Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասենք

Հուլիս 18,2002 00:00

Սպասենք Թափանցիկ եւ արդար ընդունելության քննություններ Շաբաթ օրվանից Հայաստանում կսկսվեն բուհական ընդունելության քննությունները։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, քննական հանձնաժողովների կազմերը հաստատված են եւ երեկ երկրի նախագահը, ընդունելով նրանց առարկայական հանձնաժողովների նախագահներին, պահանջել է անցկացնել արդար եւ թափանցիկ ընդունելության քննություններ։ Նախագահներն էլ ազնիվ խոսք են տվել, թե արդարությունը եւ օբյեկտիվությունը կապահովվի։ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը քննություններից առաջ վերջին մամուլի ասուլիսն էր հրավիրել։ Արդեն պարզ է, որ որոշ մասնագիտություններ կրկին սկսել են լրջորեն հետաքրքրել դիմորդներին։ Շինարարական, մեխանիկական, տնտեսագիտական եւ այլ ճշգրիտ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության աճը նախարարը բացատրեց երկրի տնտեսական զարգացման տեմպերով եւ ասաց, որ արդեն երկու տարի աշխուժություն է նկատվում նաեւ տեխնոլոգիաների ուղղությամբ, քիմիական ֆակուլտետներում եւ այլն։ Դիմորդների թիվն այս տարի մոտ 12 հազար է. սա կանխատեսելի սահմանն է։ Քննությունները կանցնեն նույն կենտրոնացված համակարգով, արվել են, այդուհանդերձ, մի քանի նորամուծություններ։ Այս տարի կապահովվի քննությունների առավել հրապարակայնություն։ Թափանցիկ կդառնան քննասենյակները եւ ստուգման սենյակները։ Մամուլը հնարավորություն կունենա ներկա լինել նաեւ ստուգման սենյակներում։ Անգլերենի բանավոր քննությունը ծնողները հնարավորություն կունենան ոչ միայն տեսնել, այլեւ լսել հեռուստացույցների միջոցով։ Փորձ է արվում այդպես «թափանցիկ» անցկացնել նաեւ պատմության քննությունը։ Սրանք այն երկու առարկաներն են, որոնց նկատմամբ հետաքրքրությունը միշտ ընդգծված մեծ է լինում։ Բազմաթիվ կուսակցություններ են դիմել լիազոր ներկայացուցիչներ ունենալ քննությունների ժամանակ։ Ընդունող հանձնաժողովը որոշել է կուսակցություններին տալ դիտորդի կարգավիճակ, քանզի լիազոր ներկայացուցիչը բավականին դժվարին խնդիր ունի կատարելու, նրա առջեւ դրված է տեխնիկական խնդիրներն ապահովելու պարտականություն։ Այս տարվա մեդալակիրների գերակշիռ մեծամասնությունն առաջին հայտով դիմել է ԵՊՀ։ Կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ 21 մեդալակիրի դիմում կա, տնտեսագիտության՝ 49 (պետպատվերը 22-ն է), իրավագիտության՝ 22 դիմում։ Այնտեղ, որտեղ պետպատվերը գերազանցվում է կամ հարված է ստանում մեդալակիրների հոսքի պատճառով, կգործեն պահուստային տեղերը եւ դրա հաշվին կվերականգնվի պետպատվերը, որպեսզի մյուս դիմորդների իրավունքները չոտնահարվեն։ Բանակից զորացրվածները 314 հոգի են, նրանց համար եւս կան 10 տոկոսի չափով արտոնության իրավունքներ։ Առարկայական հանձնաժողովներն անցած երեք տարիների նման իրենք կանցկացնեն «ապիլացիան», իսկ փորձագետի առկայությունը հնարավորություն կտա եւս մեկ անգամ վիճարկելի հարցը բարձրացնել։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել