Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանքելը ոչ թե իրավունք է, այլ՝ պարտականություն

Հուլիս 17,2002 00:00

Արձագանքելը ոչ թե իրավունք է, այլ՝ պարտականություն Հերթական կոնֆերանսում իրազեկվեց մի ցնցող սոցիոլոգիական հետազոտության արդյունք. պարզվել է, որ հարցման ենթարկվածների 89,001 տոկոսը «Ինչպե՞ս եք վերաբերում կաշառք տալուն» հարցին բացասական կարծիք է հայտնել։ Գրանտ լվանալու շնորհիվ ի վերջո հայտնի դարձավ, որ ՀՀ շարքային քաղաքացին մեծ եռանդով հայրենի չինովնիկին (ու նրա գլխադասին) ծաղկացնելու հայրենասիրական ձգտումներով չէ, որ կաշառք է տալիս։ Օրեր առաջ մամուլում գրվեց, որ ԱԺ պատգամավոր Գագիկ Ոսկանյանը պետեկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանին հրապարակավ իրազեկել է՝ «շաքարավազի ներկրողները խոշոր իրացնողներին շաքարը վաճառում են 250 դրամով, բայց հաշիվ-ֆակտուրան ձեւակերպում 120 դրամով»։ Եթե երկու անգամ պակաս է ցույց տրվում շահույթը, ապա երկու անգամ էլ պակաս է մուտքը պետբյուջե։ Այսինքն՝ կատարվում է հանցագործություն։ Այսինքն՝ պետությունը չի կարող ապահովել սոցիալապես ծանր վիճակում գտնվող թոշակառուներին, ուսուցիչներին, բժիշկներին հասանելիք գումարների վճարումը։ Խախտվում են մարդու իրավունքները, թալանվում է պետությունը… Անցել է մեկ ամիս։ Ոչ մի արձագանք։ Յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է տեղեկանալ կատարվածի մասին։ Պատգամավորի հայտնած տեղեկության պարզման լիազորություններ ունեցող մարմինների շրջանակը հայտնի է՝ պետեկամուտների նախարարություն, դատախազություն։ Նրանց արձագանքը պարտադիր է՝ նույնիսկ տեղեկության սխալ լինելու դեպքում։ Դա օրենքի պահանջն է։ Եվ ամենակարեւորը՝ արձագանքելը ոչ թե իրավունք է, այլ պարտականություն։ Բացի այդ, լռությունը, «լրագիր չկարդալու» խաղը հեղինակազրկում է պետական ապարատը։ Մանավանդ հրապարակման մեջ նշված էր՝ «այդ լուրը փոխնախարարը ընդունեց շատ հանգիստ՝ քեզնից լավ գիտենք»։ Այսինքն՝ «գիտենք ու հովանավորո՞ւմ ենք»։ Բացառված չէ, որ պետական մարմինները տեղյակ չեն տվյալ հանցագործության մասին հաղորդումը ստուգելու մեթոդներին։ Սովորեցնե՞նք ամենանորագույն մեթոդը, որն առանց գրանտի մեզ տրամադրեց ադի-բուդի վաճառող Բուրաստան տատիկը։ Շաքարավազի գինը ցուցադրված է բոլոր խանութների պատերին։ Շաբաթը մեկ գները տպագրվում են մամուլում։ Այդ տվյալների հիման վրա հարկային մարմինները պարզում են, թե տվյալ խանութը ինչ շահույթ է ստացել։ Ինչպես նշեց տիկին Բուրաստանը, միկրոկալկուլյատորի օգնությամբ պարզվում է շաքարի ձեռքբերման եւ վաճառքի գների տարբերությունը, որն էլ հարկային մարմիններին կհուշի շահույթի չափը։ Եվս մի խիստ գաղտնի փաստաթուղթ՝ շահույթը մուծելու անդորրագիրը ու քրեական գործ հարուցելու հարցն այլեւս դժվարություն չի ներկայացնի։ Այս թանկարժեք եւ խիստ գաղտնի խորհրդատվությունից հետո մենք իրավասո՞ւ ենք խնդրել, աղաչել, պահանջել՝ տալ լիարժեք տեղեկություն։ Մանավանդ որ հարցը հնչեցվել է ոչ թե շարքային մահկանացուի կողմից, այլ պատգամավորի՝ օրենսդիր իշխանության ներկայացուցչի, պատգամավորական մեծամասնության խմբակցության ղեկավարներից մեկի մակարդակով։ Ուղերձն ընդունել է գործադիր իշխանության պրոֆեսիոնալ «ականջը»։ Պ. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031