Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԼՂՀ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼ

Հուլիս 18,2002 00:00

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԼՂՀ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼ Խորեն Սարգսյանը բացասաբար էր արտահայտվել ԼՂՀ նախագահական ընտրություններում Հրանտ Խաչատրյանին առաջադրելու մասին՝ նշելով, թե նա ՀՀ քաղաքացի է, ոչ ԼՂՀ-ի։ Թեեւ նաեւ ասել էր. «Սակայն եթե Ռոբերտ Քոչարյանը՝ Ղարաբաղի քաղաքացի լինելով, իր թեկնածությունն առաջադրել ու դարձել է ոչ բարով Հայաստանի նախագահ, ապա Հրանտ Խաչատրյանն էլ կարող է դառնալ Ղարաբաղի նախագահ»։ Այնուամենայնիվ, պետք է ենթադրել, որ նա ողջունո՞ւմ է ՍԻՄ նախագահի քայլը, որ հայտ ներկայացնելուց հետո դադարեցրեց առաջադրման գործընթացը։ «Շատ-շատ եմ հարգում Հրանտ Խաչատրյանին իբրեւ մարդ ու քաղաքական գործիչ։ Բայց, իրոք, չէի ցանկանա, որ իր թեկնածությունն առաջադրած լիներ, թեկուզ այն պատճառով, որ իշխանամետ լրատվամիջոցներն անպայման կսկսեին վարկաբեկել նրան։ Իսկ ես չէի ուզենա, որ նրա վրա ստվեր ընկներ,- ասաց պրն Սարգսյանը։- Ասեմ ձեզ. Հրանտ Խաչատրյանը նաեւ լավ գիտեր, որ իրեն չեն գրանցելու։ Բերելու էին ԼՂՀ «Ընտրությունների մասին» օրենքը, որտեղ նշված է, թե նախագահը պիտի ԼՂՀ քաղաքացի լինի եւ 10 տարի բնակված լինի Լեռնային Ղարաբաղում։ Այդ մեզ մոտ է, որ կատարվեց Սահմանադրության ամենակոպիտ խախտում եւ Երեւանում չապրած մարդուն փաստաթուղթ տվեցին, թե գրանցված է այս հասցեում եւ ՀՀ քաղաքացի է։ Ես նաեւ հասկացա, որ Հրանտ Խաչատրյանը ցանկանում էր ինչ-որ կերպ ցույց տալ, որ դեռ ՀԽՍՀ խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի հարցում ամենաճիշտ որոշումն է ընդունել եւ այն միացրել Հայաստանին։ Իսկ մեր ներկայիս նախագահը, որ Ղարաբաղում քաղաքական մեծ ճանաչում ուներ, հակառակն արեց։ Եվ հանրաքվեով Լեռնային Ղարաբաղը հռչակեցին անկախ պետություն ու անկախացան… Հայաստանից»։ Խորեն Սարգսյանն ուշադրություն հրավիրեց նաեւ վերջին շրջանի կոշտ հայտարարությունների վրա, թե ԼՂՀ-ն Ադրբեջանի անբաժանելի մասն է. «Աշխարհն իր կամքն է թելադրում։ Ինչքան էլ ուզենան իրենց պատռելով ստել, վտանգը կա՝ ստորագրել են ԵԽ առջեւ պարտավորությունների ներքո, որոնց մեջ նաեւ ԼՂՀ խնդրի կարգավորումն է։ Ինչո՞ւ մեր իշխանավորները չեն ընդունում, որ իրենց ուժերից վեր է այլեւս այս խնդիրը լուծելը»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031