեւանքներով՝ ընդհանրապես։ Հարցվածների 83,7%-ը թերթերը գնում է կրպակներից, քանի որ վերջին տասնամյակում բաժանորդագրությունը շրջանառությունից գրեթե դուրս է եկել։ Սակայն կեսից ավելին կարծիք է հայտնել, որ թերթեր կգնեին նաեւ այլ տեղերում՝ խանութներ, լցակայաններ եւ այլն, եթե դրանք այնտեղ վաճառվեին։ Ընթերցողների մեծ մասը, որպես լավ լրագրության չափանիշ, նշել է լրատվության օբյեկտիվությունը, ճշգրտությունը եւ օգտակարությունը։ Ըստ ընթերցողների, քաղաքականությամբ ծանրաբեռնված պարբերականներն այլեւս առանձնապես հետաքրքրություն չեն հարուցում։ Որպես տեղեկատվության հիմնական աղբյուր, տպագիր լրատվամիջոցները երրորդ տեղում են՝ ռադիոյից եւ հեռուստատեսությունից հետո։ Դա բացատրվում է վերջիններիս մատչելիությամբ։ Սակայն, իբրեւ մանրամասներ հաղորդող եւ վերլուծական՝ տպագիր լրատվամիջոցներն այնուամենայնիվ վստահելի են գնահատվել ընթերցողների կողմից։ Բնակչության 40%-ը կարդում է հեռուստածրագրեր եւ զվարճալի տեղեկատվություն պարունակող «Էֆիր», «Եթեր», «TB ՍՈվՈս» եւ նման այլ պարբերականներ։ Ընթերցողների շրջանում, ըստ վերը նշված հարցումների, ամենանախընտրելին խաչբառերն են, հոգեբանական տեստերը եւ այլ զվարճալի տեղեկատվություններ։ Հետազոտությունների այս եւ մանրամասներ պարունակող այլ արդյունքների հիման վրա, հետազոտողները հետեւյալ եզրակացության են հանգել. այսօր լույս տեսնող թերթերի մեծ մասը չի ճանաչում իր ընթերցողին եւ հստակ ուղղվածություն չունի։ Թերթերը բաժանվում են երկու մասի՝ պաշտոնամետ եւ ընդդիմադիր, որոնք առայժմ տարբերվում են իրենց կուսակցական պատկանելությամբ կամ կողմնորոշումով։ Սակայն հանրապետության բնակչության մեծ մասը կուսակցություններին չի հարում եւ չի վստահում։ Այսպիսով, թերթերի կուսակցականությունը խանգարում է նրանց մասսայականությանը։ Թերթն ընթերցողին հասցնելու մեխանիզմը բոլորովին չի փոխվել եւ չի համապատասխանում օրվա պահանջներին։ Թերթերի եւ ամսագրերի վաճառքը մի քանի անգամ կավելանա, եթե վերջիններս վաճառվեն ամենուրեք։ Եվ ապա՝ հետազոտողների համոզմամբ, Հայաստանում տպագիր մամուլը լուրջ զարգացում կապրի այն պահից, երբ թերթերը դիտարկվեն իբրեւ բիզնեսի ոլորտ, ոչ թե քաղաքականություն տարածելու կուսակցական բարձրախոս։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել