Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏԾՈ՛ՒՆ ՈՒՂԱՐԿԵՑ ԲԱԲԿԵՆԻՉԻ ՄՈՏ

Հուլիս 18,2002 00:00

ԱՍՏԾՈ՛ՒՆ ՈՒՂԱՐԿԵՑ ԲԱԲԿԵՆԻՉԻ ՄՈՏ Խորեն Աբրահամյանը չի ցանկանում որեւէ առնչություն ունենալ Սունդուկյան թատրոնի հետ։ Նա գտնում է, որ ակադեմիական թատրոնը խայտառակ վիճակում է։ Եւ խոսքն էլ բնավ թատրոնի շենքին չի վերաբերում. «Փառք Աստծո, Քըրքորյանը փող է տվել։ Կեսը կուտեն, մի մասով էլ շենքը կվերանորոգեն։ Խոսքը թատրոնի մասին է։ Դա մի անբարոյական թատրոն է, որն անատամ ներկայացումներ է բեմադրում՝ բողոքելով, թե հանդիսատես չունի։ Իսկ ժողովուրդն այնքան անխելք չէ, որ իսկապես լավ բաներից հրաժարվի»։ Ավելին, ճանաչված դերասանը գտնում է, որ Եվրախորհրդին անդամակցելու հետեւանքով ոմանց իրավունքների ընդարձակումը դեռ չի նշանակում, որ այս կամ այն կողմնորոշումն ունեցող ցանկացած մեկը կարող է զորավար Անդրանիկի մասին գործ բեմադրել։ «Շառոյանը մի պիես է գրել Անդրանիկի ու Թումանյանի մասին, որ բեմադրում է Վահե (նախկինում անունը Ֆլոբեր էր) Շահվերդյանը։ Աշխարհով մեկ հայտարարում եմ՝ նա իրավունք չունի Անդրանիկի մասին որեւէ բան բեմադրելու։ Դա պե՛տք է հասկանան նախագահը, Շառոյանը եւ ժողովուրդը։ Ախր չի կարելի հասնել այդ աստիճանին։ Ընդունելով Եվրախորհրդի պայմանները եւ գիտակցելով, որ ռեալ աշխարհում ենք ապրում՝ միաժամանակ պիտի անհանգստանանք փաստով»,- կարծում է դերասանը։ Խ. Աբրահամյանի համոզմամբ, արվեստը ներկայումս կտրված է կյանքից։ Այն չի արտացոլում մեր համազգային մտահոգությունները. ժողովուրդը կքած է իր հոգսերի ծանրության տակ, դերասաններն էլ իրենց բոհեմական տվայտանքների մեջ են։ Իսկ ստեղծված խառնաշփոթը, ըստ Խ. Աբրահամյանի, ձեռնտու է շատերին։ Ոմանք համակերպվում են դրա հետ՝ հանուն չնչին ռոճիկի, ոմանք էլ՝ հոբելյանի, բենեֆիսի կամ նոր դեր ստանալու ակնկալիքով։ Խ. Աբրահամյանի կարծիքով, ստեղծվել է մթնոլորտ, որի պարագայում չեն կարող խոշոր անհատականություններ ծնվել։ «Թող պետությունն իր գործերն անի։ Հույս էլ չունեմ, թե նա սատար կկանգնի արվեստին։ Բայց չէ՞ որ կան մարդիկ, չինովնիկներ, որոնք ի պաշտոնե պարտավոր են իրենց գործն անել իրենց վստահված բնագավառներում»,- ասում է դերասանը՝ չկամենալով բողոքավորի դեր ստանձնել։ Իր գործունեությունը նա համեմատում է պաշարված ամրոցից երբեմն-երբեմն դուրս գալու ու տարերային կռիվներ մղելու հետ, ինչին հաճախ, իր խոսքով, փորձում են խոչընդոտել, շարունակ էստեղից-էնտեղից հանում են, որովհետեւ «երեսի զոռով» բեմադրած ներկայացումների ասելիքը շատերին ձեռք չի տալիս։ Արդեն հանդիսատեսի դատին է հանձնվել Զեյթունցյանի «Խոր Վիրապը» եւ «Ջին խաղը»։ Նա միջոցներ է փնտրում նաեւ «Նորից առաջին սիրո երգը» (որը «Առաջին սիրո երգի» տրամաբանական շարունակությունն է 50 տարի անց) ֆիլմը ավարտին հասցնելու համար։ Խ. Աբրահամյանը համոզված է, որ վերջին 10-15 տարիների ընթացքում ընդամենը «ծռտի-պռտի բաներ» են նկարահանվել ու բեմադրվել։ Ու չկա արվեստի որեւէ գործ, որտեղ պրոպագանդվի մեր երկիրը։ Այն դեպքում, երբ ամենաանհեթեթ ամերիկյան ֆիլմն անգամ (ուր միայն շենքեր են պայթեցնում, կռվում ու իրար մորթում) իր երաժշտությամբ հանդերձ ամբողջովին Ամերիկայի գովքն է։ Գիծ, որ բացակայում է հայաստանյան մշակույթում։ Փոխարենը, ըստ նրա, անց են կացվում բազմաթիվ ինքնանպատակ փառատոներ, որտեղ պատահականորեն հայտնված մեկն էլ երեւի ինչ-որ մրցանակի կտիրանա. «Փնտրեք որեւէ գործ, որ վերջին շրջանում մրցանակ չի շահել։ Իսկ մեծ դերասանները ժամանակին մրցանակների մասին չէին էլ մտածում։ Չեմ հավատում, թե հանճարները գիշերները չեն քնել՝ ժողովրդի մասին մտածելով։ Բայց նրանք գոնե թողել են իրենց հոգում կուտակվածը, իրենց հանճարի արտահայտությունը ու հետո պարզվել է, որ առանց դրա ժողովուրդը ապրել չի կարող։ Քանի որ դա նրա հոգեւոր սնունդն է դարձել»,- կարծում է դերասանը։ Խ. Աբրահամյանը ոչ բավարար է համարում նաեւ ստեղծագործական միությունների գործունեությունը։ Դերասանը գտնում է, որ դրանք ներկայումս վերածվել են թաղման բյուրոների ու հոբելյանական հանձնաժողովների. «Ես չգիտեմ, թատերական գործիչների միության անդա՞մ եմ, թե՞ ոչ։ Ի՞նչ եմ անում, որ անդամ լինեմ… Իսկ եթե հանկարծ փորձես այդտեղ որեւէ կարեւոր հարց բարձրացնել, ամբողջ ոհմակը վրա կտա»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը իր եւ թատրոնի մասին Խորեն Աբրահամյանի արտահայտած կարծիքին չփորձեց որեւէ մեկնաբանություն տալ։ Ընդամենն ասաց. «Դա իր կարծիքն է, Աստված իր հետ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել