Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՆՏՐՎՈՒՄ Է ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ

Հուլիս 18,2002 00:00

ՓՆՏՐՎՈՒՄ Է ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ Երեւանի թիվ 6 դպրոցի նախկին տնօրենը, ընտրություններում տանուլ տալով եւ ազատվելով իր զբաղեցրած պաշտոնից, իր հետ տարել է մի շարք կարեւոր փաստաթղթեր եւ դպրոցի կնիքը: Շուրջ 20 օր է՝ նորընտիր տնօրենը հնարավորություն չունի իր սենյակ մտնելու եւ փաստաթղթային որեւէ ձեւակերպում անելու, իսկ դպրոցի ողջ կոլեկտիվն էլ կնիքի բացակայության պատճառով զրկված է աշխատավարձ ստանալու իրավունքից: Սակայն ամեն ինչ շատ ավելի վաղ է սկսվել: Նախկին տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը հեռացվել է նախ թիվ 62 դպրոցից (այս դպրոցում տնօրենի պաշտոնը դեռեւս ընտրովի չէր)՝ մի շարք զեղծարարությունների մեջ մեղադրվելով. դպրոցի առանձին օղակների աշխատանքի նկատմամբ անբավարար վերահսկողություն, դպրոցում անհրաժեշտ բարոյահոգեբանական մթնոլորտի խաթարում, «էքստերն» ավարտական եւ փոխադրական քննությունների կազմակերպման» կարգի խախտում, «աշակերտների շարժի մատյանը վարելու» կարգի խախտում եւ այլն: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատը, վերլուծելով գործի հանգամանքները, վերոնշյալ փաստերը չի դիտել որպես աշխատանքային պարտականությունների կոպիտ խախտում եւ տնօրենին աշխատանքից ազատելու հիմք: Սակայն Ա. Հովհաննիսյանին չի հաջողվել վերադառնալ թիվ 62. աշխատակազմը չի ընդունել նրան: Ա. Հովհաննիսյանին անհապաղ պետք էր տեղավորել որեւէ դպրոցում, այլապես օրենքի հարկադիր կատարման խնդիր կառաջանար: Եվ թիվ 6 դպրոցի տնօրենին թոշակի ուղարկելու հրաման են տալիս: Նոր տնօրենը, սակայն, այս դպրոցում պետք է ընտրվեր մրցույթով (Էրեբունի համայնքն առաջինն անցավ Խորհուրդով կառավարվող դպրոցների շարքը): Ա. Հովհաննիսյանին հաջողվեց տապալել առաջին ընտրությունը՝ համապատասխան քվորում չապահովելով: Դրան հետեւեց քաղաքապետի կարգադրությունը՝ Խորհուրդը լուծարելու մասին, որի հայցով էլ ուսուցչական կոլեկտիվը մտել է նախ առաջին ատյանի դատարան, այնուհետեւ՝ վերաքննիչ: Հայցը բավարարվել է, Խորհուրդի լիազորություններն էլ՝ վերականգնվել: Մինչ նոր ընտրությունները, մեկ տարի Ա. Հովհաննիսյանը, կոլեկտիվի հավաստմամբ, դպրոցում չի ապահովել ոչ կարգապահություն, ոչ աշխատանքային նորմալ ռիթմ: «Ոչ մի ուսուցչի հետ խոսելու կամ լսելու ընդունակություն չունի, նրա կրեդոն է՝ «Զրո մարդիկ եւ տնօրեն,- բողոքում էին դպրոցի ուսուցիչները,- սակայն համբերատար սպասում էինք ընտրություններին՝ թեպետ համոզված չէինք, որ նա չի ընտրվի, որովհետեւ Խորհուրդի վրա ճնշումները բացառվում են»: Ի վերջո, հայտարարվել է բաց մրցույթ՝ ըստ գործող կարգի, եւ տնօրենի պաշտոնի 5 հավակնորդներից ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրվել է Սուսաննա Գրիգորյանը: 10 օրվա ընթացքում եկել է քաղաքապետի կարգադրությունը, ըստ որի Սուսաննա Գրիգորյանը 2002 թ. մայիսի 31-ից 3 տարով պետք է ստանձնի գործադիր տնօրենի պաշտոնը: Անահիտ Հովհաննիսյանը հայցով դիմել է դատարան՝ բողոքարկելով մրցույթի արդյունքները, սակայն դատավարության վերջին նիստերին չի ներկայացել, եւ հայցը մնացել է առանց քննության: Իր պաշտոնավարման՝ օրենքով նախատեսված վերջին օրը՝ հունիսի 27-ին, նախկին տնօրենը հրաժարվել է ընդունման-հանձնման ակտ կազմել՝ չկարողանալով բաժանվել դպրոցի կնիքից: Հունիսի 30-ին էլ Ա. Հովհաննիսյանը բռնի ուժով մտել է դպրոց (այս մասին արձանագրություն կա Էրեբունու ՆԳ բաժանմունքում) եւ դպրոցից, պահակի հավաստմամբ, փաստաթղթեր է տարել: Հաջորդ օրվա հերթական դատական նիստում նա ձեռքի տակ ունեցել է մանկխորհի արձանագրությունների գիրքը, ինչն ապացուցում է նրա՝ նախորդ օրը կատարած, մեղմ ասած, ապօրինի քայլը, քանի որ նրա լիազորություններն ավարտվել էին արդեն հունիսի 27-ին: Դպրոցի ուսուցչական կազմը, փաստորեն, Ա. Հովհաննիսյանի կամայականությունների զոհ է դարձել. «Ներդպրոցական ոչ մի շարժ չենք կարողանում իրականացնել, 94 մարդ զրկված է իր սիմվոլիկ գումարն ստանալու հնարավորությունից, ո՞րն է կոլեկտիվի մեղքը»: Նշենք, որ եթե անգամ նախկին տնօրենին հաջողվի երկրորդ անգամ բավարարել իր հայցը (նա երկրորդ անգամ է փորձում պաշտպանել իր իրավունքները), ընտրությունները չեղյալ համարվեն եւ նշանակվեն նոր ընտրություններ, ապա Ա. Հովհաննիսյանը չի կարող շարունակել աշխատանքն այստեղ, քանի որ այս անգամ արդեն քաղաքապետը պետք է նշանակի նոր ժամանակավոր պաշտոնակատար՝ ցանկացած մեկի, բայց ոչ հավակնորդներից, իսկ Ա. Հովհաննիսյանը 5 հավակնորդների մեջ է: Խնդրի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օ. Վաթյանին: Վերջինս հավաստիացրեց, որ ներդպրոցական բոլոր գործողությունները եւ աշխատավարձերի տրամադրումը պետք է կատարվեն վարչության կնիքով, մինչեւ դատախազությունում գործը կարգավորվի: Համաձայնություն կա անգամ գանձապետարանի հետ: Ինչ վերաբերում է Ա. Հովհաննիսյանի արարքին, պարոն Վաթյանն այն անընդունելի է համարում. «Անահիտ Հովհաննիսյանը պետք է կնիքը հանձներ, հետո իր բողոքները դատարան ներկայացներ»: Վարչության պետին խնդրեցինք պատասխանել նաեւ իր հասցեին հնչած այն մեղադրանքին, թե նա ճնշում է գործադրել Խորհուրդի անդամներից մեկի վրա՝ խնդրելով քվեարկել Ա. Հովհաննիսյանի օգտին եւ խոստանալով ուսմասվարի պաշտոնը: Ի դեպ, այս մասին մեզ ասել էր հենց ինքը՝ ուսմասվարի պաշտոնից չգայթակղված Խորհուրդի անդամը: Պրն Վաթյանը, բնականաբար, հերքեց մեղադրանքը՝ հիշելով, որ կրթության վարչությունը, ըստ օրենքի, ոչ մի գործ չունի ընտրությունների հետ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031