Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ ՉԷ ԸՆԿԱԼԵԼ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 19,2002 00:00

ՊԵՏՔ ՉԷ ԸՆԿԱԼԵԼ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 12-ին Բրյուսելում Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության կոմիտեի նիստում ընդունվել է փաստաթուղթ, որով փաստորեն Եվրամիությունը ընդգծել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարեւորությունը»: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը հաստատում է այս լուրը՝ ավելացնելով միայն. «Պետք է հաշվի առնել, որ սա ընդամենը Ադրբեջան-Եվրամիություն հանձնաժողովի կարծիքն է, ոչ թե Եվրամիության քաղաքական ղեկավարության քաղաքական հայտարարությունը»: Նման ֆորմատով հանդիպումներ լինում են նաեւ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ: Ի դեպ, եվրոպական այդ կառույցը հավանություն է տալիս ոչ միայն ադրբեջանական, այլ նաեւ հայկական կողմի բոլոր առաջարկներին. «Եվրամիությունը հումանիստական կառույց է եւ պատրաստ է ղարաբաղյան խնդրի լուծման խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած առաջարկ ընդունել»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը: Պետք է ընդգծել, որ Եվրամիությունն ընդունել է ադրբեջանական կողմի այն առաջարկը, համաձայն որի՝ ղարաբաղյան հսկողության տակից պետք է դուրս գան Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Ղուբաթլուի եւ Զանգելանի շրջանները, եւ այդ վայրերում Ադրբեջանը պետք է սկսի վերականգնողական աշխատանքներ: Առաջարկների մեջ ուշագրավ է նաեւ Բաքու-Նախիջեւան-Երեւան երթուղով երկաթուղային գծի վերականգնման հարցը: Այս 2 հիմնական առաջարկներն էլ Եվրամիության կողմից ընդունվել են եւ ոչ միայն. հանձնաժողովն արձանագրել է, որ սա միակ հնարավոր միջոցառումների փաթեթն է հակամարտության կարգավորման եւ համագործակցության վերականգնման ուղղությամբ: Հովհաննես Հովհաննիսյանը նկատում է, որ սեպտեմբերի 9-12-ը սպասվում է նույն ֆորմատով Հայաստան-Եվրամիություն հանդիպում, եւ այդ ժամանակ հակափաստարկներ եւ հայանպաստ առաջարկներ մեր խորհրդարանականների կողմից կարվեն: Այնուամենայնիվ, նրա՝ քաղաքական որոշումների իմաստով կարեւորում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, որոնց աշխատանքների հիմքում, համենայնդեպս, ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, ընկած չէ ոչ վերոհիշյալ 4 տարածքների վերադարձը, ոչ էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման խնդիրը: Բացի այդ, պրն Հովհաննիսյանի կարծիքով, «նախընտրական տարում ոչ բոլորն են ուզում, որ Հայստանում լինի կայուն վիճակ, իշխանությունը լինի ուժեղ եւ լեգիտիմ: Այնպես որ, որոշ հզոր գերտերությունների կողմից հակասական հայտարարություններ կլինեն»: www.a1plus.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել