Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿՈՒՊՐԻ ՄԵՋ ԱՊՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հուլիս 18,2002 00:00

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿՈՒՊՐԻ ՄԵՋ ԱՊՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԺ փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը համոզված է, որ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար որեւէ պատճառ չկա։ Ըստ որոշ պնդումների, սեպտեմբերին որոշ պատգամավորներ կրկին կփորձեն պաշարել ԱԺ ամբիոնը եւ, ըստ կանոնակարգային նոր փոփոխությունների, նիստը վարողը պետք է ոստիկան կանչի՝ ամբիոնը զավթողներին կարգի հրավիրելու նպատակով։ Եթե նախագահողը լինի Գագիկ Ասլանյանը, կկանչի՞ ոստիկան՝ իր գործընկերների ականջը քաշելու համար։ Պատասխանը սա էր. «Ես գտնում եմ, որ չի կարելի նման ձեւով բոյկոտել հարցերը, այդ առումով անհրաժեշտություն էր նման նորմ մտցնելը։ Մնացածը՝ տեղում»։ Այսինքն՝ տեղո՞ւմ պարզ կլինի՝ «ուչաստկովին» կկանչվի՞, թե՞ ոչ։ ԺԴԿ նախագահ Գագիկ Ասլանյանի համար ակնհայտորեն հեշտ չէ կողմնորոշվել այսօրվա քաղաքական դաշտում։ Հնարավոր չէ մնալ պարկեշտ, երբ քաղաքական խաղերի մեջ ես, հնարավոր չէ, սա արդեն, ըստ Գագիկ Ջհանգիրյանի՝ կույս մնալով հաճույք ստանալ։ Այնպես որ, մարդկայնորեն շատ լավ հասկանում ենք պրն Ասլանյանին, երբ ասաց, թե ինքը երբեք այնպիսի քաղաքական արարք չի կատարի, որի պատճառով իր հարազատներն ու բարեկամները կամաչեն, բայց եւ, իմանալով Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտը, այդ վարքագիծը խիստ անիրագործելի ենք համարում։ Ինչեւէ, Մամուլի ազգային ակումբի հյուրը երեկ խուսափում էր լրագրողների «թույն» հարցերին կոնկրետ պատասխաններ տալուց։ Թե որքանո՞վ էին հարցերն այդպիսին, դատեք ինքներդ։ Օրինակ, «ՀԺ»-ի թղթակցին հետաքրքրում էր, թե ի՞նչ կարծիքի է Գագիկ Ասլանյանը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հասցեին նախագահ Քոչարյանի գնահատականների մասին։ Գագիկ Ասլանյանն այնքան խճճվեց, որ նախ ասաց, թե երբ նախագահը նման գնահատական է տվել, ինքն այստեղ չի եղել։ Կարելի է ենթադրել, որ եթե այստեղ լիներ, նախագահը չէր համարձակվի նման բաներ խոսել։ Իսկ ավելի կոնկրետ պատասխանելով հարցին, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Վաղարշակ Հարությունյանը գեներալ է եղել, երբ նշանակվել է պաշտպանության նախարար։ Ուղղակի, ես գտնում եմ, որ այն մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում կարեւորագույն պաշտոններ են զբաղեցրել եւ ունեն երկրի վերաբերյալ բավականին լուրջ ինֆորմացիա, պաշտոնից հեռանալուց հետո չպետք է հրապարակային ձեւով ասեն այն, ինչ ի պաշտոնե գիտեին։ Եվ շատ բաներ, երբ սկսում են այդպիսի երանգ ստանալ, պայմանավորված է դրանով»։ Ցավոք, ՄԱԱ հանդիպման ժամանակ չհասցրինք հարցնել՝ արդյո՞ք պրն Ասլանյանը նկատի ունի այն, որ Վաղարշակ Հարությունյանն առաջիններից էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարեց, թե խոսվել է Մեղրիի տարբերակի մասին։ Պրն Ասլանյանը, իհարկե, կասեր, թե ինքը դա նկատի չուներ։ Այո, դա նկատի չուներ, բայց մենք կարող ենք, չէ՞, ենթադրություններ անել, թե ինչո՞ւ նախագահ Քոչարյանը հանկարծ որոշեց Վաղարշակ Հարությունյանին «փիս-փիս» բաներ ասել։ Կարծիքներ են հնչում, որ հայաստանյան առաջիկա ընտրություններում մեծ է լինելու արտաքին ուժերի ազդեցությունը։ Արդյո՞ք Գագիկ Ասլանյանը համամիտ է այս տեսակետին։ Ոչ, համաձայն չէ։ Նա կարծում է, որ «մենք պետք է դուրս գանք այդ մտածելակերպից, որ դրսից, հյուսիսից կամ հարավից, արեւելքից կամ արեւմուտքից պիտի որոշեն, թե այստեղ ով պետք է լինի հանրապետության նախագահը։ Անցան այդ ժամանակները։ Այստեղ է որոշվելու, համոզված եղեք, որ այստեղ է որոշվելու»։ 13 ընդդիմադիր կուսակցություններին եւս, լրագրողների խնդրանքով, Գագիկ Ասլանյանը գնահատական տվեց. «ամեն մի քաղաքական ուժ ինքն է որոշում պայքարի իր ձեւը, իր տակտիկան եւ ստրատեգիան։ Իսկ գնահատականը տալիս են ընտրողները։ Թե ինչպիսի՞ն է իրենց որդեգրած քաղաքականությունը, եւ ինչպե՞ս է վերաբերվում դրան բնակչությունը, առաջիկա ընտրությունների ժամանակ կերեւա։ Բայց, անկեղծ ասած, տպավորություն ունեմ, որ 13-ի ֆորմատով լուրջ համագործակցություն չի կայանա, գուցե բաժանումներ լինեն»։ Սա Գագիկ Ասլանյանը համարում է մեր ազգին բնորոշ, քանի որ, ըստ նրա. «մենք շատ անհատականացված ազգ ենք եւ անձնական ամբիցիաները շատ ավելի են գերակշռում այն կարեւորագույն խնդիրներից, որ կան մեր առջեւ»։ Պրն Ասլանյանը հարկ համարեց շեշտել, որ այս միտքը չի ասում հատուկ 13-ի վերաբերյալ, բայց եւ չվարանեց ասել, որ «այսքան շատ կուսակցությունների ձեւավորումը շատ առումով պայմանավորված է նաեւ դրանով»։ Սա ասաց մի մարդ, որի ստեղծած կուսակցությունը, եթե ճիշտ ենք հիշում, 103-րդն էր կամ 104-րդը։ Հետեւություն առաջին. ձուկը հոտած է գլխից։ Փոխանակ հոտած ձուկը շպրտելու, մաքրում են՝ պոչից։ Հետեւություն երկրորդ. երբ ապրում ես կուպրի կարասում, անպայման կեղտոտվում ես։ Հետեւություն երրորդ. նախորդ երկու հետեւություններից հետեւում է, որ երբ զբաղվում ես քաղաքականությամբ, պիտի անպայմա՛ն տեր լինես եւ ինքդ թելադրես, կամ պիտի առանց քննարկելու կատարես տիրոջ ասածները։ Երրորդ տարբերակը մեր երկրում չի գործում։ Հետեւություն չորրորդ. նշված հետեւությունները ուժի մեջ են մինչեւ օգոստոս։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել