Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՐԱՇՔ» ԳԵՆԵՐԱԼՆԵՐ

Հուլիս 19,2002 00:00

«ՀՐԱՇՔ» ԳԵՆԵՐԱԼՆԵՐ «Փառապանծ մարտիկներ հայրենասիրական միության» նախագահ, հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր եւ օպերատիվ վաշտի հրամանատար Գրիշա Սարգսյանը հայտարարեց՝ «Եթե Քոչարյանը շարունակի պաշտոնավարել, Հայաստանը գեներալների թվով կգրանցվի «Գինեսի» ռեկորդների գրքում: Անդրադառնալով ՆԳՆ, ԱԱՆ եւ ՊՆ առանձին պաշտոնյաներին պետական պարգեւներ եւ կոչումներ շնորհելուն, նա հայտարարեց, թե «27»-ից հետո այդ համակարգերում գեներալական կոչման եւ մարտական խաչերի արժանացածները կոչված են ապահովելու նախագահ Քոչարյանի իշխանության կայունությունն ու ամրապնդումը, մինչդեռ ՆԳՆ-ում, ԱԱՆ-ում եւ ՊՆ-ում ծառայած հատուկ նշանակության ջոկատների շուրջ 1500 մարտիկներ, ովքեր 89-ից մինչեւ 94-ի հրադադարը ապահովել են ՀՀ սահմանների անձեռնմխելիությունն ու երկրի ներքին կայունությունը, նաեւ՝ եղել Հայոց բանակի եւ ՆԳ Ներքին զորքերի ձեւավորման հիմնաքարը՝ այսօր անուշադրության են մատնված: «89-90-ներին, երբ նոր էին սկսում կամավորական խմբեր ստեղծվել, որոնց 70 տոկոսն, ի դեպ, երկիրը պաշտպանելու անվան տակ զենք էր ձեռք բերում ոչ թե ռազմաճակատ մեկնելու, այլ՝ թալանով զբաղվելու համար, մենք՝ որպես ոստիկանությունում ծառայողներ, առաջինները մեկնեցինք պաշտպանելու ՀՀ սահմանները՝ Նոյեմբերյանից մինչեւ Գորիս, ապա՝ նաեւ Ղարաբաղ: 1990-ին Մինիստրների խորհրդի նախագահի որոշմամբ՝ ՆԳՆ համակարգում միլիցիայի կամավորականներից ստեղծվեցին հատուկ ջոկատներ եւ լինելով պետական կառույցներ՝ դրվեցին ՆԳՆ ենթակայության տակ՝ առաջինը մեկնելով սահման, իսկ հետագայում՝ ԼՂ: Մինչեւ Բանակի ստեղծումը, Պաշտպանության խորհուրդը՝ նախագահ Վահան Շիրխանյանի գլխավորությամբ, համակարգում էր այդ կառույցների գործողությունները: 91-ին ռուսական բանակի իրականացրած «Օղակ» օպերացիային մասնակցած մեր ջոկատներն ունեցան զոհեր, անհայտ կորածներ, գերվածներ: Ռազմական գործողությունների ժամանակ մենք չենք համարել, որ ինչ-որ մեկը հատկապես հերոսական քայլ է կատարում: Բոլորը հավասար են եղել, ազնվաբար կռվել եւ պաշտպանել են երկիրը, եւ դա արել են բազմաթիվ կամավորական ջոկատներ՝ ուս ուսի տված: Ընդգծված հրամանատարներ, որոնք այսօր գեներալներ են, չկային»: Ըստ նրա՝ այսօր նախագահը Բանակի հիմնադրման, Ոստիկանի օրվա կամ Ներքին զորքերի կազմավորման տարեդարձի առիթներով պետական պարգեւներ, կոչումներ, արիության համար մարտական խաչեր է շնորհում մասնավորապես ՆԳ համակարգի աշխատողներին՝ նաեւ Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունների համար: «Դրանք այն մարդիկ են, ովքեր մարտական խաչի արժանանալու համար հերոսականություն չեն դրսեւորել: Կռվել են բոլորը, իսկ այսօր պարգեւներ եւ կոչումներ ստացողները մյուսներից ոչնչով չեն տարբերվել: Այդ ոգով բոլորը՝ Հատուկ գնդից, պետք է մարտական խաչ ստանային: Եթե Քոչարյանից գեներալի կոչում ստացածները դա ստացել են իրենց վերագրելով Եռաբլուրում պառկածների հերոսությունը, կգա օրը, եւ նրանք պատասխան կտան: Իսկ այսօր Բանակի եւ Ներքին զորքերի հիմքը դարձած մեր 1500 տղաները նույնիսկ արծաթե խաչ չունեն: Ո՛չ հաղթանակը, ո՛չ տարածքների ազատագրումը չեն ապահովել ո՛չ Հայկ Հարությունյանը, ո՛չ Մանվել Գրիգորյանը: Ովքեր դա ասում են՝ չարաչար սխալվում են»,- վստահ պնդեց Գ.Սարգսյանը: Նա անվանական նշեց ՆԳ մի քանի գեներալների, այդ թվում՝ ՆԳ նախարար Հ.Հարությունյանի, Ա.Մահտեսյանի, «6»-ի պետ Ա.Երիցյանի, Հ. Հունանյանի, Ա.Գիզիրյանի եւ այլոց անունները: «ՆԳ նախարար Հ.Հարությունյանն, օրինակ, լինելով ՆԳ փոխնախարար ու ռազմաճակատում լինելով մեկ անգամ՝ 93-ին Ղոչազում, համակարգել է միլիցիայի ջոկատները, բայց որեւէ մարտի չի մասնակցել: Փոխարենը՝ այդ ընթացքում Ղոչազի դիրքերը պաշտպանելու համար ոստիկաններ տեղափոխող «Ուրալ» մակնիշի մեքենան ականի վրա պայթեց, ու 13 ոստիկան դարձավ հաշմանդամ կամ զոհվեց, որովհետեւ մինչ այդ անհրաժեշտ հետախուզական աշխատանքներ չէին կատարվել: Եթե դա համարվում է մարտական գործողություն՝ ապա դրա համար ոչ թե կոչում են տալիս, այլ գնդակահարում են»: Պարզվեց, որ Գ.Սարգսյանի զայրույթի պատճառն այն է, որ դեռ 99-ին կառավարության որոշմամբ ԱԱՆ-ում, ՆԳՆ-ում եւ ՊՆ-ում, Արտակարգ իրավիճակների վարչությունում պետք է հանձնաժողովներ ստեղծվեին եւ մարտական գործողություններին մասնակցած կամավորականների ցուցակ ձեւավորվեր՝ նրանց պատերազմի մասնակիցների կարգավիճակ տալու համար: «ԱԱՆ-ն, ՊՆ-ն դա արեցին ու ստացան կարգավիճակ, իսկ ՆԳՆ-ն՝ ոչ: Մեր տեղեկություններով՝ մի քանի անգամ հանձնաժողով է ձեւավորվել, բայց ապարդյուն: Դա ՆԳ նախարարի թուլության արդյունքն է: Նա միայն իր ուսադիրների մասին է մտածում: Վերջերս ՆԶ հրամանատարի գլխավորությամբ նոր հանձնաժողով է ձեւավորվել, մինչդեռ մենք 2000-ին ենք մեր տղաների գործերն ուղարկել ՆԳՆ: Հակառակը. հանձնաժողովը նայել ու անցկացրել է մի 50՝ նախարարի, փոխնախարարների, վարչության պետերի, միլպետերի գործեր: Ըստ հանձնաժողովի՝ կարգավիճակ ստանալու համար պատերազմի մասնակից են ճանաչվել Ա.Մահտեսյանը, Ա.Երիցյանը, Հ.Հունանյանը, մի քանի վարչության պետեր: Եթե նրանք պատերազմի մասնակից եւ գեներալ են, ապա ամբողջ ՄՀՕՋ-ը պետք է մարշալներ լինեին»,- եզրակացրեց Գ.Սարգսյանը եւ ավելացրեց, թե նախկին հատուկ նշանակության ջոկատների մարտիկները վրդովված են եւ նույնիսկ ցանկություն են հայտնել բողոքի ակցիա անցկացնել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել