Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պտուղը ծառից հեռու չի ընկնի

Հուլիս 17,2002 00:00

Պտուղը ծառից հեռու չի ընկնի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ դաշնակահարուհի, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ասպիրանտ Աննա Քոչարի մենահամերգը։ Ունկնդրելով Մոցարտի, Լիստի, Շոպենի, Սկրյաբինի դաշնամուրի համար գրված ստեղծագործությունները, հասկանում ես, որ դաշնակահարուհին հենց այնպես ոչինչ չի հրամցնում՝ իր կատարողական բոլոր կարողությունները ծառայեցնում է տվյալ երկի բովանդակությանը։ Բնությունը շռայլ է գտնվել դաշնակահարուհու հանդեպ, պարգեւելով նրան ոչ թե մեկ շնորհ, այլ շնորհներ։ Դատելով հանդիսականների թռուցիկ խոսքերից («Աննան Երվանդ Քոչարի թոռնուհին է», «Այդ ընտանիքում ծնված-մեծացած արվեստագետը պետք է ունենար այս մակարդակը» կամ «Իսկ դուք դիտե՞լ եք նրա նկարները») պարզ դարձավ հետեւյալը. հանդիսականը դեռ հիշում է 2000թ. դաշնակահարուհու ունեցած եզակի մենահամերգ-ցուցահանդեսը՝ Կամերային երաժշտության տանը։ Համերգի ավարտից հետո հանդիպեցինք դաշնակահարուհուն։ «Յուրաքանչյուր երաժիշտ մեկ դպրոց պետք է անցնի։ Ասպիրանտուրայի իմ պրոֆեսորը՝ Ալեքսանդր Գուրգենովը, ուսանել է իմ նախկին պրոֆեսոր, հանգուցյալ Աննա Ամբակումյանի մոտ։ Իմ վերջին տարիների հաղթանակները ես վերագրում եմ նրանց։ Ուստի պրոֆեսորը պետք է «հարուստ» մարդ լինի»,- ասում է դաշնակահարուհին։ Աննա Քոչարի բախտը բերել է ոչ միայն «հարուստ» պրոֆեսորների հարցում, այլեւ, որ ծնվել է Քոչարների ընտանիքում։ Արտաքուստ համեստ արվեստագետը «անհամեստ» է իր բեմական կյանքում։ Այսպես. տարիներ առաջ նա համաձայնել է բեմ դուրս գալ Բարտոկի Սոնատով (գրված 2 դաշնամուրի եւ հարվածային գործիքների համար)։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ դաշնակահարուհին մինչ այսօր չի մասնակցել ոչ մի մրցույթի, ստացանք հետեւյալ պատասխանը. «Լսել եմ, թե ինչեր են կատարվում միջազգային մրցույթներում։ Մեկ բառով՝ առեւտուր»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. «Առավոտի» առաջիկա համարներից մեկում կներկայացնենք պրոֆեսոր Ա. Գուրգենովի ուսանող Մարգար Սեդրակյանի հետ հարցազրույցը, որը պատմում է այս տարի գարնանը ԱՄՆ-ում կայացած Ռախմանինովի անվան դաշնակահարների առաջին միջազգային մրցույթում «կատարված» առեւտրի մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել