«ԳԻՏԵԻՔ, ԹԵ ՄԻԱՅՆ ՄԵ՞Ր ԱԿԱՆՋՆԵՐԻՑ ԵՆ ՔԱՇԵԼՈՒ» Հարցնում է իշխանամետներին Հայկոմկուսի Կենտկոմի քարտուղար, ՀԿԿ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանը։ Նրա հետ զրույցը, սակայն, նախ ընթացավ ոչ ներխորհրդարանական, այլ ներկուսակցական հարցերի վերաբերյալ։ Եվ առիթը ՀԿԿ-ի՝ նախօրեին հրավիրած ասուլիսն էր։ Այս կուսակցությունը, որ այլ պարագաներում բավական դժվարությամբ է միասնական դիրքորոշում արտահայտում քաղաքական (ասենք՝ նախագահի պաշտոնանկման գործընթացի) ու պետական կարեւորության հարցերի վերաբերյալ անգամ՝ լրագրողներին հրավիրել էր հրապարակելու այն երկու էջանոց հայտարարությունը, որի պատճառը Հայաստանի Նորացված կոմկուսի անդամների եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումն էր։ Մեր դիտարկմանը, թե սա մեծ աղմուկ էր ոչնչից՝ Խորեն Սարգսյանն այսպես հակադարձեց. «Հայաստանի Կոմկուսը պետք է իր գործողություններն ավելի կազմակերպված ձեռնարկի եւ մշտապես հանդիպումներ ունենա լրագրողների հետ, իսկ հայտարարություններն էլ պետք է լինեն նպատակային։ Անկեղծ ասած, չեմ մասնակցել այդ ասուլիսին եւ չեմ կարող պնդել, թե թեման միայն նախագահի մոտ ՀՆԿԿ-ի ընդունելությունն էր։ Կարծում եմ, որ այդ հարցը պետք է երկրորդական-երրորդական տեղ գրավեր հայտարարությունների մեջ։ Իսկ գլխավոր հարցն այս է՝ ՀԿԿ-ն գտնում է, որ մեր երկիրը հասել է վերջնագծին եւ հարկավոր է փրկել այն։ Պետք է լինեն մարդիկ, ովքեր կասեն այս իշխանություններին, որ նրանք այլեւս մնալու իրավունք չունեն. դա կործանարար կլինի երկրի համար։ Իսկ Հայաստանի Կոմկուսն իր ամբողջ ղեկավարությամբ դժգոհ է այսօրվա վիճակից եւ միասնաբար պահանջում է հանրապետության նախագահի հրաժարականը»։ Այնուամենայնիվ, ՀԿԿ Կենտկոմի ողջ հայտարարությունն ու նաեւ հրավիրված ասուլիսի մեխը Յուրի Մանուկյանին ու Հրանտ Ոսկանյանին Ռոբերտ Քոչարյանի ընդունելն էր. «Ոչ, Կոմկուսին դա առանձնապես չի մտահոգում, բայց թե ինչու է այդպես ընկալվել՝ չգիտեմ։ Նախագահն ում կընդունի, թե չի ընդունի՝ մեր խնդիրը չէ։ Մենք բաժանվել ենք այդ մարդկանցից, հեռացրել նրանց Կոմկուսից՝ հենց նախագահամետ գործունեության համար։ Ինչ է, չգիտեի՞նք, որ նախագահի գրկում են. հիմա արդեն կարող են արտասահման էլ այցելել, ռեստորաններ էլ, հարսանիքներին էլ ճոխ նվերներ մատուցել… Դա չէ մեր խնդիրը. մեր խնդիրը երկիրն այս վիճակից դուրս բերելն է»։ Մեկ այլ թեմա առաջարկեցինք, որ հաստատ ավելի կարեւոր է, քան նախագահի ընդունելությունները. դա այն վտանգավոր իրողությունն է, երբ բանակը դարձյալ դարձել է գործիք քաղաքական խաղերում։ Սրա ապացույցը վերջին բոլոր օրերին իշխանամետ տարբեր լրատվամիջոցներում բանակի բարձրագույն հրամկազմի հարցազրույցներն են։ (Ակնհայտորեն դրանք հրահանգված են պաշտպանության նախարարի եւ գլխավոր հրամանատարի կողմից, քանզի այլ պարագաներում ոչ մի կերպ հնարավոր չի լինում համոզել այդ գեներալներին, որ խոսեն մամուլի համար)։ Ողջ գեներալիտետն այժմ լծվել է ապացուցելու, թե ճշմարիտ էր Ռոբերտ Քոչարյանը, երբ փնովում էր պաշտպանության նախկին նախարարին։ «Լավ, նախագահն իր ելույթներում, ասենք, մի սայթաքում է թույլ տվել, բա նրա խորհրդատուները չե՞ն մտածում, որ չզարգացնեն այդ վրիպումը։ Քոչարյանի մի արտահայտությամբ ռուսական բանակի կադրային սպան դարձավ ռեստորանային,- ասաց Խորեն Սարգսյանը։- Բայց հանրապետության նախագահը կարծես միտումնավոր, մտածված ձեւով ուզում է շարունակել սեպեր խրել։ Ո՞վ չգիտե՝ գեներալները գլխավոր հրամանատարի ենթական են եւ պարտավոր են կատարել նրա հրահանգները։ Բայց վաղը նրանք մարդկանց երեսի պիտի նայեն, չէ՞։ Ինչո՞ւ են թշնամություն տարածում։ Այնքա՜ն խարդավանքներ սերմանողներ կան, մեկին էլ Ղարաբաղից բերեցինք, որ էլի նույն գործո՞վ զբաղվի»։ Այժմ՝ ներխորհրդարանական որոշ միջադեպերի վերաբերյալ։ ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանն իր աջակցությունը հայտնեց Երեւանի ՆԳ վարչության պետ Աշոտ Գիզիրյանին՝ պատգամավորների «ականջը քաշելու» օրինագծին «կողմ» քվեարկած Գեւորգ Հակոբյանի դեմ գործադրված բռնությունների առնչությամբ. «Եթե պատգամավորն այդքան հեշտ համաձայնում է մի օրենքի հետ, ըստ որի՝ պիտի իր ականջը քաշեն, ուրեմն՝ պիտի քաշեն»։ Իսկ ո՞վ ասաց, թե հենց միայն ականջը պիտի քաշեն՝ չեն կարող նաեւ աթոռով խփել, ու «Միասնության» ղեկավարն էլ չպիտի հայտարարի, թե ոչ մի բան էլ չի պատահել։ «Պատահե՛լ է ու շատ վատ բան է պատահել, նման բան չպետք է կատարվեր,- ասաց Խորեն Սարգսյանը։- Բայց ես 100%-ով պաշտպանում եմ Էմմա Խուդաբաշյանի դիրքորոշումը։ Եթե մենք թույլ ենք տալիս, որ ականջը բռնած տանեն մեզ ԱԺ-ից՝ փողոցից էլ կբռնեն-կտանեն, ի՛նչ է եղել։ Բա «կողմ» քվեարկողները մտածում էին, թե միայն Խորեն Թռչունիչի ականջների՞ց են բռնելու։ Չէ, ես իմ ականջներին տեր եմ կանգնելու։ Իրենք իրենց ականջները հոժարակամ դեմ տվեցին»։ Եվ վերջում մի խնդիր էլ փորձեցինք պարզել։ Քանի որ «Միասնություն» խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնի գրավման առիթով համոզմունք էր հայտնել, թե այդ ապակայունացումը հրահրել էին արտաքին ուժերը, Խորեն Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ Դիք Չեյնի՞ն, Կոնդոլիզա Ռա՞յսը, թե՞ մեկ ուրիշն էր իրեն հրահանգել չիջնել ամբիոնից։ «Եթե Գալուստ Սահակյանը մեզ մի բանի մեջ պիտի մեղադրի, թող նախ շուրջը նայի՝ ՃՀձ-ն լցվել է խորհրդարան։ Իսկ ՃՀձ-ն կոմունիստական կազմակերպություն չի»,- հակահարված տվեց Թռչունիչը։ Մեր հարցին, թե ովքե՞ր են ԿՀՎ գործակալները ՀՀ ԱԺ-ում, նա այսպես պատասխանեց. «Խորհրդարանին օրենքներ թելադրող օտարերկրացիները, որ մեր գործերն են ստուգում ու խրատներ տալիս։ Իսկ ամբիոնը գրավել ենք, քանի որ կանոնակարգը խախտվել է։ Նորի՛ց ենք գրավելու սեպտեմբերին։ Ի վերջո, «27»-ի հարցը պիտի քննարկվի, քանի որ՝ քանի գնում է, այս մարդիկ կասկածը դարձնում են համոզմունք՝ որ իրենք են կանգնած դրանց թիկունքում»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ