«Հանուն հայրենիքի մի 150 000 փոխանցիր» Աջ ձեռքս հետ գնաց: Վաղուց այդ շարժումը ձեռքս չէր արել: Խորհրդային շրջանի Հարկային տեսչության բաժնի պետի այդ նախադասությունը ենթագիտակցությանս մեջ նստեց ու սեղմում էր: Հանուն հայրենիքի «Վերսուս ստուդիան» պետք է փոխանցի 150 հազար դրամ: Հայրենիքս եկավ փոքրացավ-փոքրացավ ու դարձավ Հարկային տեսչության մի աշխատակից: Սրտխառնուքս սկսվեց, ես ուզում էի հետ տալ հայրենիքիս վրա: Հասկացա, որ կարոտել եմ վառոդի հոտը: Կրակելու ցանկությունս հաղթեց ինձ: Եթե զենքս ուսիցս կախած լիներ, ես առանց վարանելու կկրակեի: Կրակողը ես չէի լինի, բնականաբար: Տարիներ առաջ զինվոր էի Մոնթեի ջոկատում: Փոքրիկ ջոկատ էր, 17 հոգիանոց: Տղաներին «ուսումնասիրում» էի ու գրում նրանց մասին: Առայսօր դրանք չեմ հրապարակել: Վախենում եմ դա անել: Ես նրանցից շատերին հարցնում էի՝ ինչո՞ւ ես եկել կռվելու: Հիշում եմ, 11 հոգի ասացին՝ հանուն հայրենիքի: Այդ ասողներից երկուսը զոհվել են Ղարաբաղում: Լեւոնը՝ ականից ոտքը կտրված, ապրում է Հոլանդիայում, Սերգեյը մարդասպանության համար դատապարտված է եւ գաղութում է… Չշարունակեմ: Մեկ ամիս առաջ Հայաստանում սկսվեց հերթական հարկային տեռորը: Այդ շրջանում, երբ ես զրուցում էի փոքր բիզնեսով զբաղվածների հետ, պարզ էր, որ նորից բավական մեծ թվով մարդիկ լքելու են Հայաստանը: Նրանք այդ ճնշումներին չէին կարող դիմանալ, անհնար է Հայաստանում զբաղվել բիզնեսով, եթե քո ետեւոմ պաշտպանության կամ ազգային անվտանգության նախարարը չէ, եթե պատգամավոր կամ կուսակցության լիդեր չես, եթե ոստիկան կամ Մաքսայինի աշխատող չես, եթե ներկա կամ նախկին իշխանության հովանու ներքո չես: Իսկ երբ ճնշում են լրատվամիջոցի, նշանակում է, դու վերոնշյալներից որեւէ մեկինը չես: 15 օր շարունակ զանգերով ինձնից պահանջում էին բյուջե փող փոխանցել: Սկզբից՝ մեկ միլիոն, հետո՝ 500 հազար, հետո՝ 150 հազար, վերջում՝ 50 հազար դրամ: Հարկային տեսչության աշխատողներից սկսած՝ մինչեւ պետեկամուտների նախարարության աշխատակիցներ: Ես նրանց պատասխանում էի, որ փող չեմ փոխանցելու, ես օրենք չեմ խախտում եւ չեմ ուզում փող փոխանցելով գործարքի մեջ մտնել իրենց հետ: Երբ զանգահարողներին միացան պետեկամուտների նախարարության աշխատակիցները, հասկացա, որ «Վերսուս ստուդիա» զանգվածային լրատվամիջոցի վրա ճնշումներ են սկսվել, թե ում հրահանգով՝ ինձ համար պարզ չէ առայժմ: Նրանք սպառնացել են որ ստուգումներ են սկսելու «Վերսուս ստուդիայում»: Իսկ ես ուրախ պատասխանում էի՝ եկեք պարոնայք, ստուգումները ձեր պարտականությունն են, կատարեք: Ես որպես լրագրող այսօր հետաքննում եմ մի քանի թեմաներ՝ սպանության դեպքեր բանակում, գեներալների բիզնեսը, կոռուպցիան կառավարությունում, քաղաքապետարանի որոշումների օրինականությունը եւ այլն: Բոլորը պոտենցիալ ճնշողներ են: Բայց ես ավելի փայլուն գաղափար ունեմ. ձերբակալեք ինձ ու մեղադրեք կրակելու ցանկություն ունենալուս համար: Եթե մոտս զենք լիներ, հաստատ կրակելու էի: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ