Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն մարդ ի՛ր ծառն է ջրում, տարեցներն էլ՝ տարեցների

Հուլիս 18,2002 00:00

Ամեն մարդ ի՛ր ծառն է ջրում, տարեցներն էլ՝ տարեցների Ինչ էլ լինի, ինչպես էլ լինի, միեւնույն է՝ մարդ արարածը (երիտասարդ թե տարեց) գալիքից բարի, լավ սպասումներ է ունենում. դա երեւի մարդկային է եւ գուցե ինչ-որ չափով հարաբերում է վերջինը մեռնող հույսի հանգույցին։ Արդարության դեմ չմեղանչելու համար միանգամից ասենք՝ վերեւներից ներքեւ կամ հակառակը, այնքան էլ ուշադիր չենք մեր տարեցների հանդեպ։ Փոխարենը՝ տարեցները իրենց հասակակիցների հանդեպ են ուշադիր։ Այսպես. Հայաստանի երաժշտական ընկերությանը կից գործող Հայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերանների երգչախումբը օրերս հյուրընկալվել էր Նորքի բարձունքում գտնվող, ինչպես նոր անվանումն է հուշում, Տարեցների սոցիալական ծառայությունների կենտրոնում։ Ինչպես մեզ տեղեկացրեց Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը. «Պատերազմի եւ աշխատանքի վետերանների այս երգչախումբը գործում է ավելի քան 20 տարի։ Վերջին տասը տարիներին երգչախումբը ղեկավարում է շնորհալի խմբավար Սվետլանա Ավչյանը։ Այս կոլեկտիվը մասնակցել ու մասնակցում է Երաժշտական ընկերության կողմից անցկացվող տարբեր փառատոների։ Շաբաթը երկու անգամ մեզ մոտ՝ ընկերությունում անցկացնում են իրենց փորձերը, զգեստավորել ենք երգչախումբը։ Այսօրվա վիճակով ինչպես կարող ենք՝ օգնում ենք կամ աշխատում ենք օգնել։ Մի խոսքով, կարող եմ ասել, որ մեր ցուցաբերած օգնությունը մեծ մասամբ հոգեկան աջակցություն է»։ Իսկ երգչախմբի ղեկավար Ս. Ավչյանի խոսքերով. «Նույնիսկ էն մութ ու ցուրտ տարիներին չդադարեցին փորձերը։ Երգչախմբի յուրաքանչյուր մասնակից հոգեկան մեծ բավարարվածություն է ստանում։ Իհարկե, հասկանալի պատճառներով, վերջին տասնամյակում մենք հանրապետությունից դուրս չենք եկել, բայց ոչինչ։ Հույսով սպասում ենք եւ էդ օրվան։ Հանրապետությունում միակ այս կոլեկտիվի շարքերը, դարձյալ հասկանալի պատճառներով, գնալով նոսրանում են։ Սա գիտակցելով՝ յուրաքանչյուր անդամ գտնում է համախոհ, արվեստի նվիրյալ, իրեն հասակակից ու բերում երգչախումբ»։ Վերադառնանք համերգին։ Երգչախումբը իր ծրագրում ընդգրկել էր հայ, ռուս, արեւմտաեվրոպական կոմպոզիտորների եւ, իհարկե, պատերազմական տարիների սիրված երգեր։ Տարեցների տունը՝ իր ընդարձակ տարածությամբ ու տուֆակերտ պատերով, որ սովորաբար գրավում էր անցորդների ուշադրությունը, այդ օրը վերջիններս (ովքեր խնդրեցին եւ ներկա գտնվեցին համերգին) եւ այստեղ բնակվող 220 բնակիչներ անընդհատ կրկնում էին. «Ապրեք, ջերմացրիք մեր հոգները…»։ Իսկ կենտրոնի քույր, տնտեսուհի Գայանե Գրիգորյանը ոչ պակաս ոգեւորությամբ մենախոսեց. «Այստեղ բնակվող տարեցների ճակատագիրը տարբեր է, ընդհանուր է միայն այնքան ջերմացնող ու փայփայող Նորքի այս տունը։ Տարեց մարդը երեխայի նման շուտ վիրավորվել գիտի ու շուտ էլ մոռանալ, միշտ քաղցր խոսքի ու ջերմության կարոտ ունի, հոգատար ձեռքի ու խնամքի կարոտ»։ Պետք էր տեսնել եւ լսել երգչախմբի վերջին համարը։ Թե՛ երգի կատարումը եւ թե՛ երգչախմբի անդամների պահվածքը բեմում, հարիր էին երգի հետեւյալ տողերին. «ծպ րՑՈՐպ254Ց ՊցՔՏռ, ՉպՑպՐՈվօ»։ Իրենց մեներգերով պարզապես ապշեցրին երգչախմբի մենակատարներ, պատերազմի վետերաններ Մ. Դանիելյանը, Ռ. Մկրտչյանը, Ա. Պապյանը, Ա. Թորոսյանը, Խ. Քրդյանը, աշխատանքի վետերաններ Հ. Վարդանյանը, Ռ. Բունիաթյանը, Մ. Բաղրամյանը, Հ. Ավետիսյանը եւ, իհարկե, դաշնակահար-նվագակցող Ն.Մաթեւոսյանը։ Ճիշտ է ասված. «Երաժշտությունը խլացնում է տխրությունը»։ Այս դեպքում՝ թեկուզ ժամանակավոր։ Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031