ԼՅՈՒԻՍԸ ՓՈՂ Է ՈՒԶՈՒՄ Իսկ Ռոմանցեւը չի ապաշխարում Աշխարհի չեմպիոն Լենոքս Լյուիսը, որը հունիսի 8-ին նոկաուտով հաղթանակ տարավ Մայք Թայսոնի նկատմամբ, այժմ հրաժարվում է մրցամարտի մեջ մտնել երիտասարդ ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ: Փոխարենը նա համաձայնեց եւս մեկ անգամ հանդիպել Թայսոնի հետ՝ այն դեպքում, եթե վճարեն 30 միլիոն դոլար՝ անկախ այդ մրցամարտի արդյունքներից: Մեկնաբանները նշում են, որ թե՛ Լյուիսի եւ թե՛ Թայսոնի սպորտային կարիերան մոտենում է ավարտին, եւ նրանք հիմա ավելի շատ աշխատելու են իրենց նյութական ոչ փոքր ունեցվածքը բազմապատկելու համար, քան հանուն զուտ սպորտային նվաճումների: Իսկ ահա ամերիկյան հանրահայտ բասկետբոլիստ Ալեն Այվերսոնը հարցականի տակ դրեց իր մարզական կարիերան, բայց զուտ անձնական պատճառներով: Երեկ նա օրվա մեծ մասն անց է կացրել Ֆիլադելֆիայի ոստիկանական տեղամասերից մեկում: NBA-ի «աստղը», ատրճանակով զինված, մտել էր բարեկամների տուն, որտեղ փնտրում էր կնոջը: Այվերսոնին մեղադրում են անօրինական զենք պահելու մեջ: Վատ չեն, հավանաբար, Սենեգալի ֆուտբոլային հավաքականի խաղացող Էլ-Հաջ Դաուֆի նյութական գործերը: Անգլիական «Լիվերպուլ» թիմը գնել է նրան 10 միլիոն դոլարով ֆրանսիական «Լանսից»: Դաուֆի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր: Իսկ մեզ քաջ հայտնի գերմանական «Սիմենս» ֆիրման որոշել է 3 տարով «սպոնսոր կանգնել» Մադրիդի «Ռեալին», բայց, բնականաբար, չի ասում, թե իր հովանավորությունը գումարային ինչ տեսք կունենա: Ռուսաստանի ֆուտբոլային հավաքականի «նախկին հանցավոր» մարզիչ Օլեգ Ռոմանցեւը «Սովետսկի սպորտ» թերթին տված երեկվա հարցազրույցում ասել է, որ անցած աշխարհի առաջնությունում նա ամեն ինչ ճիշտ է արել: Հայտնի է դարձել քիքբոքսինգի ԱՊՀ չեմպիոնը պրոֆեսիոնալների մեջ: 76 կիլոգրամ քաշայինների մրցամարտում լավագույնը ճանաչվեց Միխայիլ Տուպիցինը, որի ազգանունը միանգամայն համապատասխանում է այդ սպորտաձեւի ինտելեկտուալ մակարդակին: Իսկ 91 կգ քաշայինների մեջ ռուսաստանցի մեր հայրենակից Կալաչյանը պարտություն կրեց բելոռուս Օռլովից: Ռուսաստանյան մամուլի նյութերով