Եթե սահմանները բացվեն «Մենք 2 միլիոնանոց Հայաստանի կարիքը չունենք»,- ադրբեջանական «Զերկալո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի Արդահան նահանգի նահանգապետ Հասան Օզդեմիրը: Նա այդ արել է՝ մեկնաբանելով թուրք այն գործիչների տեսակետները, թե Թուրքիայի արեւելյան հատվածների զարգացման համար անհրաժեշտ է բացել Հայաստանի հետ սահմանը: «Զերկալոն»՝ վերլուծելով ԼՂ հակամարտության համատեքստում առաջարկվող հնարավոր երկու մոտեցումներից յուրաքանչյուրն առանձին-առանձին, նկատում է, որ այդ տարբերակներից մեկով, որի ջատագովը միջազգային հանրությունն է, առաջարկվում է հակամարտող երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերություններ հաստատել, ինչն, ինքնին կնպաստի կողմերի միջեւ ընդհանուր հայտարարի գալուն: «Վերջին շրջանում այդ թեզիսը ավելի հաճախ են շեշտում Եվրամիությունն ու տարբեր միջազգային կազմակերպություններ: Նրանք ավելի համառորեն են «խորհուրդ» տալիս Ադրբեջանին եւ Թուրքիային՝ վերաբացել հաղորդակցական կապերը Հայաստանի հետ: Համաշխարհային բանկն իր հերթին արդեն պատրաստել է «Հարավային Կովկասի երկրներում առեւտրի խթանման» նոր ծրագիր, որտեղ ասվում է, թե առեւտրական եւ տրանսպորտային կապերի վերականգնումը կարող է լուծել տարածաշրջանում ընթացող հակամարտությունները»,- մեջբերել է թերթը: Վերջինս հիշատակում է նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ ՀԲ-ի կողմից մշակված մեկ այլ ծրագիր, որը եւս պաշտպանում է այդ թեզը՝ պնդելով, թե մեր տարածաշրջանում ընթացող հակամարտությունները բացասաբար են անդրադառնում Անդրկովկասի երկրների տնտեսական աճի եւ գործունեության վրա: Հիշյալ կազմակերպություններն, ըստ «Զերկալոյի»՝ փաստարկելով սահմանների բացման իրենց ծրագիրը՝ արձանագրել են, թե Հայաստանը էլեկտրաէներգիայի մշակման մեծ հզորություններ ունի, եւ եթե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ նորմալ առեւտրական հարաբերություններ լինեին, Հայաստանը կարող էր էլեկտրաէներգիան Թուրքիա արտահանել: «Անդրկովկասյան երկրներում գյուղատնտեսական մթերքների գների տարբերությունը կարող էր այդ պետությունների միջեւ առեւտուրը հեռանկարային դարձնել: ՀԲ-ի հաշվարկներով՝ Հայաստանի տնտեսական շրջափակման վերացումը կարող է կրկնապատկել վերջինիս էքսպորտը եւ կրկնակի կրճատել առեւտրական դեֆիցիտը, իսկ Ադրբեջանը կարող էր շուրջ 11 տոկոսով ավելացնել իր արտահանումը»,- ծրագրի այդ դրույթը մեկնաբանելով՝ «Զերկալոն» եզրակացնում է, որ հաղորդակցական կապերի, սահմանների բացումից Ադրբեջանը կարող է միայն ռեալ շահել, եթե վերականգնվի Նախիջեւանի հետ երկաթգծի շահագործումը: Այլապես, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանների բացումից շահում է միայն Հայաստանը, որի արտահանումն այդ դեպքում կկրկնապատկվի: «Այդ դեպքում Հայաստանն անկասկած կշահի նաեւ քաղաքական համատեքստում: Բայց գոյություն ունի նաեւ հակամարտության կարգավորման այլ տարբերակ, որի համաձայն՝ իրավիճակի կարգավորման համար նախեւառաջ անհրաժեշտ է հիմնախնդրի ոչ թե տնտեսական, այլ՝ քաղաքական կարգավորում, որի կողմնակից են ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան»,- արձանագրում է ադրբեջանական մամուլը եւ դժգոհում, որ միջազգային հանրությունն ուժեղացնում է Թուրքիայի նկատմամբ սահմանները բացելուն ուղղված ճնշումը՝ այն հիմնավորմամբ, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությանը Թուրքիան անմիջական մասնակցություն չունի, ուստի նրա կողմից Հայաստանի շրջափակումն անարդարացի է: Թերթը՝ վկայակոչելով Արդահանի նահանգապետին, տեղեկացնում է նաեւ, որ վերջինս դեմ է Հայաստանի հետ սահմանների բացմանը եւ հայտարարել է, թե քանի դեռ Ադրբեջանի տարածքները զավթված են Հայաստանի կողմից, Թուրքիան սահմանները չի բացի: Նա միաժամանակ չի հերքել, թե Թուրքիայում կան գործիչներ, ովքեր լոբբինգ են տանում Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների բացման ուղղությամբ, բայց դա դեռեւս թուրք ժողովրդի կամ Թուրքիայի դիրքորոշում համարել չի կարելի: Ինչ վերաբերում է Թուրքիայի արեւելյան շրջանների զարգացումը Հայաստանի հետ սահմանների բացմամբ պայմանավորելուն, նահանգապետը հայտարարել է. «70 միլիոնանոց Թուրքիան 2 միլիոնանոց Հայաստանի կարիքը չունի: Մենք զարգացման այլ միջոցներ ունենք, եւ պետք է ասեմ, որ Թուրքիայի արեւելյան հատվածը զարգանում է արագ տեմպերով»: