Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ օրենսդրի համաներումը ժանգլյորությո՞ւն է

Հուլիս 18,2002 00:00

Ըստ օրենսդրի համաներումը ժանգլյորությո՞ւն է Տուժող Հայկ Բաբուխանյանը երկրորդ անգամ ներկայացավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, որտեղ շարունակվում է «Հոկտեմբերի 27» քրեական գործի դատաքննությունը։ Երեկ նրան հասցրեցին հարցեր տալ մեղադրողներ Հակոբ Մարտիրոսյանը, Գագիկ Ավետիսյանը, Արմեն Հարությունյանը, Կ. Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը, ամբաստանյալներից Էդիկ Գրիգորյանը եւ նախագահողը՝ Սամվել Ուզունյանը։ 2000թ. մարտի 30-ին ազգային անվտանգության նախարարությունում ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ Մարսել Մաթեւոսյանին լրացուցիչ հարցաքննության ժամանակ մեղադրյալ Նաիրի Հունանյանը պարզաբանումներ է անում պաշտոնների նախատեսող 94 անձանց համար։ Հայկ Բաբուխանյանի դիմաց նա գրել էր. «ՍԻՄ, համախոհ»։ Այս կապակցությամբ հնչած հարցին տուժող Հ. Բաբուխանյանը պատասխանեց այսպես. «Իմ դեմ կազմակերպվում էր կեղծ ցուցմունք, թե Ն. Հունանյանի, թե այլ անձանց կողմից, քաղաքական հեռուն գնացող նպատակներով»։ Բացելով փակագծերը, նա նշեց. «Նաեւ նրա համար, որ բիծ դրվի իմ կուսակցության, իմ ղեկավարած թերթի («Իրավունք») վրա։ Այդ ցուցակը ես տեսնում եմ ինտրիգների, հետապնդումների շարքում…»։ Ի դեպ, նա նշեց նաեւ այդ ուժերին, հավաքական անվանում տալով նրանց. «մաֆիոզ ուժեր»։ Հարցաքննության ընթացքում պարզվեց, որ տուժողը, ինչպես իր գործընկերները, ահաբեկիչների կողմից կենդանի թիրախ չի կանգնել ԱԺ նիստերի դահլիճի դռների մոտ, չի ստուգվել դահլիճ մտնելիս։ Նա չնայած իր դեմ կազմակերպված հետապնդումների «սցենարիստների» մեջ նշում էր նախաքննական մարմնին (որին անգամ հայտարարություն անելիս համարեց «քաղաքական մարմին»), սակայն պնդեց իր այն ցուցմունքները, որոնք տվել էր… «քաղաքական մարմնին»։ Առանձնապես ուշադրության են արժանի թե մեղադրող Գագիկ Ավետիսյանի, թե փաստաբան Աշոտ Սարգսյանի հարցերը՝ կապված Սամվել Բաբայանի հետ։ Մեղադրողին հետաքրքրեց, թե հոկտեմբերի 27-ից հետո տուժող Հ. Բաբուխանյանը հանդիպե՞լ է Ս. Բաբայանին։ Պարզվեց՝ այո։ «Ամիսներ անց, ասել եմ, որ մի քանի անգամ նրա անունն էր տալիս։ Իմ կարծիքով, այդ ամենը Ս. Բաբայանին ներգրավելու ինչ-որ փորձ էր։ Մինչեւ մարտի 22-ը (ԼՂՀ նախագահի դեմ կազմակերպված ահաբեկչությունը- Ռ. Մ.) տպագրել ենք մամուլում, որ հաջորդ զոհը Ս. Բաբայանն է լինելու»,- շարունակեց նա։ Աշոտ Սարգսյանի հարցաքննության արդյունքում պարզվեց, որ տուժողը հանրապետության նախագահին չէր ասել, որ ահաբեկիչները պահանջում են Ս. Բաբայանին, ինչը Ալիկ Հարությունյանի, Արտաշես Գեղամյանի պարագայում չէր եղել։ «Առանձնահատուկ կանգնել այդ անվան վրա, չեմ տեսել։ Ս. Բաբայանի եւ Վ. Սարգսյանի միջեւ եղե՞լ է լարվածություն, ունե՞ք տեղեկություն, որն էլ կհասցներ սպանության պատվերի» հարցին տուժողը պատասխանեց՝ «Պարտադիր չէ»։ Տուժողը հիշեց, որ երբ քննիչների խումբը առաջին անգամ մտել է ԱԺ նիստերի դահլիճ, Նաիրի Հունանյանը նրանց եւ պատգամավորներին ասել էր, որ ետեւի կողմից կրակոցներ է եղել եւ խնդրում էր՝ հաստատել դրանք։ Ավարտին հանդես գալով հայտարարությամբ, տուժողը մի քանի հարցեր տվեց դատարանին, ինչո՞ւ կազմակերպվեց դիմակահանդես, որի արդյունքում ձերբակալվեց Մուշեղ Մովսիսյանը, ինչո՞ւ համաներման ժանգլյորության անվան տակ ազատ արձակվեցին «որոշ անձինք», ինչո՞ւ պատասխան չեն տվել Նաիրի Բադալյանին կալանավորելու համար… «Համաներումը մարդասիրություն է, հարգելի օրենսդիր»,- հիշեցրեց Ս. Ուզունյանը պատգամավորին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել