«ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ»՝ «ԱՅԼ ԷՖԵԿՏՆԵՐԻ» ԴԻՄԱՑ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, որի «ոտը» բնական տեղումների առումով «խերով» էր մեր բնաշխարհի համար, երեկ վիրավորված շեշտեց, որ իր պաշտոնավարման օրոք Սեւանի ջրի մակարդակը ոչ թե իջել է, ինչպես մամուլում է գրվել, այլ բարձրացել։ Ըստ այդմ, 2002թ. պիկը հասել է 1897 մետր 2 սմ-ի, որը 2 սմ-ով ավելի է, քան 2000-ի նույն ցուցանիշը։ Այսինքն՝ «ծածկվել է 2 տարվա բաց թողնված ջուրը»։ Այս «ծածկվելն» ու նախարարի նեղացած տոնը տպավորություն էին ստեղծում, թե հենց նրա ճիշտ մշակած «ռազմավարության» կամ երկինքների հետ հմուտ բանակցությունների շնորհիվ է, որ հատուկ ջրեր են հոսել դեպի Սեւան, բայց հո բոլորին է հայտնի, որ բնությունը քմահաճ է։ Կարեւորը, որ այս անգամ քմահաճույքն օգուտ բերեց։ Բայց բնաշխարհը միայն բնական տեղումների ու երեւույթների ազդեցությունը չի կրում, այլ նաեւ մարդկային գործունեության, ընդ որում՝ շահույթ հետապնդող գործունեության։ «Օրինակ, խնդիրներ ունենք ջրամբարներում, որտեղ տարբեր կենդանիների ներմուծումը այլ էֆեկտներ է տվել»։ Նույնը նաեւ Սեւանին է վերաբերում, որտեղ մարդու միջամտությամբ հայտնվելուց հետո խեցգետիններն են «անկարգություններ անում» եւ սպառնում ոչնչացնել մի քանի այլ տեսակի ծովային կենդանիների։ Բնապահպանության նախարարն առաջարկում է օձաձուկ «լցնել» Սեւան, որը կարող է ոչնչացնել խեցգետիններին, «բայց թե դա ինչ հետեւանքներ կունենա մյուս կենդանիների վրա (Սեւանում «բնակվող»- Ա. Ու.)՝ ուսումնասիրված չէ»։ «Երկաթյա տրամաբանություն» չունենալու մեջ պետք չէ մեղադրել Վարդան Այվազյանին, որովհետեւ «մի մոռացեք, որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է։ Կարող եմ մասնագետների խումբ առաջարկել, որոնք սպառիչ կպատասխանեն այդ հարցերին, նույնիսկ լատինական անուններով»։ Խեցգետինն այսպիսի գլխացավանքի չէր վերածվի, եթե մեծ, շատ մեծ փողերի աղբյուր չլիներ։ Նախարարի տվյալներով, անցած տարի արտահանվել է 280 տոննա խեցգետին, մինչդեռ տրվել է 4,5 տոննայի թույլտվություն։ Այսինքն, սա շահավետ, մեծապես ստվերային դաշտում աշխատող բիզնես է։ Բայց բնապահպանության նախարարությունը, ըստ Վ. Այվազյանի, համապատասխան իրավասություն չունի սա հսկելու։ Բայց այսպիսի հարցերը, գոնե թղթի վրա, կարգավորում կստանան։ Կառավարության նիստում երեկ ընդունվել է կենդանիների եւ բույսերի արտահանման եւ ներմուծման կարգ, որի նպատակն է մեր բնաշխարհը պահպանել մարդու բացասական միջամտությունից։ Այսուհետեւ բույսեր ու կենդանիներ ներմուծել-արտահանելիս պետք է ունենալ բնապահպանության նախարարության թույլտվությունը. «Մաքսավորը չի կարող ասել՝ դա Կարմիր գրքում գրանցվա՞ծ է, թե՞ ոչ» կամ կարո՞ղ է վնասել մեր բնաշխարհին, թե՞ ոչ։ Բնությունը՝ բնություն, բայց նման կարգերը մեկ-մեկ զավեշտի են նմանվում։ Որոշ ժամանակ առաջ նախարարությունը մի գիտահետազոտական ինստիտուտի թույլատրել էր Հայաստանից 369 հատ մոծակ արտահանել, ինչն էլ կատակի տեղիք էր տվել. ի՞նչ պետք է անեին համապատասխան մարմիները, եթե հանկարծ 370 մոծակ արտահանվեր։ Կամ, եթե հանկարծ արտահանվեին թույլտվություն չստացածները։ Թեեւ մոծակների արտահանման թույլտվության մասին տեղեկատվությունը հայտնել էր նախարարության վարչության պետ պարոն Շաշիկյանը, այնուամենայնիվ, երեկ Վարդան Այվազյանը նշեց, որ խոսքը թույլտվության մասին չէ. «Նրանցից (գիտնականներից) չէին ընդունի այդ աշխատությունները, եթե մենք չփաստեինք, որ դրանք մեր կենսաբազմազանության տեսակներից են, որոնք այդ աշխատությունների համար հիմք են հանդիսանում»։ Կարգի մշակումը միջազգային կոնվենցիայի պահանջ է, որը նաեւ թույլ է տալիս սեփական երկրի բնաշխարհի յուրահատկությունները հաշվի առնելով, որոշ կենդանիների ու բույսերի համար բացառություններ անել։ Այսպիսով, կան նաեւ արգելված տեսակներ՝ «Կարմիր գրքի կենդանիների արտահանումը, գիշատիչ ձկնատեսակների ներմուծումը… հիմա ես քեզի քանի՞ տեսակ ասեմ»,- բարկանում, թե զարմանում է նախարարը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ