Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետի առաջարկությունը՝ սառույցին

Հուլիս 18,2002 00:00

Մարզպետի առաջարկությունը՝ սառույցին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի բնակիչները վկայում են, որ չնայած հարցի հրապարակայնացմանը եւ մարզպետի հանձնարարականին, հողի բաշխման խնդրում դրական փոփոխություններ չկան: Հիշեցնենք, որ ներքինգետաշենցիներն իրենց գյուղապետի գործունեությունից բողոքելուց բացի, առաջ էին քաշում հողերը օրինախախտումներով գյուղացիներին հատկացնելու վերաբերյալ կոնկրետ խնդիր: Խոսքը 47 հեկտար հողի մասին էր, որն ըստ գյուղացիների, պետք է հատկացվեր 320 ընտանիքի, սակայն նախատեսվել էր 434 -ի համար: Այս առնչությամբ գյուղապետի «պարզաբանումը» հետեւյալն էր. գյուղում սկսվել է քարոզարշավ, եւ իրեն հեղինակազրկելու համար են գյուղացիները բողոքներ հղում: Սա այն դեպքում, երբ Գեղարքունիքի մարզպետի պատասխան-պարզաբանումը՝ ուղղված Կադաստրի պետական կոմիտեին, հաստատում էր գյուղացիների նշած օրինախախտման գոյությունը: Եվ մինչ գյուղապետ Գ. Գրիգորյանը հրապարակումից հետո տեղացիների վկայությամբ «հեղինակությունը» բարձրացնելու փորձեր է արել՝ հանդես գալով տեղական հեռուստատեսությամբ եւ «Առավոտը» բուլվարային թերթ որակելով, նույն աղբյուրի հավաստմամբ, թերթի 2002թ. հունիսի 7-ի համարը մարզի կրպակներում «բուլվարային» մամուլի մի քանի սիրահարների կողմից շատ արագ սպառվել է՝ ներքինգետաշենցիների ձեռքը չընկնելու նպատակով: Հարկ ենք համարում մի փաստաթուղթ հրապարակել, որը հաստատում է ոչ միայն այս, այլ նաեւ մի շարք այլ խախտումներ: Փաստաթուղթը կազմվել է Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովն ի թիվս այլ համայնքների ուսումնասիրել է նաեւ Ներքին Գետաշենի համայնքի աշխատակազմում գործավարության, պետական պահուստի հողերի օգտագործման, վարձավճարների գանձման եւ մարդասիրական օգնությունների բաշխման դրվածքը: Ուսումնասիրության արդյունքները գյուղապետի կամ համայնքի աշխատակազմի աշխատանքային կարգապահության մասին չէ, որ վկայում են. «Շատ ցածր է աշխատանքային կարգապահությունը»: Ասենք, «աշխատանքային օրվա ժամը 15-ին աշխատակազմը տեղում չէր (մայիսի 11-ին)» կամ «գյուղապետարանում բարձիթողի վիճակում է գործավարությունը: Այսպես, գյուղապետն առանց ավագանու նիստ հրավիրելու եւ որոշման՝ քաղվածքներ է հանել (առանց ավագանու անդամների ստորագրությունների եւ համապատասխան օրակարգի): Պատշաճ կերպով լրացված չեն համայնքի տնտեսական գրքերը»: Ինչպես նաեւ «ՄԱԿ-ի «Օգնություն երաշտից տուժածներին» ծրագրի շրջանակում համայնքին բաշխման համար տրվել է օգնություն: Տեղի չի ունեցել համայնքի ժողով, չի ստեղծվել քաղաքացիական գործող խումբ, նաեւ փակցված չէին օգնություն ստացողների ցուցակները»: Առավել հետաքրքիր են հողերի հետ կապված խախտումները. «Համայնքի վարչական սահմաններում գտնվող 113 հա խոտհարքի համար նույնպես մրցույթ տեղի չի ունեցել. այն նախորդ տարիների ցուցակով բաժանվել է 340 մարդու, առանց սահմանված քանակի կանխավճարների գանձման» եւ այլն: Սրանից հետո մարզպետը գյուղապետ Գ. Գրիգորյանին առաջարկել էր «միջոցառումներ ձեռնարկել թերությունները շտկելու ուղղությամբ»: Սակայն գյուղացիների մեկ տարի շարունակվող բողոքները այլ բան են փաստում: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031