Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Հուլիս 19,2002 00:00

ԸՆԴԴԵՄ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ Ազգային հանձնաժողովի ներկայացուցիչները երեկ անգամ հարկ չհամարեցին դատարան ներկայանալ՝ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» սպառողների հայցի քննությանը։ Եվ ինչո՞ւ պիտի ներկայանային՝ չէ՞ որ այդ կողմին հաջողությամբ փոխարինում են նաեւ դատավորները։ 36 սպառողները պահանջել էին մեր Սահմանադրությանն ու «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրին հակասող ճանաչել ՀՌԱՀ որոշումն այդ հեռուստաընկերություններին արտոնագրից զրկելու վերաբերյալ, եւ այդ դիմումին ի պատասխան՝ Ազգային հանձնաժողովի շահերի ներկայացուցիչ Էդիթ Խաչատրյանը հունիսի 3-ին պատասխանել էր, թե նման որոշումներ չեն կայացվել. «Հետեւաբար՝ չեղած որոշումներն օրենքին հակասող ճանաչելու պահանջն անհիմն է»։ Այսքանով բավարարվել էին եւ այլեւս դատարան էլ չներկայացան, որ պարզեն՝ իրենց այդ փաստարկին առարկություններ չկա՞ն, կամ կա՞ն իրենց ուղղված այլ հարցադրումներ։ Իսկ առարկություններ, իհարկե, կային։ Սակայն այս պատմության մեջ վրդովեցուցիչը ոչ այնքան Ազգային հանձնաժողովի չներկայացած անդամների անհարգալից վերաբերմունքն էր դատարանի նկատմամբ, որքան Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի դատավոր Հրաչիկ Հովհաննիսյանի պահվածքը, որ հեշտությամբ կուլ տվեց այդ վիրավորանքը եւ որոշում չկայացրեց, ասենք, նրանց բերման ենթարկելու վերաբերյալ։ Ավելին, երբ Աշոտ Բլեյանը պահանջում էր ապահովել նրանց ներկայությունը՝ «Պատի՞ն ենք հարցեր տալու, ո՞վ է նրանց փոխարեն պարզաբանելու», եւ նշում, թե իրենք զրկվում են հավասար մրցակցության իրավունքից, դատավոր Հրաչիկ Հովհաննիսյանն անհողդողդ կրկնում էր. «Դատարանն այդ հարցը համարում է լուծված»։ 36 համադիմողների 3 ներկայացուցիչների (Աշոտ Բլեյանից բացի, նաեւ՝ Արտակ Զեյնալյան ու Վիգեն Խաչատրյան) առաջին քայլերից մեկը հայցի հիմքը լրացնելն էր։ Նրանք մեջբերեցին «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այն եւս վավերացրել է Հայաստանը, ուստի՝ Կոնվենցիան այժմ մեր իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է) 10-րդ հոդվածը՝ առանց պետական մարմինների միջամտության՝ տեղեկություններ ստանալու ազատության վերաբերյալ, եւ նշեցին, որ «Պետական մարմին ՀՌԱՀ-ը զրկել է իրենց այդ իրավունքից, ուստի «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերություններին եթերից զրկելու (արտոնագիր չտալու) հանձնաժողովի գործողությունները (որոշումները) հակասում են Կոնվենցիայի 10-րդ հոդվածում կիրառված նորմերին»։ Թեեւ ե՛ւ այս, ե՛ւ այլ գրավոր փաստաթղթերում դիմողները հստակ նշել էին, թե իրենց որ իրավունքներն են ոտնահարվել, դատավորն անընդհատ պահանջում էր նշել՝ ո՞ր իրավունքներն են խախտվել։ Ընդսմին, Սահմանադրությունը, միջազգային պայմանագրերը, զանազան օրենքները թողած՝ ցանկանում էր, որ հղումն անպայման լինի «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքից։ Հետագան ցույց տվեց, որ Հրաչիկ Հովհաննիսյանի համար կան երկու կարգի օրենքներ։ Եվ, ասենք, երբ դիմողները միջնորդության մեջ հղում էին արել «Լիցենզիայի մասին» օրենքին, դատավորը՝ մերժելով միջնորդությունը, որպես հիմնավորում նշեց, թե դա ընդհանուր օրենք է, իսկ հաճախությունների արտոնագրման գործընթացը կարգավորվում է «հատուկ օրենքներով»՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Ազգային հանձնաժողովի կանոնակարգ»։ Ըստ այդ դասակարգման, երկրի Սահմանադրությունն էլ ընդհանուր մի օրենք է, իսկ «Սպառողների իրավունքների պաշտպանությունը»՝ հատո՜ւկ օրենք։ Նշենք, որ դիմումատուները շատ պատրաստված էին ներկայացել եւ հարցին առնչվող ողջ պաշտոնական գրագրությունը, տարբեր փաստաթղթերը անգամ, նաեւ այն միջնորդությունները, որ պատրաստվում են ներկայացնել դատավարության ընթացքում՝ ամփոփել մի գրքույկի մեջ՝ «Սպառողներն ընդդեմ կամայականության» վերնագրով (այն պատրաստվում են թարգմանել եւ տրամադրել միջազգային կազմակերպություններին)։ Երեկվա նիստի ընթացքում հասցրին այդ գրքույկից միայն 5 միջնորդություն ներկայացնել դատարանին։ Ընդսմին, վերջինն առայժմ մնաց առանց քննության։ Ներկայացնենք հատվածներ այդ միջնորդություններից ու նաեւ, թե դատավորի ինչ պատասխանների էին արժանանում դրանք։ Առաջին միջնորդությունը վերաբերում էր այն որոշմանը, որն, ըստ Էդիթ Խաչատրյանի՝ գոյություն չունի։ Ըստ «Հանձնաժողովի կանոնակարգ» օրենքի 63-րդ հոդվածի՝ «Դիմումի քննարկման արդյունքում հանձնաժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը. ա) արտոնագիր տալու մասին, բ) արտոնագիր տալը մերժելու մասին»։ Որոշում չէր ընդունվել եւ հստակ չէին նշվել «Ա1+»-ին եւ «Նոյյան Տապանին» մերժելու պատճառներն ու հիմքերը։ «Հայտը, ուրեմն, չի մերժվել»,- դատարանում էլ նշեց Աշոտ Բլեյանը եւ պահանջեց վերականգնել մինչեւ իրենց իրավունքի խախտումը եղած դրությունը։ Այս միջնորդությունը դատավոր Հրաչիկ Հովհաննիսյանը մերժեց հետեւյալ պատճառաբանությամբ, թե այն առնչվում է դիմումի քննությանը։ Երկրորդ միջնորդությունը ներկայացրեց Վիգեն Խաչատրյանը։ Ըստ այդմ, պահանջվում էր անվավեր ճանաչել Ազգային հանձնաժողովի թիվ 66 որոշումը՝ «Մելտեքսի» արտոնագրի ժամկետը երկարացնելու վերաբերյալ։ Հիմնավորումն այս էր, թե առանց արտոնագրի հեռուստահեռարձակում թույլատրելու լիազորություն եւ այդպիսի որոշում կայացնելու իրավասություն չուներ հանձնաժողովը։ Այս առնչությամբ էլ վկայակոչվեց «Լիցենզիայի մասին» օրենքը, եւ դատավոր Հրաչիկ Հովհաննիսյանն ի պատասխան իր գյուտը մատուցեց հանրությանը, թե այդ օրենքով չէ կարգավորվում հաճախությունների արտոնագրումը։ Նաեւ նշեց, թե նման միջնորդություն քննվել է տնտեսական դատարանում, եւ կան ուժի մեջ մտած որոշումներ։ Մինչդեռ թիվ 66 որոշումը երբե՛ք չի բողոքարկվել եւ քննության առարկա չի դարձել։ Այս հանգամանքը տեղում դատավորին հիշեցրին դիմողների ներկայացուցիչները։ Երրորդ միջնորդությունը, որ ներկայացրեց Արտակ Զեյնալյանը, եւս մինչ այժմ չքննված մի հանգամանքի էր վերաբերում։ Նա պահանջեց իրավաբանական ուժ չունեցող ճանաչել Ազգային հանձնաժողովի թիվ 12, 13 որոշումները (35 եւ 37 կապուղիների համար մրցույթ հայտարարելու մասին), քանի որ դրանք հակասում են Սահմանադրությանը եւ «Իրավական ակտերի մասին» օրենքին։ Այս պարագայում էլ դատավորը գտավ, թե նշված հարցերն ուղղակիորեն վերաբերում են դիմումին։ Սպառողների 4-րդ միջնորդությունը սպառեց դատավորի հակափաստարկների պաշարը, եւ նա 1,5 ժամ դուրս չէր գալիս խորհրդակցական սենյակից։ «Բա որ ասում էինք՝ պատասխանողի՛ն բերեք,- չարախնդաց Բլեյանը։- Դրա համար էլ չեն եկել այստեղ, քանի որ գիտեն՝ գալու էին, որպես հանցագործ նստեին այդ աթոռին»։ Միջնորդությունն այս անգամ վերաբերում էր «Շարմ» եւ «Շողակաթ» հեռուստաընկերություններին հաղթող ճանաչելու վերաբերյալ թիվ 36 եւ 37 որոշումներն անվավեր ճանաչելուն, քանի որ որպես նորմատիվ իրավական ակտեր՝ պաշտոնապես չեն հրապարակվել համապատասխան տեղեկագրում։ Իսկ Սահմանադրության, «Իրավական ակտերի մասին» եւ մի շարք այլ օրենքների համաձայն՝ «չհրապարակված իրավական ակտերը իրավաբանական ուժ չունեն»։ Այս անգամ էլ 1,5 ժամ իբր մեկուսանալուց հետո Հրաչիկ Հովհաննիսյանը հրապարակեց իր նոր գյուտը, թե 36 եւ 37 որոշումները չի կարելի դիտարկել իբրեւ նորմատիվ իրավական ակտեր։ «Եթե դրանք նորմատիվ իրավական ակտեր չեն, ուրեմն ի՞նչ են»,- հարցրեց Արտակ Զեյնալյանը, եւ դատավորը նետեց. «Բավարարվեք ասածով»։ Մասնագիտությամբ ոչ իրավաբան Զեյնալյանը ստիպված էր իրավաբանին հիշեցնել, որ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ այս հանձնաժողովն ընդունում է 2 տեսակի ակտեր՝ նորմատիվ իրավական եւ անհատական։ Առայժմ առանց քննության մնացած 5-րդ միջնորդությունն էլ եւս մի նոր փաստարկ էր. «Հանձնաժողովն իր 2002 թ. հունվարի 24-ի թիվ 4, փետրվարի 19-ի թիվ 11-15 որոշումներով արտոնագրի պայմանների եւ պահանջների այնպիսի փոփոխություններ է կատարել, որոնք սահմանափակել են հեռուստաընկերությունների իրավունքները կամ նրանց համար նախատեսել նոր պարտականություններ։ Ըստ «Լիցենզավորման մասին» օրենքի (հոդված 45, կետ 4)՝ մրցութային առաջարկ ներկայացնելու մասին պահանջը, տեղեկատվության 4-րդ կետի պայմաններն ուժի մեջ կարող էին մտնել համապատասխան փոփոխությունը հրապարակելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո»։ Մինչդեռ երկու ամիս անց արդեն կայացավ մրցույթը։ Սրան ի պատասխան ի՞նչ կասի պրն դատավորը՝ պարզ կդառնա երեքշաբթի։ Իսկ մինչ այդ մեջբերենք այս 5-րդ միջնորդությունը ներկայացնող Վիգեն Խաչատրյանի հորդորը դատարանին, որ ներկաները ծափերով ընդունեցին. «Ի տարբերություն այս հանցավոր հանձնաժողովի եւ նրա ապօրինի հովանավորների՝ մեկ անգամ սկզբունքայնություն դրսեւորեք եւ ասեք, որ Ձեզ համար գոյություն ունեն միայն Սահմանադրությունն ու օրենքները՝ ուրիշ ոչ մի բան։ Ու կդառնաք հերոս այս հանրապետությունում»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել