Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ի կարգավիճակի մասին քիչ են գրում

Հուլիս 18,2002 00:00

ԼՂ-ի կարգավիճակի մասին քիչ են գրում Երեւանի, Բաքվի եւ Ստեփանակերտի մամուլի ակումբները Բաց հասարակության ինստիտուտի ԶԼՄ-ների ցանցային ծրագրի աջակցությամբ իրականացրել են «Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ԶԼՄ-ների եւ հասարակական կարծիքի հայելում» ծրագիրը, որը նախատեսում էր անցկացնել հարցումներ բնակչության եւ քաղաքական վերնախավի շրջանում, ինչպես նաեւ ԶԼՄ-ների մոնիտորինգ։ Հայաստանում հարցմանը մասնակցել է 1000, Ադրբեջանում՝ 1155, ԼՂ-ում՝ 250 հոգի։ Հարցմանը մասնակից փորձագետների թիվը կազմում է համապատասխանաբար՝ 100, 64, 25։ ԶԼՄ- ների մոնիտորինգի մեջ ներառվել են Հայաստանի 2 հեռուստաընկերություն եւ 5 թերթ (այդ թվում եւ «Առավոտը»), ադրբեջանական 2 հեռուստաալիք եւ 5 թերթ, ինչպես նաեւ Ղարաբաղի տեղական հեռուստաալիքն ու 2 թերթ։ Հայաստանում հասարակության ներկայացուցիչների 47,2 եւ փորձագետների 47%-ի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության հիմնական մեղավորը արտաքին ուժերն են։ Համապատասխանաբար 45 եւ 49%-ի կարծիքով՝ Ադրբեջանը։ Բնակչության 5,6 եւ փորձագետների 6%-ը մեղքը «բարդում» է Հայաստանի, համապատասխանաբար 4,6 եւ 6%-ը՝ Ղարաբաղի վրա։ «Ո՞վ է ղարաբաղյան հակամարտության մեղավորը» հարցին դժվարացել է պատասխանել փորձագետների 3 եւ բնակչության 13,3%-ը։ Ըստ մոնիտորինգի արդյունքների, թերթերն ու հեռուստատեսությունը համարյա չեն անդրադարձել մեղավորության հարցին, այն դեպքում, երբ ադրբեջանական մամուլում բացառապես մեղավոր են համարում Հայաստանին (բնակչության 88,5 եւ փորձագետների 70,3 %-ը)։ Հայաստանում հասարակության եւ փորձագետների մեծ մասը (69,6 եւ 78 %) հակված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ռազմական լուծումը թույլատրելի են համարում 23,9 եւ 19 %-ը։ Բնակչության 1,4 եւ փորձագետների 2 %-ը կողմ են խնդրի ռազմական լուծմանը։ Հայաստանյան ԶԼՄ-ների մոնիտորինգից պարզվել է, որ ղարաբաղյան թեմայով նյութերի 40-45%-ը նվիրված է խաղաղ կարգավորման խնդրին։ Ադրբեջանական ԶԼՄ-ներում հակամարտության խաղաղ կարգավորման քարոզչությունը (նյութերի 65,9%-ը) գերակայում է ռազմական ուղու նկատմամբ (28,8%)։ Ղարաբաղյան ԶԼՄ-ներում նկատելի է հարցի խաղաղ կարգավորման միտում (հեռուստանյութերի 76,4%, թերթերի հրապարակումների 58%)։ Հայաստանում ԼՂ-ի անկախ կարգավիճակի օգտին արտահայտվել է բնակչության 45 եւ փորձագետների 52 տոկոսը, Հայաստանի հետ միավորման կողմնակիցները կազմում են 42,7 եւ 51 տոկոս։ Ադրբեջանի կազմում ԼՂ-ի մնալուն դրական է վերաբերվել 0,3-0,7 եւ 1-3 տոկոսը։ Դիտարկումների արդյունքում պարզվել է, որ ԼՂ կարգավիճակի խնդիրը քիչ է լուսաբանվել հայկական ԶԼՄ-ներում։ ԶԼՄ-ները հիմնականում բացասական են գնահատել տարածքների փոխանակմանն առնչվող հայեցակարգերը (որոնք լուսաբանվել են հեռուստանյութերի 3,8 եւ թերթերի հրապարակումների 7,5 տոկոսում)։ «ԼՂ-ն Ադրբեջանի կազմում՝ առանց ինքնավարության պահպանման» տարբերակը ադրբեջանական մամուլում գերազանցապես (90%) դրական վերաբերմունքի է արժանացել։ Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031