Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարական՝ ծննդյան օրը

Հուլիս 18,2002 00:00

Հրաժարական՝ ծննդյան օրը «Հայաստանի երկրորդ նախագահն ու գործող վարչապետը Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն չեն այցելել։ Իսկ նախորդները ծառայությանն աջակցել են այնքանով, որ նման «բարեփոխումներ» չեն արել»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) հրաժարական տված ղեկավար Սերգեյ Բալասանյանը։ Հրաժարականը դեռեւս ընդունված չէ, սակայն «ոչ ոք չի կարող ինձ պարտադրել, որպեսզի ավերիչի դեր կատարեմ. ես դրա փորձը չունեմ»։ Մինչդեռ, «կլինեն մարդիկ, որ դա փայլուն կկատարեն»,- հավելեց Ս. Բալասանյանը։ Իսկ թե հատկապես ովքե՞ր, «կառավարությունը մեզ չի հարցրել, թե ինչ կլինի համակարգի հետ, հետեւաբար չենք քննարկում նաեւ համակարգի ղեկավարի հնարավոր թեկնածուների անունները»։ Նաեւ՝ «այս վիճակով մնալու ցանկացած հնարավորություն ես կմերժեմ, բայց իմ համախոհների հետ կպայքարեմ, որպեսզի քաղաքական ղեկավարությունը հասկանա եւ սխալն ուղղի»։ Այս ամենի համար ՍՊԱԾ առայժմ ղեկավարը՝ իր համախոհներով մեկ ամիս ժամանակ ունի։ Դա կառավարության որոշմամբ հատկացրած այն ժամկետն է, որի ընթացքում ՍՊԱԾ-ը պետք է վերակազմավորվի Արտակարգ իրավիճակների վարչության համակարգում։ Պարոն Բալասանյանը թողնում է պաշտոնը, «որն (պաշտոնը- Ն. Գ.) ինձ համար դառնում է անհասկանալի»։ Ժամանակավորապես նրան կփոխարինի առաջին տեղակալ Սուրեն Պապյանը։ Իսկ այդ պաշտոնն իմաստազրկվում է այն պատճառով, որ «ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչն է ստիպում, որ տարածաշրջանային առաջատար ակտիվ կառույցը ոչնչանա», այսինքն՝ մտնի Արտակարգ իրավիճակների վարչության համակարգ։ Սա, ըստ Ս. Բալասանյանի, աննախադեպ երեւույթ է, երբ սեյսմիկ պաշտպանությունը հայտնվում է քաղպաշտպանության համակարգում, որտեղ «մենք այնքան անելիք ունենք, որքան առողջապահության, էներգետիկայի կամ մեկ այլ նախարարություն։ Մեր բոլոր խնդիրները նեղացվում են եւ գործունեությունն այդ ոլորտին է համապատասխանեցվում»։ Ուժեղ երկրաշարժերի ժամանակ մարդկանց փրկության արդյունավետությունը առաջիկա 3 ժամում է ամփոփված։ Մինչդեռ, լավագույն դեպքում, փրկարարական աշխատանքները մեկ օր հետո են սկսվում։ Այդ պատճառով էլ պարոն Բալասանյանը գտնում է, որ ժողովուրդն ինքը պետք է պատրաստ լինի բոլոր գործողություններին. «Մեր թիվ մեկ խնդիրը դա է, իսկ գաղափարախոսությունը՝ աղետը բացառելու հիմքի վրա է կառուցված»։ Եվ որպես տրամաբանական հետեւություն՝ «տվյալ կառույցում մեր հայտնվելը բացառիկ սխալ է»,- համարում է ՍՊԱԾ առայժմ ղեկավարը։ ԱԻՎ-ի համակարգում կառույցի ֆինանսատնտեսական գործունեությունը համակարգելու է վարչությունը։ Սակայն, տվյալ պարագայում, չկարեւորելով դա, պարոն Բալասանյանը հիմնականում խուսափեց այդօրինակ հարցերը մանրամասնելուց։ Ապա՝ տարբեր օրինակներով եւ ՍՊԱԾ-ի անցած 11-ամյա ձեռքբերումներն ու առաջընթացներն արձանագրելով՝ միեւնույն միտքն էր փորձում հիմնավորել. «ՍՊԱԾ-ի հայտնվելն ԱԻՎ համակարգում՝ կքանդի համակարգը»։ Այսպես տոնեցին համակարգի 11-ամյակը ՍՊԱԾ-ի աշխատակիցները եւ հանրապետության առաջին նախագահի հրավերով, ծնունդով ղարաբաղցի, ՌԴ-ից Հայաստան տեղափոխված՝ համակարգի հիմնադիր Սերգեյ Բալասանյանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031